Երևանում հետիոտների վրաերթերի հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազել է․ Քաղաքապետարան

Երևանում հետիոտների վրաերթերի հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազել է շուրջ 1/3-ով: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը Երեւանում գրանցվել է հետիոտնի վրաերթի 678 դեպք, որի պատճառով զոհվել է 56 մարդ, 693-ը՝ վիրավորվել:2020թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 428 վրաերթի դեպք՝ 32 զոհ, 426 վիրավոր: Դեպքերը նվազել են 250-ով, զոհերի թիվը՝ 24-ով, վիրավորներինը՝ 267-ով:

Անցած տարվա ընթացքում քաղաքապետարանի ծրագրով 100 հետիոտնային անցում կահավորվել է գիշերային լուսավորությամբ, ինչը նվազեցնում է ողբերգական վթարների ռիսկը:

Բացի դրանից, 18 անցում («զեբր») անցել են «հետիոտնի կանչ»-ի ռեժիմի: Այդուհանդերձ, պետք է փաստել նաեւ, որ վիճակագրության դրական փոփոխության հարցում զգալի ազդեցություն է թողել, մասնավորապես, կորոնավիրուսի համավարկը՝ իր ածանցյալ ազդեցությամբ (մարդկային հոսքերի պասիվացում, և այլն)»: