Նման ճակատագրական և բախտորոշ որոշումները չեն կարող ընդունվել ժամանակավոր կառավարության պայմաններում․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը

1․ Հայաստանի և Ադրբեջանի, ու ընդհանրապես՝ նման բարդ, արյունոտ, արյունահոսող հակամարտություն ունեցող երկրների միջև սահմանազատում կարող է կատարվել միայն միջազգային մանդատի ներքո ու ստանդարտներով, հակամարտության կարգավորվածության, միջէթնիկ թշնամության պատճառների դե յուրե և դե ֆակտո վերացման դեպքում։

Իսկ դա հնարավոր է կրկին միջազգային մանդատի ներքո Արցախյան հակամարտության վերջնական, սպառիչ, համապարփակ կարգավորման պայմաններում։

2․ Մինչ այժմ Հայաստան-Ադրբեջան սահմանի ադրբեջանական ներխուժման կապակցությամբ ստացված միջազգային արձագանքները (առաջին հերթին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ և ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ ԱՄՆ, Ֆրանսիա) ընկալում եմ որպես “Արցախյան հակամարտության կարգավորում+միջազգային սահմանազատում” փաթեթի համալիր քննարկման առաջարկ և հնարավորություն միջազգային մանդատի, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։

3․ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է անհապաղ ընդունի և հրապարակի իր այդ որոշումը, իսկ Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի բացառապես այդ պայմաններով խնդիրների փաթեթային լուծման տարբերակը։ Սահմանազատման խնդրի դե յուրե կամ դե ֆակտո տարանջատումը հակամարտության կարգավորումից իմ համոզմամբ մեծ վտանգներ է պարունակելու, հատկապես երբ արդեն երկար ժամանակ է հնարավոր չի լինում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաակտիվացումը։

Այդպիսի՝ հակամարտության չկարգավորման պայմաններում սահմանազատումը դառնալու է Հայաստանի ինքնիշխանության վրա ազդելու և կամայականորեն սահմանագծելու, նոր սահմանազանցումների սարսափելի լծակ։

4․ Նման ճակատագրական և բախտորոշ որոշումներն առավել ևս չեն կարող ընդունվել ժամանակավոր կառավարության պայմաններում, այն էլ՝ առանց հանրային կարծիքի ու շահերի վերհանման։

5․ Ավելի առարկայական գնահատականների, այդ թվում՝ իմ եզրահանգումների ու անձնական որոշման, մասին հնարավոր կլինի խոսել Կառավարության խոստացած փաստաթղթի հրապարակումից, դրան ծանոթանալուց և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական դիրքորոշումից հետո։

Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ