«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
– Պարո՛ն Ղազարյան, Արցախից բռնի տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանությունն ի՞նչ կանոնակարգերով պետք է իրականացվի:
– Այնպես, ինչպես մինչև հիմա արվել է անհատական գործերով, ուղղակի այստեղ մասշտաբները մեծացել են: Նախևառաջ, իհարկե, գույքային իրավունքն է, բայց նաև առանձին գործերով՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, անօրինական կալանավորում, ձերբակալում: Այդ ամենը կարելի է ներկայացնել, ու ես վստահ եմ՝ կներկայացվի:
Առավել մեծ արձագանք, հաշվի առնելով գործերի քանակը, իհարկե, կլինի գույքը, որովհետև նրանց գույքային իրավունքները շարունակում են պաշտպանվել՝ անկախ նրանից՝ իրենք ապրո՞ւմ են իրենց տան մեջ, թե՞ ոչ: Այդ հարցն արդեն լուծվել է Եվրոպական դատարանի կողմից մինչև այժմ ներկայացված գործերով տարբեր հակամարտությունների ժամանակ՝ 1992-1994 թթ., 2016 թվական, 2020 թվական: Հաստատված նախադեպ կա, այնպես որ, հարցը փակված չէ, ընդհակառակը՝ հիմա մասշտաբային նոր հարցեր են բարձրանում:
– Այդ ամենը երկա՞ր ժամանակ է պահանջելու:
– Այո՛, բայց կողմերը կարող են պայմանավորվել, չնայած Ադրբեջանի հետ շատ դժվար է պայմանավորվել, բայց կարող է լինել նաև ոչ իրավական գործընթացով լուծում, ասենք,խաղաղության փաստաթուղթ լինի, դրանում ներառվի, թե կողմերն ինչ պարտավորություններ ունեն:
Բնականաբար, Ադրբեջանը կփորձի չեզոքացնել միլիարդավոր դոլարների հասնող Հայաստանի պահանջը՝ իր իսկ կողմից ներկայացված մի քանի անգամ ավելի ուռճացված փոխհատուցման պահանջով, իսկ այդ դեպքում իրավական գործընթացներին պետք է սպասել:
– Պարո՛ն Ղազարյան, ձեր ասածը վերաբերում է այն մարդկանց, որոնք մնալու են Արցախո՞ւմ, թե՞ սխալ եմ հասկանում:
– Չէ՛, կարևոր չէ, թե նրանք որտեղ են, կարող են գնալ այլ երկիր ու ապաստան հայցել, բայց Ադրբեջանը Եվրոպական կոնվենցիայի անդամ է, ու նրա դեմ կարող են ներկայացնել ավանդական գանգատ:Երկրորդ՝ պետությունը, ինչպես մինչև հիմա արել է, Հայաստանը իր քաղաքացիների անունից ներկայացնի գանգատ միջազգային ատյան: Առայժմ այսքանը:
– Իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունն իր գործառույթներից բխող ամեն բան անո՞ւմ է այդ մարդկանց իրավունքների ապահովման համար:
– Հայաստանն ի՛նչ կարող է անել, ամենաշատը՝ անվտանգություն ապահովել, որն արվում է, երկրորդ՝ ապահովել սոցիալական օգնություն, այսինքն՝ Սահմանադրությամբ քաղաքացիներին տրամադրվող նվազագույն օգնությունը Հայաստանն այս պահի դրությամբ անում է: Կարևորը՝ որ ընդունում է նրանց, և ոչ միայն Հայաստանը, յուրաքանչյուր պետություն ունի այդ պարտավորությունը: Եթե նվազագույն այս չափանիշներով վերցնենք՝ այո՛, անում է:
– Ադրբեջանի կողմից ձերբակալված մարդկանց հարցո՞վ էլ Հայաստանը պետք է դիմի միջազգային ատյաններ:
– Այո՛, նախևառաջ նրանց կյանքն ու առողջությունը պահպանելու, նրանց նկատմամբ որևէ ոտնձգություն կանխարգելելու համար: Վստահ եմ՝ Հայաստանը դա կանի, ուղղակի յուրաքանչյուր գործով պատրաստվելու համար մի քանի օր է պետք, Ռուբեն Վարդանյանի գործով, կարծեմ, արդեն արվել է:
– Պարո՛ն Ղազարյան, իսկ այդ մարդկանց արտահանձնելու հնարավորություն կա՞:
– Հնարավորություն կա և՛ քրեական գործի ընթացքում, և՛ ավարտելուց հետո, որ պատիժն իրենց հայրենիքում կրեն: Նման կառուցակարգեր կան, և Հայաստանն ու Ադրբեջանը դրանք ընդունել են, բայց, կարծում եմ, դեռ հեռու ենք: Ի վերջո, կա նաև ոչ իրավական գործընթաց՝ 44-օրյայից հետո՝ դեկտեմբերին, ոչ իրավական գործընթացով, զուտ քաղաքական պայմանավորվածությամբ,Ադրբեջանը ռազմագերիներին ուղարկեց Հայաստան:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am