Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրված է միջազգային տարբեր ատյաններում, դա Ալիևը կամ Փաշինյանը չի որոշում. ադրբեջանագետ 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետև Ադրբեջանն այդ ուղղությամբ լոբբիստական աշխատանք է տանում: Ո՞րն է այդ աշխատանքը, որի մասին ասում է Սիմոնյանը:

– Իրականում Ադրբեջան-Թուրքիա խորքային համագործակցություն կա, ու դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, ես չեմ զարմանա, որ նույն թուրքական կողմը իր դանդաղկոտությունը կամ կիրառական քայլեր չձեռնարկելու գործելաոճը բացատրի նրանով, թե իրենք այդ թեմաների վերաբերյալ Ադրբեջանի հետ տարակարծություններ ունեն: Բայց նախորդիվ եղել են բազմաթիվ հայտարարություններ՝ հատկապես թուրքական կողմից, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Հայաստանը չի ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության  պայմանագիրը: 

Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե իրենք գնացել են բացառիկ զիջումների ու փոխարենը ստանալու են կիրառական գործողություններ: 

Եթե ուշադրություն դարձնեք՝ ադրբեջանական բենզինի կամ Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի թեման փորձում են ակտիվ շրջանառել: Բնական է, որ ընտրություններից առաջ կցանկանային նաև այլ գործողություններ, բայց հիշեցնեմ, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման մասին քննարկումներ կային դեռ երկու տարի առաջ, բայց իրականում չկա գործնական քայլ: 

Ստացվում է, որ իրականում Հայաստանն ապաշրջափակելու միտում չկա, կան ուղղակի ձևական գործողություններ, որոնք օգնում են Ալիևին միջազգային հանրությանը ներկայացնել գործընթաց, ու քանի որ Հայաստանի իշխանությունն էլ իր որդեգրած քաղաքականությամբ ամբողջությամբ օգնում է Ադրբեջանին մաքրվելու իր բոլոր քայլերից, էթնիկ զտումից, բոլորին «շահավետ գործարք է», այստեղ մնում է, թե ինչ թոզ փչել հանրության աչքին: 

-Այսինքն՝ ստացվում է, որ լոբբիստական աշխատանքի կարիք չկա, քանի որ, ինչպես նշեցիք, Թուրքիան բազմիցս հայտարարել է՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրմամբ։ 

– Միանշանակ, բացի այդ, Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հիմա առաջնային խնդիր չէ, հետևաբար այդ հարցը կարևորություն չի ներկայացնում Թուրքիայի համար: Ուղղակի այդ ամեն ինչը կոորդինացնում են Ադրբեջանի հետ ու համատեղ՝ որպես ճնշման լծակ են օգտագործում Հայաստանի դեմ:

– Իսկ Ադրբեջանը շահագրգռվա՞ծ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն:

– Ադրբեջանն իրականում չի ուզում ձեռնարկել որևէ իրական քայլ, որպեսզի Հայաստանը գնա դեպի ապաշրջափակում, Ադրբեջանն իրականում էլ ապաշրջափակմանն ուղղված քայլեր չի անում, նրան պետք չէ վերջնարդյունք, նրան պետք չէ, որ ինչ-որ թուղթ ստորագրեն, ապաշրջափակում լինի, սահմանները բացվեն: Ալիևին պետք է գործընթացի շարունակականություն, որովհետև այդ գործընթացի մեջ ինքը մեզ մաշեցնում է: 

– Տիկի՛ն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարել է, թե խաղաղության հաստատուն գրավական է լինելու այն, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հրաժարվեն վերադարձի իրավունքի մասին խոսելուց: Ադրբեջանը կընդունի՞ այս առաջարկը՝ հրաժարվելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձից:

– Մեծագույն բլեֆը, որ Նիկոլ Փաշինյանն ու իրեն աջակցող տարբեր շրջանակներ փորձում են ներկայացնել, վերադարձի թեման է: Իրականում դրանք միմյանց հետ կապ չունեցող երևույթներ են, իսկ հայկական կողմը փորձում է հակառակն ապացուցել: Բայց նրանք այստեղ շատ կարևոր բան են բաց թողնում․ եթե դա այդպես լիներ, ապա Ալիևը կասեր՝ Խորհրդային Հայաստանում այսքան ադրբեջանցիներ են ապրել, մենք էլ կասեինք՝ դե, հա, վիճակագրական տվյալները դա ցույց են տալիս: 

Ալիևն ուրիշ բան է ասում, ասում է՝ ձեր երկրի տարածքը մեր պատմական հողն է, մեր հայրենիքն է, ու սա է, որ Նիկոլ Փաշինյանն ու իրեն հարող շրջանակները չեն ուզում նկատել ու բարձրաձայնել: Խորքային խնդիրը սա է, ու այստեղ է ամբողջ բլեֆը, որ իրենք փորձում են անել, ընդ որում՝ միմյանց հետ կապ չունեցող այս երևույթները, երբ Նիկոլ Փաշինյանը կապում է, «լեգիտիմացնում ու օրինաչափ» է դարձնում Ադրբեջանի բավականին վտանգավոր օրակարգերը:

Ժամանակին Ալիևը փորձել է միջազգային իրավական տիրույթում իրավունք ամրագրել, բայց չի կարողացել, քանի որ այդ ամենը տեղի է ունեցել շատ վաղուց, իսկ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը միջազգային տարբեր ատյաններում ամրագրված է, դա Ալիևը կամ Փաշինյանը չի որոշում: Փաշինյանի այս բլեֆը հօգուտ Ալիևի է արվում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am