Սահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ․ Արման Թաթոյան

Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  

Նա նաև նշել է․ «Նույն նշանակությունն ունեն ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում` ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո որևէ ձև հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ նրանց դաժանությունները (հայկական բնակավայրերի զանգվածային ավերումներ, սպանություններ, գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ, ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ և այլ): Սահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ մեր պետության սահմանային բնակավայրերի բնակիչների, Հայաստանի ողջ ժողովրդի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու նրանց կենսական կարևորության միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների համար: 

Սահմանազատումների ու սահմանագծումների գործընթացին պետք է ներգրավել քարտեզագրության, գեոդեզիայի, ռազմական ու այլ ոլորտների մասնագետներ, պատմաբաններ, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ տեղերում, պատշաճ իրավական հիմքերի ստեղծում և այլն: 

Այս ամենը մեր պետականության անվտանգությունը երաշխավորելու ու մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար պատշաճ հիմքեր ունենալու անհրաժեշտ քայլերից են, որ պետք է ապահովեն նաև մեր երեխաների, մեր սերունդների իրավունքների պաշտպանությունը»: