«Եթե մարդն ինձ հրավիրել է, ես պիտի մերժե՞մ, ամեն ինչի մեջ կարելի է մի բան փնտրել, ամեն ինչ ոտատակ տալ». Էդվարդ Միլիտոնյան

«Եթե մարդն ինձ հրավիրել է, ես պիտի մերժե՞մ։ Միություն եմ ներկայացնում, ու ինձ հուզող հարցերը ներկայացնելու հնարավորություն էր դա։ Դա ուղղակի հանդիպում էր, հիմնականում, այսպես ասած, վետերան, տարեց մարդիկ էին, արվեստի բնագավառից»,- ի պատասխան հնչող քննադատությունների՝ «Մեդիալաբին» ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։ 

Այս ընդունելությունը հանրության կողմից արժանացավ բուռն քննարկումների ու քննադատությունների, սոցցանցերում հասարակական ու քաղաքական տարբեր գործիչներ մեղադրեցին այն մարդկանց, որոնք ընդունել էին Ալեն Սիմոնյանի հրավերը։ Ի թիվս այլ մեղադրանքների՝ արվեստի գործիչներին մեղադրեցին նաև «Եռաբլուրն ու հայրենիքն ուրանալու» համար։

«Դա ի՞նչ պատմություն է, այսինքն՝ Եռաբլուրն ուրացել են։ Այդ մարդիկ մինչև քննադատելը, թող կարդան Եռաբլուրի մասին իմ գրածները։ Ինչո՞ւ ենք Եռաբլուրն ուրանում, Չեքիջյանն ինչո՞ւ պիտի Եռաբլուրն ուրանա, կամ Ռոբերտ Ամիրխանյանը, որի երգն է բանակի հիմնը դարձել»,- ասում է Միլիտոնյանն ու ավելացնում, որ ամեն ինչ կարելի է քննարկել ու քննադատել, բայց անհրաժեշտ է հասկանալ խնդիրը։

«Դա ոչ լուրջ պետական արարողակարգ էր, ոչ էլ այլ բան, ընդամենը հանդիպման հրավեր է եղել, չենք էլ իմացել՝ ինչի մասին է լինելու։ Հնարավորություն էր ամեն մեկն իր բնագավառի հարցերն ու խնդիրները, առաջարկները ներկայացնելու»,- ասում է Հայաստանի գրողների միության նախագահը։ 

Էդվարդ Միլիտոնյանն ընդգծում է, որ յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու իրավունք, և իրենց գործ է, թե ինչպես են ընդունում այս կամ այն իրադարձությունը։

«Քաղաքական հանդիպում չէր դա, ուղղակի առտնին մի բան էր։ Ամեն ինչի մեջ կարելի է մի բան փնտրել, ամեն ինչ ոտատակ տալ։ Ավելի մեծ խնդիրներ կան, ավելի լուրջ բաներ, որ պետք է խորքային դատել։ Աստված բոլորի հետ, ով ոնց ուզում է թող մտածի, միայն բարին մտածեն»,- եզրափակեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am