Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում պահվող ԼՂ բարձրաստիճան քաղաքական ու զինվորական ղեկավարությանն ազատելու հարցին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, պահվող այլ անձանց վերադարձն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարեց՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում պահվող՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչների տեղափոխումը Հայաստան կամ երրորդ երկիր իրականացնելու ուղղությամբ։

«Ադրբեջանում պահվող գերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձի համար ամենօրյա աշխատանք է տարվում։ Ես հասկանում եմ, որ այդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ կարիք չկա այդ աշխատանքի մասին քննարկումներ ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չկա վերջնարդյունքը։