Ոչ թե հաստատված խաղաղություն, այլ՝ խաղաղության շրջափուլ, ուշադրություն դարձրեք Ալիևի ընտրած բառերին, դրանք պատահական չեն․ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, հայկական կողմն արդեն հասցրել է ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Իշխանական պատգամավորներից ոմանք սա համարում են խաղաղության դրսևորումներից մեկը: Ինչպե՞ս կմեկնաբանեք թե՛ Ալիևի հայտարարությունը, թե՛ իշխանության ներկայացուցիչների արձագանքը թեմայի վերաբերյալ:

– Իմ կարծիքով՝ սա վաշինգտոնյան ներկայացման քարոզչական ընդհանուր հատվածի մի մասն է, որտեղ կողմերից յուրաքանչյուրը շարունակում է լուծել իր խնդիրը կամ հավաքել իր միավորները քարոզչական դաշտում: Կարծում եմ, որ Ալիևի այդ հայտարարությունը, գոնե այս շրջափուլում, ևս ավելին չէ: 

Այս իմաստով՝ ուզում եմ հիշեցնել դեռևս 2022-ի հուլիսին ձեռք բերված մեկ այլ համաձայնության մասին, որ հնչեց Վիեննայում Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից հետո․ հայտարարվեց, թե պայմանավորվել են հայ-թուրքական սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ուղիղ ավիա- ու բեռնափոխադրումներ սկսել, բայց երեք տարի անց մենք այդ ուղղությամբ դեռ ունենք միայն խոսակցություններ: Հետևաբար, երբ ունենք այսպիսի պրակտիկա, կարծում եմ, որ ավելի ծանրակշիռ նշանակություն չպետք է տալ Ալիևի հայտարարությանը, թե վերացվում են դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները: 

Նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ լոգիստիկայով և ո՞վ է Հայաստան բեռներ տեղափոխելու Ադրբեջանի տարածքով, որ նախկին սահմանափակումների պատճառով չէին անում, հիմա կանեն և այլն: Այս իմաստով, ես չեմ կարծում, թե պատկերն ավելին է, քան այն անտուրաժը, որ կառուցվել է օգոստոսի 8-ից հետո: 

Բնականաբար, Երևանը ողջունում է, որովհետև դա համահունչ է այն քարոզչությանը, որ փորձ է արվում նախընտրական քարոզչության շրջանում առաջ մղել ու դրա վրա կառուցել ամբողջ նախընտրական ռազմավարությունը՝ խաղաղության մասին քարոզը, որը գործնականում քիչ կապ ունի խաղաղության հետ, որովհետև տեղի ունեցածը չի տալիս խաղաղության համար անհրաժեշտ ու կարևորագույն հարցերի պատասխաններ կամ լուծումներ, եթե դրանք չկան, ապա ստացվում է, որ խաղաղությունը վերնագրային, քարոզչական խոսույթ է:

– Այսինքն՝ կարծում եք, որ նաև այս հայտարարությունից հետո՞ գործնական արդյունքներ չեն լինի:

– Ես պատահական չբերեցի այդ հայ-թուրքական համաձայնության մասին հիշեցումը: Արդեն ասացի, որ պետք է հասկանալ, թե ովքեր էին այդ բեռներ տեղափոխողները, որոնց խանգարում էին եղած սահմանափակումները, իսկ հիմա այդ արգելքը չկա, իրենք էլ պատրաստակամ են դա անել: Գուցե այս կերպ Ադրբեջանը շարունակում է խաղալ կառուցողականության տրամաբանությամբ, որովհետև հիմա աշխարհաքաղաքական միջավայրն այնպիսին է, որ Ադրբեջանից ակնկալվում է զգալիորեն կառուցողականություն: 

Ադրբեջանի նախագահը Ղազախստանում մի էական հայտարարություն է արել հայ-ադրբեջանական խաղաղության մասին, որ հաստատվել է նոր՝ խաղաղության շրջափուլ: Ուշադրություն դարձրեք բառերին, որովհետև դրանք այս մակարդակներում պատահական չեն հնչում, ոչ թե հաստատվել է խաղաղություն, այլ՝ խաղաղության շրջափուլ, այսինքն՝ այս շրջափուլը կարող է ունենալ իր ավարտը, ու գա անկայունության շրջափուլը, բայց այդ ամենը կախված է աշխարհաքաղաքական հոսքերից: 

– Պարո՛ն Բադալյան, ստացվում է, որ ի տարբերություն Հայաստանի իշխանության, Ադրբեջանի իշխանությունը բացահայտ ասում է, որ խոսքը հաստատված ու կայուն խաղաղության մասին չէ:

– Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունն էլ է դա հստակ պատկերացնում, համենայնդեպս, հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունն այդ աստիճան անհամարժեք չէ քաղաքական պրոցեսներին, որ լինելով դրանց կիզակետում, ունենալով դրանց վերաբերյալ հանգամանալից ինֆորմացիան, միամտություն ունի կարծելու, թե սա խաղաղություն է: Ուղղակի այս փուլում իրենց անհրաժեշտ է իրականությունը ներկայացնել հենց այդպես, որովհետև դա է շատ թե քիչ մրցունակ խաղաքարտ ունենալու գրավականը խորհրդարանական ընտրությունների նախընտրական այս պրոցեսում: 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am