Սա մի կուսանոց է, թե՞ սա…

Սա մի կուսանոց է, թե՞ սա…
Սա մի կուսանոց է, թե՞ սա…

Համացանցն ալեկոծվել է: Անարգանքի սյունին են գամում Ռուբեն Հախվերդյանին: Պատճառը նրա վերջին հարցազրույցն է: Համլետ Ղուշչյանի հետ հարցազրույցում Հախվերդյանն իրեն բնորոշ հակասական մտքերի կծիկ հնչեցրեց, որոնց գագաթնակետը թերևս հետևյալն էր.

«Վաբշե մաքրվե՛ք ստեղից, վեկալե՛ք գնացե՛ք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»: Այս և հայաստանցի-արցախի անջրպետի շուրջ նրա հնչեցրած մտքերն էին, որ առիթ հանդիսացան լայն զանգվածների համար՝ դատափետելու, անարգանքի սյունին գամելու կամ ուղղակի հայհոյելու:

Իսկ այժմ գանք ի սկզբանե: Հախվերդյանի փաստաբանի դերը ստանձնելու պետք չունեմ: Հախվերդյանն ինքն է իր մտքերի, ցինիզմի, երբեմն ոչ ընկալելի մոլությունների պատասխանատուն: Իհարկե, մուղամաթի մասով նա, մեղմ ասած, մի քիչ սխալվում է: Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի կոչումը մենք ենք տվել Զեյնաբ Խանլարովային, այդ Երևանում էր, որ շատերը՝ ռադիոընդունիչների առաջ անհամբեր նստած, սպասում էին նրա ձայնին:

Այստեղ Արցախը կապ չունի: Թաթուլ, Վլե, Սպիտակցի և այլք ծնելու՝ որպես մշակույթ պարտադրելու մեջ ևս Արցախը մեղք չունի: Այդ մեր հանդիսատեսի պահանջն է եղել երկար տարիներ և ցավոք մնում է: Դա մեր հեռուստատեսությունների, պայմանական մշակութային կենտրոնների կողմից մշակույթը բռնաբարելու՝ հանգամանալից բռնաբարելու, ցածրակարգ արժեքներ սահմանելու, տգետ ու կեղծ օրակարգեր ստեղծելու, անգետ ու կառավարելի հասարակություն ունենալու երկար տարիների արդյունքն է:

Մյուս կողմից՝ Հախվերդյանի մեջ պետք է առանձնացնել երկու մարդու: Երգիչ-երգահան Հախվերդյանին և հասարակական տեքստով հանդես եկող Հախվերդյանին: Մենք ենք մեղավոր: Մեղավոր ենք, որ լսում ենք նրա հանրային խոսքը: Այնինչ՝ պետք էր սահմանափակվել միայն երգերը լսելով:

Իսկ գիտե՞ք այդ մեղքի բաժինը երբվանից է գալիս: Կարճ հիշողություն ունեցողներին և այսօր իրենց կոկորդը ճղողներին հարկ կա հիշեցնելու և հարցնելու: Ո՞ւր էիք այն ժամանակ, երբ Հախվերդյանը ծանր հիվանդ էր: Հանգանակություն կազմակերպվեց, ու նա գնաց արտերկիր բուժվելու: Հետ եկավ ու փնովեց իրեն ուղարկողներին: Ավելին՝ երգ գրեց քաղաքագլխի, կուսանոցի ու բոզանոցի վերաբերյալ: Այն ժամանակ չլսեիք նրան: Չեմ ասում՝ պախարակեիք, այլ՝ տոտալ ընդվզեիք:

Ինչո՞ւ ծպտուն չէիք հանում, երբ այդ նույն Հախվերդյանը Էջմիածնում քրեական հեղինակություններ էր գովերգում ու պաշտպանում: Դուխ չունեի՞ք, թե ավելի հարմար է անհասցե ու անպատասխան հայհոյելը: Ավելի լավ է երևութական թշնամու դեմ պայքարելը, ավելի լավ է ընկածին հազար դանակավորով մորթելը: Իսկ ինչո՞ւ էիք լռում, երբ մեր սիրելի երգիչը շապիկի նման, օրը մեկ քաղաքական ուժի էր հարում: Ձեռնածու էր դարձել տարբեր քաղաքական հորձաններում:

Ինչո՞ւ հայհոյողներից որևէ մեկը չմոտեցավ, չգնաց, չխնդրեց, վարպետի ձեռքից չբռնեց ու չասեց՝ արի մնա մեզ համար մեր սիրելի երգիչը: Հայհոյանք ունես՝ երգով հաղորդիր, ընդվզում ունես՝ արվեստով ստեղծիր: Մի՛ խառնվիր կեղտոտ քաղաքական քաոսին: Հանդես արի մտավորականի բարձր դիրքերից: Բայց չէ, բոլորս թամաշա էինք անում ու սպասում նրա հերթական հարբած խոսքին ու եթերին, ինչպես Հին Հռոմի Կոլիզեյում հավաքված հանդիսատեսն էր արյուն տենչում:

Մարդկության պատմության և այդ պատմության տարածության ընկալումների մեջ քիչ բան է փոխվել: Հանդիսականը պատրաստ է հոշոտելու, հարվածելու: Նա իր հերթական զոհին է տենչում:

Արցախցի-հայաստանցի: Այս տարանջատումը չի եղել ու չի կարող լինել: Ծիծաղելի են հատկապես 90-ականների վրա էժան շահարկումներ կատարողները: Ամոթ է: Դուք այդ էժանությամբ ու մեկ ճղճիմ դիվիդենտ շահելու հույսով կասկածի տակ եք դնում մի ողջ փառավոր ուղի:

Հախվերդյանը, մենք ու շատերը կգնան: Մի մասը հող կդառնա, մյուս մասը՝ կայրվի: Շատերիցս՝ գրեթե ոչինչ չի մնա: Իսկ նրա արվեստը դեռ կմնա: Չգիտեմ՝ ինչքան դա կտևի, բայց համոզված եմ, որ մեր մահվան հիշողությունից երկար կապրի: Մեր ստեղծած Հախվերդյանն է ում համար պատասխանատու ենք բոլորս:

Հ. Գ. 

Վերտառության մեջ փոքրիկ տող է, Հախվերդյանի հայտնի երգից:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am

http://www.youtube.com/watch?v=QUHdgZtClAA