«Դուք շահագործել եք իմ վստահությունը և հասցրել ինձ անասելի թշվառության». Արշակ Զաքարյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Պարո՛ն Սարգսյան, իմ անունը Սերժ չի, և ոչ էլ Շարլ կամ Րաֆֆի, որպեսզի Դուք իմ նամակին արագ արձագանքեք կամ ընդհանրապես արձագանքեք, բայց ես ունեմ մի մեծ առավելություն՝ ակնկալելու, որ իմ նամակը չի մնա անարձագանք. ի տարբերություն վերոնշյալ պատվավոր հայերի` ես Ձեզ ընտրել եմ որպես իմ երկրի նախագահ` իմ քվեն վստահելով Ձեզ 2008 թվականին: Հավատացել եմ Ձեր նախընտրական ծրագրին և խոստացած բարեփոխումներին:

Իմ ընտանիքը, ենթարկվելով ռեպրեսիայի, 1994 թ. ստիպված լքել է Հայրենիքը, և միայն 1996 թ. հնարավորություն է ունեցել վերադառնալու հետ: Ես տուն եմ սարքել հայրենի հողում, հարյուրավոր ծառեր տնկել, տղա ունեցել, որ ծառայի Հայոց բանակում և իր Հայրենիքին:

2009-ին Ձեր ելույթներից մեկում Դուք կոչ արեցիք անվերջ բողոքելու փոխարեն օգնել Ձեզ` իրականացնելու մեր երազանքը` ազատ, արդար ու բարեկեցիկ կյանք ունենալու, մեր աննման Հայրենիքը շենացնելու գործում մեր լուման ներդնելով:

2009-ին նույն խնդրանքով ինձ դիմեց նաև պաշտպանության նախարարը` հանդիպելով մեզ Դիլիջանում` ֆիլմհրապարակում: Ես, կրկին հավատալով ձեզ, թողեցի իմ եկամտաբեր աշխատանքը` մտածելով, որ նրանով ես չեմ օգնում իմ Հայրենիքին, և որոշեցի զբաղվել ավելի հայրենանվեր գործով:

Համոզված էի, որ ամեն ոք եթե իր մասնագիտական կարողություններով օգնի Հայրենիքի զարգացմանը, ապա վաղվա օրը հաստատ ավելի լավը կլինի բոլորիս համար:

Առանց որևէ մեկի օգնությանը դիմելու, առանց որևէ հովանավորության կամ փոխհատուցման ակնկալիքների ես իմ ունեցվածքի հաշվին սկսեցի մեր սիրելի Երևանի բարեկեցությանն ու մաքրությանն ուղղված, ռազմա-հայրենասիրական ոգին բարձրացնող սոցիալական հոլովակներ, և վերջապես, մեր առաքինի կանանց, մեր անմահ հերոսներին, մեր հերոսածին մայրերին ու անպարտ բանակին նվիրված ֆիլմ նկարել:

Ես սկսեցի անվճար դասախոսություններ կարդալ մեր բուհերն ավարտած երիտասարդների համար, (Տղա երեխաների ճիշտ դաստիարակությունը հայ մայրերի կողմից թեմայով). Նպատակս Հայոց բանակի համար պատրաստ տղամարդ-զավակների դաստիարակությունն էր:

Պարո՛ն Սարգսյան, ես չեմ ուզում շարունակել թվարկել իմ արածները, միայն կասեմ, որ ես այս հինգ տարում արեցի այն ամենը, ինչ Դուք պահանջում էիք Ձեր ընտրողներից, իսկ Դուք չարեցիք ոչինչ ձեր խոստացածներից:

Արդյունքում ես` Ձեր ընտրողը, հայտնվեցի խաբվածի կարգավիճակում և հասկացա, որ Դուք շահագործել եք իմ վստահությունը և հասցրել ինձ անասելի թշվառության ու հուսախաբության:

Խնդրում եմ բացատրել` որտեղ եմ ես սխալվել. որ հավատացե՞լ եմ Ձեզ, որ ընտրե՞լ եմ Ձեզ, որ արել եմ ամենը, ինչ պահանջվում է օրինապահ քաղաքացու՞ց, որ սիրելով իմ հայրենիքը` թողել եմ արտասահմանի բարեկեցիկ կյանքն ու վերադարձե՞լ, որ անշահախնդիր կերպով նվիրվել եմ հայրենիքիս շենացման գործի՞ն…

Պարո՛ն Սարգսյան, ես կարծում եմ, որ սխալվել եմ` հենց վստահելով և ընտրելով Ձեզ` որպես հանրապետության նախագահ…

Այս անգամ ես Ձեզ չեմ ընտրել, և ավելին, ես դուրս եմ գալիս փողոց՝ պայքարելու իմ և իմ նմանների համար` ընդդեմ ձեր համակարգի, որն օրինապահ մարդկանց, իրական հայրենասերներին և հասարակ քաղաքացիներին չի ծառայում, այլ հանցագործ ու թալանչի տարրերին: Այլապես մենք չէինք լինի թշվառության մեջ ու անպաշտման, իսկ նրանք` բարգավաճած ու ապահով:

Պարո՛ն Սարգսյան, ապրիլի 9-ից ինձ համար Դուք այլևս իմ երկրի նախագահը չեք… Ապրիլի 8-ին, Ձեր նախագահության վերջին օրն է, և ես, իմ որդու ձեռքը բռնած, գալու եմ նախագահական նստավայր` հայտնելու Ձեզ իմ հրաժարականը` հաջորդ օրվանից Ձեզ նախագահ ճանաչելու:

Արշակ Զաքարյան, Կինոռեժիսոր

© Medialab.am