«Բանակից, որ զանգում էր, ասում էր՝ մա՛մ, ի՞նչ կա, անընդհատ ուղեղիս մեջ էդ ա, որ զանգի, ասի՝ մամ, ի՞նչ կա»․ Արամ Ղազարյանը զոհվել է պատերազմի վերջին օրը

«Նոյեմբերի  8-ի երեկոյան ասեց՝ մա՛մ ջան, կներես, չեմ կարա երկար խոսամ, վաղը էլի կզանգեմ, ու էդ վաղը էլ չեղավ»,- հուզմունքով ասում է 47-ամյա Աննա Ղազարյանը, որը որդուն կորցրել է պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին։

18-ամյա Արամ Ղազարյանը որոշել էր ծրագրավորող դառնալ, ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության համալսարանի «Ծրագրային ճարտարագիտություն» բաժինը, սակայն սովորել Արամը չհասցրեց։  

Բանակ զորակոչվելուց ընդամենը 3 ամիս էր անցել, երբ սկսվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին իսկ օրվանից Արամը մասնակցել է ամենաթեժ հատվածներում ընթացող կատաղի մարտերին և զոհվել Մարտունիում ընկերներին հաց հասցնելու ճանապարհին ԱԹՍ հարվածից։

«Իր ընկերներից իմացանք, որ առաջին օրն իրանք Թալիշում են եղել, հետո Մատաղիսում, Ալաշանի անտառներում։ Մարտունիում ամսի 9-ի առավոտյան 6 հոգով գնացել են հաց բերելու, ճանապարհին անօդաչու սարքը խփել ա, 6-ն էլ տեղում զոհվել են»,- ասում է մայրը ու հուզվում։

Աննան ասում է՝ երբ տղան նոյեմբերի 9-ին չի զանգել, սիրտ արդեն կասկած է ընկել, որ ինչ-որ բան այն չէ։  

«Առավոտյան անհանգիստ, սպասողական վիճակի մեջ էի, չսպասեցի որ լուսանա, նոր զանգեմ, 7-ն անց էր՝ զանգահարեցի իր վերջին զանգած համարով։

Անծանոթ մարդ վերցրեց, ասեց՝ մութ էր, տղաների դեմքերը չէին երևում, հեռախոս խնդրեցին, ու մի քանի տղաներ հեռախոս էին խնդրում, չգիտեմ՝ դուք ում մասին եք հարցնում, չեմ ճանաչում։ Բայց հետո նա մյուս տղայիս ասել ա, թե հասկացել է, որ մայրն ա, դրա համար էլ չի ասել։ Երրորդ օրը, որ տեղեկություն չունեինք Արամիցս, մեծ տղաս գնաց էնտեղ: Ինքը ճանապարհին արդեն գիտեր, որ ախպերը չկա, բայց ինձ խաբում էր, քրոջն ասել էր՝ ապերին բերում են, բայց ես գնում եմ, ուզում եմ իմանամ՝ ինչն ա պատճառը»։

Աննան տեղեկանում է որդու հետ կատարված ողբերգական դեպքի մասին օրեր անց, երբ տղայի մարմինը տուն են բերում։

Որդու զոհվելուց հետո Աննայի կյանքը գլխիվայր շրջվել է։ Ասում է՝ համակերպվել իրականության հետ հնարավոր չէ, Արամն առանձնահատուկ էր ամեն ինչով, զուսպ էր, խելացի, արդեն հասուն տղամարդ։

«Արամն իմ համար ուրիշ էր, մեծ տղա էլ ունեմ, բայց նրանք շատ տարբեր են։  

Ամեն ինչ չափի մեջ էր անում։ Երբ դպրոցում մի անկարգ ու անշնորհք բան էին անում, ծնող էին կանչում, տնօրենն ասում էր՝ ինչի՞ ես եկել, Արամը դրա մեջ չկա։

Տնօրենն ասում էր՝ Արա՛մ ջան, ես տղա չունեմ, բայց եթե տղա ունենայի, կուզեի իմ տղան քո նման լիներ, իսկ ուսմասվարն ասում էր՝ աղջիկ չունեմ, որ ունենայի, քեզ կտայի, բանակ ճանապարհելիս էլ նույնն ասեց… Արամս համեստ ժպիտ ուներ, ոչինչ չէր ասում»,- հիշում է մայրը։

Աննան ասում է՝ որդին ուզում էր ամեն ինչ շատ արագ անել ու հասցնել, միաժամանակ և՛ ընդունելության քննությունների համար էր պատրաստվում, և՛ մեքենա վարելու դասընթացների հաճախում։ 

«Ասում էի՝ Արա՛մ ջան, մեղք ես, ասում էր՝ չէ՛, ուզում եմ ամեն ինչ շուտ ունենամ։ Ասում էր՝ մինչև 30 տարեկան դառնալս ուզում եմ իմ ուզած մեքենան ու տունը իմ աշխատանքով առնեմ։ Ասում էր՝ մա՛մ ջան, չնեղվես, ինչ արել եք, 10 էդքանը ձեզ հետ կտամ։ Հիմա անում ա, բայց իրա կյանքի գնով ինձ պետք չէր, իմ երեխու կյանքն էր ինձ պետք»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Աննան ասում է՝ ցավն անհատակ է, կարոտը՝ անհուն։ Անընդհատ սպասման մեջ է, թվում է՝ թե որդին կհայտնվի կամ կզանգի։

«Բանակից որ զանգում էր, հարցնում էր՝ մա՛մ, ի՞նչ կա։ Անընդհատ ուղեղիս մեջ էդ ա, որ զանգի, ասի՝ մա՛մ, ի՞նչ կա»։

Պատերազմին մասնակցելու ժամանակ Արամն արժանանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» շքանշանով։

Արամը հուղարկավորված է ծննդավայրում՝ Արարատի մարզի Սիսավան գյուղում։

Սիսավանի դպրոցի ռազմագիտության դասարանը Արամի անունով է անվանակոչվել։

Արփինե Արզումանյան

MediaLab.am