«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը
– «Որևէ մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով, որովհետև ես ասում եմ՝ այո՛, մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում՝ Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով, որովհետև, լավ, ինչքա՞ն պետք է մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում»: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում: Համակարծի՞ք եք, որ քառասուն տարի արցախահայությունը լիարժեք կյանքով չի ապրել, պարո՛ն Խանումյան:
– Արցախի ժողովուրդն ապրել է իր Հայրենիքում անհիշելի ժամանակներից։ Մեր Հայրենիքի այս մասը միշտ չէ, որ եղել է հայկական պետականության սահմաններում, տարբեր ժամանակաշրջաններում եղել է տարբեր կայսրությունների մաս։ Ղարաբաղյան շարժումն իրավունքների համար պայքար էր, որը վերածվեց ազգային-ազատագրական պայքարի և պսակվեց Արցախի Հանրապետության ստեղծմամբ։ Հայկական պետականության առկայությունը հայաբնակ պատմական հայկական տարածքի վրա լավագույն պայմաններն էին տեղի բնակչության համար՝ զարգանալու և առաջանալու համար։
Արցախի բնակչությունը սկսեց ոչ լիարժեք կյանքով ապրել 2020 թ․ պատերազմից հետո, երբ լուրջ անվտանգային խնդիրներ էին ստեղծվել, և հայտնվեց պատանդի կարգավիճակում 2022 թ․ դեկտեմբերից 2023 թ․ սեպտեմբերը, երբ Ադրբեջանը տոտալ բլոկադայի ենթարկեց Արցախը, ապա ռազմական հարձակման միջոցով վերացրեց այն։ Սա որպես փոքրիկ պատմական ակնարկ։ Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, ապա այն միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս է և չի փոխվում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով։
– Ինչո՞ւ է Փաշինյանը արցախահայության ու այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի թեման նույնացնում ու առաջարկում Ադրբեջանին փոխադարձորեն հրաժարվել այդ գաղափարից:
– Շատ հաճախ Հայաստանի իշխանություններին թվում է, որ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինելը կօգնի խնդիրների լուծմանը։ Այնինչ փորձը ցույց է տալիս, որ անընդհատ զիջումների պատրաստ լինելը բերում է հակառակորդի կողմից նոր պահանջների։
Ավելին, սեփական պահանջները չձևակերպելը և չներկայացնելը խանգարում են ընդհանուր համաձայնության հասնելուն, քանզի քնեցնում են խնդիրները, դրանք սկսում են արտահայտվել այլ կերպ, կարող են օգտագործվել այլ դերակատարների կողմից։ Ես հասկանում եմ, որ պարտությունը, Ադրբեջանի կողմից հարձակման վտանգը լուրջ վախեր են առաջացրել պաշտոնական Երևանի մոտ, և իրենք որոշել են առաջ չտանել Արցախի հարցը։ Բայց պետք է ընդունել, որ սա ընդամենը մեկ ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումն է։
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերվելու շրջանակը պետք է լինի միջազգային իրավունքը, իսկ այնտեղ կա վերադարձի իրավունք, այսպես թե այնպես դրան առնչվելու ենք։ Հետևաբար, եթե Ադրբեջանը դնում է 1988-1991 թթ․ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի հարցը, ապա մենք էլ պետք է դնենք այդ նույն թվականներին Ադրբեջանից արտաքսված հայության վերադարձի հարցը։
Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի պաշտպանությունը ևս պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության մաս։ Ես չեմ կարծում, որ այս պայմաններում վերադարձը հնարավոր է, բայց իրավունքը պնդելը կարևոր է։ Ավելին, դրանից հրաժարումը չի բերելու Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նկրտումների կրճատմանը կամ հրաժարմանը։ Հետևաբար, եթե իրոք ցանկություն կա գնալ խաղաղության, հաշտեցման, մեր տարածաշրջանը տանել համագործակցության ու բարեկեցության ճանապարհով, ապա բոլոր հարցերը պետք է քննարկվեն։ Թաքցված հարցերը քնած ականներ են տարածաշրջանի տակ։
– Պարո՛ն Խանումյան, Փաշինյանի այս քաղաքականությունը ի՞նչ վտանգներ է պարունակում արցախահայության վերադարձի ու նրանց իրավունքների համար:
– Փաշինյանի այս քաղաքականությունը նախևառաջ վտանգ է ամբողջ Հայաստանի և Հարավային Կովկասի համար։ Խնդիրները քնեցնելով ու թաքցնելով՝ ական է դրվում տարածաշրջանի տակ, որը կարող է պայթեցնել բոլորովին այլ դերակատար, որին ձեռնտու չեն այս տարածաշրջանում համագործակցությունը, բարեկեցությունը, ենթակառուցվածքների աշխատանքը և այլն։ Հետևաբար, խաղաղ, զարգացած ու կարևոր աշխարհաքաղաքական կշիռ ունեցող Հարավային Կովկաս ունենալու համար մեզ հարկավոր է ավելի լայն ու ավելի համարձակ քաղաքականություն, քան հերթական ընտրական տարին գլորելու համար թշնամուն զիջումներով զսպելու քայլերն են։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















