Կենտրոնում կնոջ են կողոպտել․ հանցագործությունը բացահայտվել է․ Տեսանյութ

Ապրիլի 23-ին, օրը ցերեկով, Գևորգ Քոչարի փողոցի հարակից զբոսայգում մի կնոջ պարանոցից հափշտակել էին ոսկյա շղթան՝ ոսկյա զարդով, խաչով ու բիժուտերիայով, և դիմել փախուստի։ Դեպքից հինգ ժամ անց տուժողը ոստիկանության Կենտրոնական բաժին կատարվածի վերաբերյալ հաղորդում էր տվել։

Իրավապահները զբոսայգում օպերատիվ հարցումներ իրականացրին։ Ոչ ոք ոչինչ չէր տեսել, իսկ ովքեր տեսել էին, վաղուց արդեն այգում չէին։
Տուժողի հետ զրույցից քրեական հետախույզները մոտավոր պատկերացնում էին կասկածյալի արտաքինը։

Ոստիկանության Կենտրոնական և Վաղարշապատի բաժինների ծառայողների համագործակցության արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 30-ամյա մի բնակիչ։

Ապրիլի 28-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։