Պետք չէ զայրացնել «վիրավոր արջին», պետք է պատրաստվել ու հրաժեշտ տալ. դեկլարատիվ հայտարարությունների ժամանակն ավարտվել է. Արզումանյան

Հրաչյա Արզումանյանը (Լուսանկարը՝ անձնական արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում ակնհայտորեն նախկինը չեն, հայկական կողմը հրաժարվում է ռուսական հարթակում կազմակերպվող գրեթե բոլոր քննարկումներին մասնակցելուց, հրաժարվեցին նաև ՀԱՊԿ-ի օգնությունից: Այս ամենն ինչի՞ մասին է խոսում, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի որդեգրած այս քաղաքականությունը:

– Հայաստանի կողմից ես կուզեի տեսնել գործնական քայլեր, հայտարարությունների մակարդակով կարող են հնչել տարաբնույթ բաներ, բայց երբ դրանց չեն հետևում գործնական քայլեր, իրավիճակը բոլորովին այլ է դառնում: Հիմա պահն է նման հայտարարություններ չանել, «տեղեկատվական աղմուկ չբարձրացնել», այլ պատրաստվել դիվանագիտական, քաղաքական ոլորտներում ու անել քայլ՝ դուրս գալ այդ կազմակերպություններից: 

Պետք չէ այլևս խոսել դրա մասին, որովհետև ամեն ինչ առանց այդ էլ հարթ չէ՝ կապված ուկրաինական պատերազմի ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի հետ, ու պետք չէ զայրացնել «վիրավոր արջին»: Ուղղակի պետք է պատրաստվել ու հրաժեշտ տալ: Դեկլարատիվ հայտարարությունների ժամանակն ավարտվել է, մենք հասցրել ենք Ռուսաստանին, ՀԱՊԿ-ի բոլոր երկրներին, որ իրենց արձագանքից դժգոհ ենք, նրանք այդ մասին արդեն գիտեն, հիմա իմաստ չունի այդ ամենը նորից ասելը: Եթե կողմնորոշվել ես, որոշումն ընդունել ես՝ գնա առաջ: 

– Կարծում եք, որ Հայաստանը չի կողմնորոշվել, դրա՞ համար է միայն հայտարարություններ անում, թե՞ Ռուսաստանի արձագանքից է զգուշանում:

– Ես տեսել եմ, որ Արևմուտքն է կողմնորոշվել, այսինքն՝ արևմտյան երկրները ի վերջո որոշում են ընդունել, որ իրենք մտնում են Հարավային Կովկաս, համակարգային ձևով մտնում են ու մասնակցելու են այս տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կառուցման աշխատանքներին: 

Ճիշտ կլինի, որ Հայաստանը մտածված մասնակցի այդ աշխատանքներին ու Արևմուտքի հետ համաձայնեցնի իր քայլերը ու հասարակությանը ևս այդ մասին տեղեկացնի, որ իրենք ևս կատարել են իրենց ընտրությունը: 

Ես մինչև հիմա դեռ համոզված չեմ, որ Հայաստանի իշխանությունները վաղը չեն փոխի իրենց դիրքորոշումը, որովհետև գնացին Բրյուսել, Գրանադա, ինչ-որ բաներ ստորագրեցին, բայց հետո եկան ու հանրությանը հայտարարեցին, որ արտաքին քաղաքականության ոչ մի վեկտոր չեն փոխում: Բայց ես տեսնում եմ, որ վեկտորը փոխում է, ու փոխում է Արևմուտքը, դրա համար էլ ես կուզեի, որ Հայաստանի իշխանությունները ավելի հստակ քաղաքականություն վարեն ներքաղաքական կյանքում: 

Հասկանալի է, որ այս երեսուն տարվա ընթացքում ռուսական կողմից կախվածությունն ահռելի ծավալների է հասել ոչ միայն ռազմական առումով, այլ նաև գրեթե բոլոր առումներով՝ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով: Իսկ եթե դու դուրս ես գալիս այդ ամենից, ապա պետք է այդ ամենը մտածված անես, որպեսզի Հայաստանում վաղն աղետ չսկսվի: 

Եթե դու հասարակությանը տեղյակ պահես, որ ընդունել ես նման որոշում, կարծում եմ, հասարակությունն ավելի պատրաստ կլինի ու հանգիստ կընդունի դա: Հայաստանի իշխանությունները իր հասարակության հետ կոմունիկացիան շատ վատ են իրականացնում, ի վերջո հասարակությանը պետք է տեղյակ պահել կայացված որոշումների ու կատարվող իրադարձությունների մասին: 

– Պարո՛ն Արզումանյան, իսկ Ռուսաստանն այդքան հեշտությամբ դուրս կգա՞ տարածաշրջանից: 

– Ռուսաստանը տարբերակ չունի, ես դրա մասին խոսել եմ դեռ 2020 թվականից: Այն ժամանակ, երբ Ռուսաստանը հրավիրել է Թուրքիային կիսել Հայաստանը, ինքն արդեն կորցրել է Հարավային Կովկասը, ուղղակի հիմա «առևտրի» մեջ է, ուզում է Հայաստանն ավելի թանկ վաճառել Էրդողանին ու մյուսներին, իսկ Արևմուտքը չի թողնում: 

Արցախը, ցավոք սրտի, չկարողացանք պահել, որովհետև Հայաստանի իշխանությունները շատ երկար էին կողմնորոշվում, եթե 2020 թվականի նոյեմբերին կողմնորոշված լինեին՝ լրիվ ուրիշ սցենար կլիներ: Այսօր դեռ շարունակել չկողմնորոշվել՝ նշանակում է դու չունես ապագա, որովհետև ռուս-թուրքական դաշինքի նպատակն է հայկական պետականության ոչնչացումը, որովհետև Հայաստանն իր գոյությամբ գոյաբանական սպառնալիք է Թուրքիայի ու Ռուսաստանի համար, մենք դա պետք է հասկանանք:

– Ձեր ընդդիմախոսները, հակադարձելով ձեզ, կասեն, որ Ռուսաստանի բացը տարածաշրջանում լրացնելու է Թուրքիան, ինչը շատ ավելի վատ հետևանք է ունենալու մեր պետության համար, իսկ Արևմուտքից չկան անվտանգային ռեալ երաշխիքներ ու առաջարկներ:

– Նախ պետք է հասկանալ ու ընդունել, որ դու ոչ թե Ռուսաստանի կամ Թուրքիայի դեմ ես կռվում, այլ այդ երկուսի ռազմավարական դաշինքի դեմ: Մեզ համար նրանք հավասարազոր թշնամիներ են, իսկ այս պարագայում ասել, թե Ռուսաստանի հեռանալով, դու նպաստում ես, որ Թուրքիան գա այստեղ, մեղմ ասած, ծիծաղելի է: 

Եթե հեռանում ես Ռուսաստանից, ապա դու հեռանում ես նաև Թուրքիայից, այսինքն՝ դու հեռանում ես այդ դաշինքից: Թուրքիան արդեն եկել է ու հենց Ռուսաստանի միջոցով: Դու պետք է ունենաս անվտանգության ուրիշ երաշխիքներ այլ ուժային կենտրոններից, որովհետև դու պատերազմի մեջ ես ռուս-թուրքական դաշինքի դեմ: 

Արևմուտքն արդեն վաղուց էր խոսում այդ երաշխիքների մասին՝ դեռ Փելոսիի այցից սկսած, բայց մեր երկիրը չարեց այդ ընտրությունը: Նրանք ուզում են, որ Հայաստանն ասի այո, նրանք չեն ուզում Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am