«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը
– Պարո՛ն Հակոբյան, կես տարվա շրջափակումից հետո արդեն հինգերորդ օրն է, ինչ Արցախ անգամ հումանիտար բեռներ չեն մտնում, Երևանում բուժման կարիք ունեցողները չեն կարողանում գալ Երևան, ի՞նչ տրամադրություններ ու վիճակ են Արցախում։
– Այո՛, Ադրբեջանի իշխանությունը կրկին որոշել է տոտալ շրջափակման ենթարկել Արցախը, ինչը հանգեցրել է լարված վիճակի։
– Սննդամթերքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով խնդիրներ կա՞ն։
– Այս պահի դրությամբ դեռևս այդպես սուր խնդիր որպես այդպիսին չկա, բայց խանութներում արդեն զգացվում է այդ աշխուժությունը, մարդիկ անհանգստացած են, ու այդ անհանգստությունը դրսևորվում է մարդկանց վարքում։
– Արցախի քաղաքական ուժերն ի՞նչ են անում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար։
– Վեց ամիս շարունակ ընդդիմադիր ուժերն Արցախի իշխանություններին ամենօրյա ռեժիմով կոչ էին անում, հորդորում, որ պետք է պատրաստ լինել ամեն տեսակի զարգացումների, որ պետք է կարողանանք այդ վեց ամսվա ընթացքում հասկանալ, որ այդ շրջափակումն ամեն վայրկյան կարող է վերածվել ուղղակի տոտալ շրջափակման։
Իշխանություններին անընդհատ հորդորում էինք, որ հասկանան, թե ի՛նչ է պետք պահեստավորել, ի՛նչը՝ չէ, որ մարդկանց չբերեն կոմֆորտ զոնայի, որովհետև այդ օրերին Արցախում երբեմն նկատվում էին այնպիսի ապրանքատեսակներ, որ կարող էին չլինել, բայց փոխարենը այլ ապրանքների պահեստավորում իրականացվեր։
Արցախի իշխանություններն այս իրավիճակով անցնելուց հետո արդեն պետք է պատրաստ լինեին սրան, որովհետև, կարծում եմ, այս հեռանկարը ոչ մեկի համար անսպասելի չէր, եթե տոտալ շրջափակումից հինգ օր հետո պարզ է դառնում, որ Արցախի իշխանությունները պատրաստ չեն եղել սրան, նշանակում է, որ այդպես էլ չլսեցին ընդդիմության հորդորները։
– Բացի սոցիալական մասից, պարո՛ն Հակոբյան, քաղաքական լուծումներին միտված առարկայական քայլեր տեսնո՞ւմ եք իշխանության կողմից, որոնք արվում են այս ընթացքում։
– Այս պահին որևէ գործուն քայլ տեսանելի չէ, փոխարենը մենք բազմիցս նշել ենք, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախը բռնակցվի Ադրբեջանին, որ պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, պետք է ուրույն վերաբերմունք ունենան Ռուսաստանի հետ հարաբերություններում, ու, ի վերջո, Արցախի այսօրվա իշխանությունները պետք է հանդես գան այլևս որպես առանձին միավոր, որպես միջազգային սուբյեկտ, պետք է իրենք կարողանան իրենց այդպես դրսևորել, որ հնարավոր լինի այս իրավիճակից դուրս գալ:
Բայց մենք տեսնում ենք, որ նման գործընթացներ չեն լինում, այս կամ այն գործողությունների իմիտացիա է տեղի ունենում, ու այդ ամենի ապացույցը եղավ այն, որ բավական է, ինչ երկու-երեք օր դադարեցվեց այդ հումանիտար բեռների ներկրումը, Արցախը նորից հայտնվեց այսպիսի լարված իրավիճակում։
– Իսկ որո՞նք են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման գործողությունները, որ կօգնեն Արցախը դուրս բերելու այս վիճակից։
– Բոլոր ուժերն Արցախում, որոնք իսկապես մտածում են Արցախի ապագայի մասին, պետք է համախմբվեն ու կարողանան այս իրավիճակից դուրս գալու ելքեր ու ծրագրեր ներկայացնել ու իշխանություններին ստիպել կատարել այն քայլերը, որոնք այսօր կօգնեն իրավիճակը թեթևացնելու։
Այս հանրային շարժումը գրեթե մեկ ամիս առաջ մի ամբողջ ծրագրերի փաթեթ է ներկայացրել նաև իշխանություններին, որտեղ կան նաև այսօրվա համար նախատեսված ծրագրային քայլեր։ Այդ ծրագրերը կյանքի կոչելու համար պետք է կարողանանք իշխանություններին բերել կառուցողական դաշտ ու ստիպել, որ իշխանություններն անեն այդ գործողությունները։
Արցախը պետք է կարողանա հանդես գալ որպես մեկ ամբողջական միավոր, որ դիմագրավի այս վիճակին, առանձին ընդդիմությունը կամ իշխանությունը չի կարող ոչինչ անել, այն պարագայում, որ իշխանությունը գտնվում է ոչ միայն թշնամու, այլ նաև Հայաստանի իշխանությունների ճնշման ու ազդեցության տակ, ուստի այդ «Ճակատը» բազմաթիվ ելքեր ու ծրագրեր է առաջարկում, որոնք շատ լավ կլինի, որ իշխանությունները կատարեն, բայց այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունը պատրաստ չէ անգամ նման զարգացումների։
– Հաջողվո՞ւմ է իշխանությանը բերել կառուցողական դաշտ։
– Նկատի ունենալով Արցախի ներկայիս իրավիճակը՝ կարելի է ասել, որ չի հաջողվում, ու իշխանությունն այնքան էլ չի դիտարկում «Ճակատի» առաջարկած ծրագրերը որպես իրավիճակից ելք։
– Իսկ այդ դեպքում ի՞նչ եք պատրաստվում անել։
– Մենք պետք է շարունակենք մեր պայքարը ու ցույց տանք, որ ներկայացված ծրագրերը կենսունակ են ու պետք է կյանքի կոչել, հակառակ դեպքում չենք կարող դիմակայել Ադրբեջանի բռնի ճնշումներին:
Իշխանություններն էլ պետք է դա հասկանան ու կարողանան գալ կառուցողական դաշտ, որովհետև ծրագրերը ներառում են այնպիսի բաղադրիչներ, որտեղ պետք է նաև իշխանությունների գործուն մասնակցությունը, բայց բազմիցս ենք ասել, որ դրանք ամեն դեպքում իրականացնելու ենք՝ իշխանության հետ լինի, թե առանց իշխանության։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am