Համատեղ ծրագրերի դրական դինամիկան՝ նոր նախագծերի սկիզբ. Երևանի քաղաքապետն ընդունել է ԵՄ դեսպանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

«ԵՄ կառույցների հետ Երևանն այսօր համագործակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են համայնքային մանկապարտեզներ, տեղադրվում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ՝ ապահովելով սեյսմակայուն և հարմարավետ պայմաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևանի ավտոբուսների ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով: Դրանց ձեռքբերման ֆինանսավորման համար հատկացվել է 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն եվրո՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ:

Նշվում է, որ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում էլ «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում մինչև փետրվարի վերջ երևանյան ավելի քան 90 շենքում տեղադրված կլինեն ֆոտովոլտային վահանակներ և լուսավորության համակարգեր:

Կարևորելով Եվրոպական միության հետ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ արդեն իսկ կյանքի կոչվող նախագծերը լավ հիմք են նոր նախաձեռնությունների համար: «Տիկին դեսպան, մենք կարևորում ենք մանկապարտեզների հիմնանարոգման ծրագրի շարունակության ապահովումը: Նախապատրաստական աշխատանքները կատարված են և, կարծում եմ, այս տարի կկարողանանք հավելյալ նոր նախակրթարանների մրցույթ հայտարարել: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում դիտարկում ենք նաև էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում: Կցանկանամ նաև ընդգծել, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը»,- նշել է քաղաքապետը:


Շնորհավորելով Հրաչյա Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը մեծ սիրով իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցությունն ընդլայնելու հարցում:

«Պարոն քաղաքապետ, հույս ունեմ, որ համատեղ ծրագրերն ավելի արագ կընթանան և մենք արդեն արդյունքներ կտեսնենք: Ես վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում, քանզի ՀՀ կառավարության, վարչապետի ու քաղաքային իշխանության ջանքերն ուղղված են ի շահ համընդհանուր բարեկեցության»,- ընդգծել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը:

Երևանի քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագրի շրջանակում քաղաքապետարանի երկու վարչական շենքերի և Շենգավիթ մարզադպրոցի տանիքներին ևս տեղադրել արևային կայաններ: Հանդիպումից հետո Հրաչյա Սարգսյանն Անդրեա Վիկտորինին ուղեկցել է քաղաքապետարանի աշտարակ՝ տեղում դիտարկելու ծրագրի հնարավորությունները: