«Այժմ հեծանիվ չունենք». կորոնավիրուսի համավարակի արդյունքում հեծանիվների պահանջարկը մեծացել է, վաճառքը շեշտակի աճել

Լուսանկարը՝ էմմա Գրիգորյան

Համավարակի օրերին Երևանի փողոցներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հեծանիվ վարող քաղաքացիների: Հայաստան հեծանիվ ներկրողների հավաստմամբ՝ Հայաստանում հեծանիվների պահանջարկը կորոնավիրուսի օրերին ակնհայտորեն ավելացել է: Միջազգային մեդիայի հրապարակումների համաձայն՝ ամբողջ աշխարհում 500%-ով մեծացել է հեծանիվների վաճառքը: 

«Սա ունի երկու հիմնական պատճառ. մեկն այն է, որ այն մարդիկ, որոնք ուզում են առողջ սպորտով զբաղվել, վարակի հետ կապված մարզասրահներ չեն այցելում, երկրորդ խումբն այն մարդիկ են, որոնք չեն ուզում հասարակական տրանսպորտից օգտվել ու ավելի հարմար են համարում հեծանիվով տեղաշարժվել, քան այլ տարբերակով»,- նշում է «Իդեալ բայք»-ի Հայաստանի ներկայացուցիչ Նանե Շահնազարյանը։

Your Bike-ի հիմնադիր Արթուր Հովակիմյանը ևս հավաստում է, որ կորոնավիրուսի օրերին հեծանիվ նախընտրողների թիվը աճել է. «Ամբողջ աշխարհում է այդպես, մարդիկ զբաղմունք ենք փնտրում: 30-40%-ով աճ ենք նկատում: Հեծանիվը առողջարար է, նաև այն հանգամանքը կա, որ պարետի որոշմամբ կարելի է հեծանիվ վարելիս դիմակ չկրել: Դա էլ է նպաստում, որ մարդիկ հեծանիվ վարեն, հեծանիվը նաև որպես փոխադրամիջոց են օգտագործում»,- ասում է Հովակիմյանը:

Հայաստան հեծանիվ ներկրողների տեղեկացմամբ՝ քանի որ ամբողջ աշխարհում հեծանիվների վաճառքը կտրուկ ավելացել է, սպառվել են 2020 թվականի համար նախատեսված և՛ հեծանիվները, և՛ հեծանիվների մասերը:

Ուստի որոշ ընկերություններ չեն կարողանում հեծանիվների վաճառք իրականացնել, քանի որ եղածը սպառվել է, իսկ նորերը չեն արտադրվում, որ ներմուծեն:

«Այժմ հեծանիվ չունենք: Ներկրում ենք Ամերիկայից, Չինաստանի գործարաններում են արտադրվում, այժմ Չինաստանի գործարանները փակ են, չեն արտադրում, այսօր պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է MyBike.am-ի տնօրեն Հրաչյա Ավետիսյանը:

«Իդեալ բայք Հայաստան» ընկերությունն էլ կարողացել է վերջին պատվերով մոտ 20 հեծանիվ ներկրել. «Մեր բրենդները Եվրոպայում են արտադրվում: Մեր վերջին պատվերով նախատեսում էինք 50-60 հեծանիվ բերել, բայց կարողացանք բերել ընդամենը 20-ը, քանի որ այդքանն էր, էլ չկար»: 

Աշխարհի համար 2020-ի համար նախատեսված հեծանիվները, մասերը ավարտվել, սպառվել են, ու Հայաստան ներմուծողներն էլ որոշակի խնդիրներ ունեն, որովհետև մայր գործարաններում հեծանիվները վերջացել են: Աշխարհի հեծանիվների հիմնական դետալների 90%-ն արտադրում է երկու ֆիրմա՝ «Շիմանո»-ն և «Սռամ»-ը, և նրանց 2020 թվականի պլանը կատարված է, բայց սեպտեմբերից էլի կսկսեն ինտենսիվորեն արտադրել, բայց ինչ կար, բոլորը վաճառել են, պահեստները մաքրել են, սա հեծանվային շատ լուրջ բում էր»,- ասում է «Իդեալ բայք Հայաստան» ընկերության ներկայացուցիչ Նանե Շահնազարյանը:

«Իդեալ բայք Հայաստան» ընկերության ներկայացուցիչ Նանե Շահնազարյանը

ԱՄՆ-ի ամենաբնակեցված քաղաքում՝ Նյու Յորքում, հիմնադրված Priority Bicycle ամերիկյան հեծանիվների արտադրության ղեկավար Դեյվ Ուայնը cbsnews.com-ին տված հարցազրույցում ևս ընդգծել է, որ հեծանիվների վաճառքի բում է եղել:

«Մենք վաճառել ենք այն ամենը, ինչ ունեինք, ինչը հրաշալի է թվում, բայց դա այնքան էլ լավ չէ, որքան հնչում է, քանի որ այս դեպքում իրականում դու վաճառելու բան չունես»,- նշել է նա:

Մանհեթենում հեծանիվների խանութ ունեցող Լարի Դաֆուսը ևս զարմացած է հեծանիվների աննախադեպ վաճառքով: «Նյու Յորք թայմսին» տված հարցազրույցում Լարի Դաֆուսն ասել է, որ վերջին անգամ, երբ այսքան արագությամբ հեծանիվներ է վաճառել, եղել է 1980-ի տրանսպորտային գործադուլի ժամանակ:

Լարի Դաֆուսի հեծանիվների խանութի առջև հերթը

«Իդեալ բայք Հայաստանի» ներկայացուցիչն ընդգծում է, որ հեծանիվների բիզնեսը հետաքրքիր օրինաչափություն ունի՝ աճում է, երբ որ տնտեսական ցուցանիշները լավ են, մարդիկ ավելի շատ գումար ունեն, գնում են շատ ապրանքներ ու հեծանիվ՝ նույնպես, և այն դեպքերում, երբ տնտեսական ցուցանիշները շատ վատ են, կամ ճգնաժամային է, այդ ժամանակ ևս որոշակի աճ է լինում:

«2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ էլի հեծանիվների վաճառքը աշխարհում ավելացավ: Մարդիկ մեքենան փոխարինում են հեծանիվով, հեծանիվը շահագործման առումով անվճար է»,- ասում է Շահնազարյանը:

Ըստ «Իդեալ բայք Հայաստանի» ներկայացուցչի՝ Հայաստանում հեծանիվ գնողների ամենամեծ խումբը կազմում են ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, վերջին տարիներին բարձրացել է նաև կին հեծանիվ վարողների թիվը:

«Հեծանիվ գնողների ամենամեծ խումբը ՏՏ ոլորտից են: Կին գնորդների թիվն էլ է ավելի բարձրացել, կանանց մոդելներ հիմա բավական շատ կան, իհարկե տղաները դեռ ավելի շատ են վարում, բայց բավական շատացել են աղջիկները»,- նշում է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am