Բախում. «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կդիմեն դատարան եւ կգնան մինչեւ վերջ

Բախում. «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կդիմեն դատարան եւ կգնան մինչեւ վերջ
Բախում. «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կդիմեն դատարան եւ կգնան մինչեւ վերջ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները երեկ Կառավարության մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ պատրաստվում են դիմել դատարան` խախտված իրավունքները վերականգնելու համար: Այդ մասին պատգամավորներն հայտարարել են այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` նշելով, որ գնալու են մինչեւ վերջ:
«Մենք նաեւ ծառայողական քննություն ենք պահանջելու եւ ակնկալում ենք, որ դրա արդյունքում ոստիկանության համակարգից օրենքը խախտած ոստիկաններ կհեռացվեն»,- ասել է «Ժառանգության»  պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրով զբաղվող մի քանի տասնյակ կանանց ցույցի ժամանակ, որոնց էին միացել նաեւ «Ժառանգության» պատգամավորները, բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Ըստ ականատեսների, ոստիկնները հրել եւ հարվածել են ցուցարներին, այդ թվում նաեւ պատգամավորներին, ինչի հետեւանքով պատգամավոր Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարիին երեք ոստիկաններ բռնությամբ մտցրել են ոստիկանական մեքենան եւ տարել բաժին:

Ոստիկանությունը տեղի ունեցածում մեղադրել է պատգամավորներին:

Տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգություն են հայտնել ընդդիմադիր ՀԱԿ-ը, ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանի հետ:

«ՀՀ ոստիկանապետը ԱԺ նախագահին  տեղեկացրել է, որ  միջադեպի մանրամասները ճշտվում են եւ օրվա ընթացքում կներկայացվեն խորհրդարանի ղեկավարին»,-տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը:

© Medialab.am