Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության մասին՝ կրկին մեղադրելով Երևանին պատերազմի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն, իր ձևակերպմամբ, «վրեժ է լուծել մարտադաշտում», ապա խաղաղություն առաջարկել Հայաստանին։

APA-ի փոխանցմամբ՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի 7-րդ գագաթնաժողովում Ալիևը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը դեռևս փխրուն է։

«Մենք խաղաղություն առաջարկեցինք և արդեն մեկ տարուց մի փոքր ավելի է, ինչ ապրում ենք խաղաղության մեջ։ Այս խաղաղությունը դեռևս փխրուն է և պետք է պաշտպանվի և ամրապնդվի»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, թե պատերազմը Բաքվի ընտրությունը չի եղել, և Հայաստանն է Ադրբեջանին ստիպել պատերազմել։

«Նրանք, ըստ երևույթին, չէին սպասում, որ Ադրբեջանը ուժի միջոցով կվերականգնի իր ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը։ Բայց նրանք բոլորը սխալվում էին»,- հայտարարել է Ալիևը։