Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունները․ Վահե Գրիգորյան

Մտնում եմ Սահմանադրական դատարան՝  ստանձնելով  ՍԴ նախագահի լիազորությունները․ Վահե Գրիգորյան
Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունները․ Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի ընտրված դատավոր Վահե Գրիգորյանը այսօր ԱԺ ամբոնից հայտարարեց, որ մտնելով ՍԴ՝ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

«Այս երդումը տալու պահից Սահմանադրական դատարանում լինելու է երկու դատավոր, իսկ Սահմանադրական դատարանի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն 5 դատավոր՝ որոշումներ կայացնելու համար: Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով՝ ՍԴ-ն կազմված է բացառապես դատավորներից, և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները: Մինչդեռ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով»,- հայտարարեց նա:

Գրիգորյանն ասաց, որ բոլոր այս հարցերը քննարկման առարկա է դարձնելու իր գործընեկրների հետ:

«Երդում տալուց հետո, Սահմադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ես ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը՝ ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրան համախոհությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ:

Ամեն դեպքում, հաշվի առնելով վերջին օրերի որոշ իրողություններ և հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիները լիուլի և իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի կազմի սահմանադրականության հարցերում, խստիվ պիտի պահանջեմ, որպեսզի  իսպառ բացառվի ՍԴ անդամների կամ ՍԴ աշխատակազմի որևէ ներկայացուցչի դեմ որևէ ոտնձգություն: Իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումները պետք է իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան»,- ասաց նա։