ԱՄՆ-ը չի տրամադրել Եվրոպայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռների արտադրության լիցենզիա՝ չնայած նախկինում տրված խոստումներին։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան տարիներ առաջ ԱՄՆ-ի հետ քննարկել է Եվրոպայում, մասնավորապես՝ Patriot համակարգի հրթիռների արտադրական բավարար հզորություններ ստեղծելու անհրաժեշտությունը։ «Լիցենզիաների վերաբերյալ խոստումներ եղել են, սակայն Ամերիկան, ի վերջո, հրաժարվեց՝ չնայած մենք առաջարկել էինք արտադրություն կազմակերպել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերների՝ Ռումինիայի, Լեհաստանի և այլ երկրների հետ համատեղ», — նշել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինացի դիվանագետներն ու պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը պետք է առավելագույն նախաձեռնողականություն ցուցաբերեն՝ Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումն ապահովելու հարցում։
Նրա խոսքով՝ Ֆեդորովի հետ անցկացված հանդիպման ընթացքում առաջնահերթություն է տրվել Ուկրաինայի պաշտպանության կարիքներին։ Այս շաբաթ տեղի են ունեցել նաև մի շարք բանակցություններ միջազգային գործընկերների հետ։
Ուկրաինան մտադիր է բարձրացնել նաև Եվրոպայի կողմից սեփական ՀՕՊ հրթիռների արտադրության ընդլայնման հարցը։ Զելենսկու գնահատմամբ՝ եվրոպական երկրները արդեն մեծացնում են արտադրությունը, սակայն դրա տեմպերը բավարար չեն, և արտադրական հնարավորությունների ծավալները պահանջում են հատուկ ուշադրություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Patriot համակարգի համար նախատեսված PAC-3 որսացող հրթիռների լուրջ պակասի պատճառով ուկրաինական արձակման կայանքները հունվարին մնացել են առանց զինամթերքի՝ չկարողանալով հետ մղել էներգետիկ օբյեկտների վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումները։



















