Մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից հրթիռահրետակոծության պատճառած վնասներն անհաշիվ են

Ադրբեջանա-թուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում ավերածություններն ու վնասները շատ են և անհաշիվ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Քանի որ այս պահի դրությամբ էլ դեռ կրակի տակ է քաղաքը, լրագրողները չեն կարողանում մեկնել Շուշի և առաջին ձեռքից իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ և արդյոք մշակութային օջախները, թանգարանները, հոգևոր օջախները թիրախավորվել են: Կրակը չի դադարում, քաղաքն ինտենսիվ կրակի տակ է եղել երեկ ամբողջ օրվա ընթացքում: Եղել է հրդեհ: Երկու բնակելի տուն են հրդեհվել, բայց հաջողվել է ժամանակին հրդեհաշիջում կատարել այն դեպքում, երբ օդային տագնապը չէր անջատվում և շարունակաբար հրթիռակոծվում էր: Երեկ և այսօր Շուշիում տուժածներ չեն եղել»,- նշել է Հունան Թադևոսյանը: