Մարդու իրավունքների պաշտպանը մեդիա ոլորտի մասնագետների և մասնագիտացված ՀԿ ղեկավարների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելք նախատեսող օրենքների նախագծերը

Մարդու իրավունքների պաշտպանը փետրվարի 9-ին մեդիա ոլորտի մասնագետների և մասնագիտացված ՀԿ ղեկավարների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելք նախատեսող օրենքների նախագծերը։

Ըստ քննարկման արդյունքների՝ նախագծերն առկա տարբերակով ընդունվելու դեպում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու։ Հակառակը՝ նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության հիմնարար արժեքի պաշտպանության տեսանկյունից՝ համակարգային առումով:

Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը և ինչպես է այն լուծելու առկա խնդիրները:

Նախագիծը մասնագետների հետ պատշաճ չեն քննարկվել, դրանք չեն ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջակվող տուգանքներն անհամաչափ են, չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն, նախատեսված են տուգանքների ֆիքսված չափեր, որոնք կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության։

Քնարկման մասնակիցները միակարծիք եզրահանգել են, որ նախագծերում վիճելի կարգավորումները պետք է դուրս բերվեն շրջանառությունից՝ անընդունելի լինելու պատճառաբանությամբ։