«Շատ մարդիկ դեմ չեն լինի, որ Րաֆֆին նահատակվի այնտեղ». Էդգար Բաղդասարյանը` վերջին զարգացումների մասին

 
Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Մեդիալաբը» զրուցեց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ:

– Պարո՛ն Բաղդասարյան, ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր երկխոսությանը, արդոք դա ճիշտ տարբերա՞կ է ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

– Իրավիճակը նաև մի փոքր փակուղային է: Երկխոսությունը պետք է կայանա, ես միշտ երկխոսության կողմնակից եմ: Երկխոսությունը կուլտուրա է, եթե մարդիկ կարողանում են երկխոսել, ուրեմն նրանք կուլտուրական մարդիկ են, հակառակ դեպքում նրանք կոչվում են մարգինալներ: Ես չեմ հավատում, որ այն 8 պայմանները, որոնք Րաֆֆին դրել է, Սերժ Սարգսյանը կկատարի, որովհետև 8-ից 5-ը կատարելու դեպքում դա նշանակում է իշխանությունը կորցնել: Ես չեմ հավատում, որ որևէ մարդ, ով իշխանություն ունի, չի կառչում դրանից: Իրականում իրավիճակն այնպիսին է, որ շատ մարդիկ դեմ չեն լինի, Աստված ոչ անի, իհարկե, որ Րաֆֆին նահատակվի այնտեղ և, օգտագործելով նրան որպես հանուն գաղափարի զոհաբերվող մարդ, գնան ու քանդեն այս համակարգը: Բայց ես կասկածում եմ, որ Րաֆֆին պատրաստ է դրան: Ստեղծվել է սյուրռեալիստական իրավիճակ՝ «нам нужен труп»: Խոսքը ենթագիտակցության մասին է, ես չեմ ասում, թե որևէ մեկը բացահայտ արտահայտվել է այդ մասին: Բայց հաստատ ոմանք մտածում են՝ այո՛, կօգնի այդ զոհաբերությունը, այդ նահատակությունը՝ քանդելու այս համակարգը: Կլինի որևէ մեկը, ով կդառնա Չե Գևարայի նման սիմվոր, և իրենք կքանդեն համակարգը: Րաֆֆին ուրիշ կերպ է տեսնում իր կյանքը, նա ուզում է տեսնել Հայաստան, որը փոփոխված կլինի: Մյուս կողմից՝ մարդիկ, ովքեր ենթագիտակցորեն նման ցանկություն ունեն, պատրաստ չեն որևէ բանակցությունների, դա նրանց համար դավաճանությանը հավասարազոր մի բան է: Բայց այդ բանակցություններն անխուսափելի են, պետք է բանակցես, Հիտլերն ու Ստալինն էին բանակցում, ոչ ուղիղ, բայց միջնորդավորված:

– Պարո՛ն Բաղդասարյան, Դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանը չի կարող Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր պահանջները կատարել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ դրանք նվազագույն պահանջներն են, իրենք չեն պատրաստվում հրաժարվել այդ պահանջներից: Այսինքն, հնարավոր է՝ բանակցությունները փակուղի՞ մտնեն:

– Դա Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ուղղված է այն մարդկանց, ովքեր շատ վատ տարան հենց բանակցությունների փաստը: Ես կարծում եմ, որ դա կոմպլեմենտար արտահայտություն է Րաֆֆիի կողմից, ինչպես ռուսներն են ասում՝ «и волки сыты, и овцы целы»: Իրականում, երբ «բարևի» շարժումն սկսվեց, ես այդ ժամանակ ասացի, որ միայն «բարևով» չի: Եթե կա «բարև», պետք է «ցտեսություն» էլ լինի: Ես «ցտեսությունը» չեմ լսում, ինձ համար «ցտեսությունն» ավելի կարևոր է, եթե «ցտեսություն» ենք անում այս իշխանություններին, օ’քեյ, դա ինձ համար հասկանալի է: Բայց անընդհատ «բարև», գովել, կոմպլեմենտար բաներ անել, դա շատ ամերիկյան է, շատ արևմտյան ձև է: Ինքը պետք է շատ ավելի ճկուն լինի այն հարցերում, որտեղ էմոցիա պետք չի ցուցաբերել, և չփորձի հաճոյանալ բոլորին, ովքեր գտնվում են այդ հրապարակում: Դա անհնարին է, դա նույնն է, որ ֆիլմ անես, որը բոլորին դուր գա, նման ֆիլմ պատմության մեջ չկա: Բոլորը սիրում են միայն 100-ով դոլարը, ուրիշ ոչ մի բան: Հիմա Րաֆֆին չի կարողանա 100-անոց դոլար դառնա, որ բոլոր էդտեղ գտնվողները սիրեն: Ոմանք դեմ են բանակցություններին, ասում են՝ ո՛չ, մինչև վերջ գնանք: Համաձայն եմ, դա էլ եմ ընդունում, ասեք՝ ո՞ւր, ո՞նց:

– Մի քանի անգամ տարբեր գործիչներ հայտարարել են, որ եթե բանակցությունները չհաջողվեն, ապրիլի 9-ը համազգային անհնազանդության օր կլինի:

– Շատ լավ բան է, բայց ո՞նց: Անհնար է ֆիլմ նկարելը, երբ սցենար չկա: Ես կարծում եմ, որ հացադուլը շատ ավելորդ էր: Ավելի ճիշտ կլիներ՝ շարունակեր գործընթացը, մարզեր գնար, հանդիպումներ ունենար և այլն: Հացադուլը մի քայլ է, որը բացառում է որևէ ուրիշ քայլ՝ ես կանգնում եմ մահվան խորանի առջև: Հիմա շատ մարդիկ ակնկալում են զոհ, որ դրանից այս իշխանությունների դեմ պայքարի դրոշ սարքեն: Բայց թող ոչ ոք չնեղանա, այս պարագայում զոհը պատրաստ չէ և չի ուզում զոհ դառնալ: «Զոհը» ցանկանում է ծաղկող երկիր տեսնել, բայց դիակի կարգավիճակով նա դա անել չի կարող, նա դա կարող է անել կենդանի քաղաքական առաջնորդ լինելու դեպքում: Իսկ հացադուլը մահ է, ճանապարհը միայն բանակցություններն են, ամբողջ աշխարհում է դա այդպես: Կա՛մ բանակցություններ, կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանի դին՝ ուրիշ տարբերակ չկա: Ես չեմ ուզում, որ էդ մարդու հետ մի բան կատարվի: Բանակցություններում մշակված քաղաքականություն պետք է լինի, ուժային գործոնը լուրջ գործոն է, հաստատ կլսեն ձեզ, եթե ձեզնից որևէ բան եք ներկայացնում: Եթե ոչինչ չեք ներկայացնում, սուսուփուս կնստեմ, կժպտամ, թեյը կխմեմ, կասեմ՝ ես քեզ շատ եմ սիրում, բայց դավա՛յ, գնացի՛ր այստեղից:

– Երկխոսելու դեպքում ինչքա՞ն կարող են իշխանությունները զիջել:

– Իշխանությունն ինքը բաղկացած է տարբեր խավերից: Այնտեղ կա երիտասարդ օղակ, կան օլիգարխներ, որոնք իրենց գրպանի մասին են մտածում և ամեն ինչի պատրաստ են: Այստեղ Կարլ Մարքսի արտահայտություններից մեկն եմ ուզում մեջբերել. «300 տոկոս եկամուտ ունենալու հնարավորության դեպքում կապիտալիստը կգնա ցանկացած հանցագործության»: Այստեղ խոսքը 300-ի մասին չէ, խոսքը 3000 տոկոս եկամտի մասին է: Սերժ Սարգսյանի 4 ոտք ունեցող աթոռից 2-ը խոշոր կապիտալն է, անհնարին է նստել այդ աթոռի վրա, եթե այդ ոտքերը կտրես:

– Եթե անդրադառնանք Սերժ Սարգսյանի ասուլիսին, ապա ինչպե՞ս կգնահատեք նրա հայտարարությունները: Օրինակ՝ նա ժխտում է, որ խորհրդարանում ՀՀԿ-ական օլիգարխ կա:

– Դա ինձ համար ոչ թե ասուլիս էր, այլ Սերժ Սարգսյանի ելույթը, որն ուղղված էր հիմնականում Րաֆֆիի կողմնակիցներին: Ելույթի մեջ կան շատ լավ արտահայտություններ: Ինձ՝ որպես ռեժիսորի, շատ դուր եկավ այն հատվածը, որ «ի՞նչ գնամ խոսեմ կյանքից դառնացած ու 8 օր սոված մարդու հետ»: Դա կլասիկա է: Ինչ վերաբերում է օլիգարխներին, դա ծիծաղելի է, ուրիշ բան չի կարող ասել մարդը: Դա նրա շրջապատն է, նրա ընկերները, հիմքն է, որի վրա ինքը նստած է, ուրիշ ի՞նչ եք ուզում լսել: Նա շատ լավ գիտի բոլորի թերությունները, գիտի, թե ով ինչքան է գողանում, ինչքան հարկ չի վճարում, և եթե սպանել են, ով ում է սպանել: Ինձ հասել է Սերժ Սարգսյանի մի արտահայտությունը՝ որ այս երկրում ում կպնում ես, մեկի քավորն է կամ սանիկը: Սուսուփուս կպնում ես քավորներիդ, սանիկներիդ, եղբայրներիդ: Ահա թե ինչպես պետք է անել՝ սկսել սեփական ընտանիքից, հակառակ դեպքում ես չեմ հավատում ոչ մի խոսքի, վերջացավ, թեման փակվեց: Եթե դերասանություն ու կապիկություն է անում Սամվել Ալեքսանյանը, թե՝ կինս է գործարար, կնոջիցս եմ փող վերցնում, ու նախագահը դա կրկնում է, դուք լուրջ հավատո՞ւմ եք, որ ես հիմար եմ: Մեկ վայրկյան իսկ թող չկասկածեն, որ երկրում շատ խելացի մարդ կա, և պետք չէ մեզ հետ այդ լեզվով խոսել:

Մարի Ներսեսյան

© Medialab.am