Նոր զարգացումներ Պողոս Պողոսյանի սպանության գործով. ըստ փաստաբանի՝ ամեն ինչ անում են, որ Աղամալ Հարությունյանը համաներում չստանա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին ներկայացուցիչ, Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի մասնակցությամբ 21 տարի առաջ «Առագաստ» սրճարանում Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործը նոր զարգացումներ է ստանում:

Այսօր հայտնի է դարձել, որ Պողոս Պողոսյանի մահվան դատաբժշկական փորձաքննություն իրականացրած երկու փորձագետների մեղադրանք է առաջադրվել, և նրանց աշխատանքային գործունեությունը կասեցվել է:

Պողոս Պողոսյանի սպանության գործը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերաբացվել էր Հայաստանում 2018-ին տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից, և հին քրեական գործերը վերաբացելու ու «նախկիններին» պատժելու խոստումով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: 2019-ին «Առագաստում» տեղի ունեցածի համար հարուցվել էր վարույթ, նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Հանձնաժողովի նոր տվյալների համաձայն՝ Պողոս Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Այնուհետև գլխավոր դատախազությունը այս հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս վարույթի շրջանակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերջերս՝ նոյեմբերի 17-ին, դատաբժիշկներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, և դրանք ուղարկվել են նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրյալներին ներկայացնելու համար: Նոյեմբերի 21-ին հսկող դատախազի համաձայնությամբ նախաքննություն իրականացնող քննիչը որոշել է պայմանագրային հիմունքներով աշխատող մեղադրյալներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը նշանակում է վերջիններիս լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատում:

«Դատաբժիշկներն ունեն մեղադրյալի կարգավիճակ»,- «Մեդիալաբին» հայտնեցին գլխավոր դատախազությունից:

«Ոչ մի նոր հանգամանք էլ ի հայտ չի եկել, դա ամբողջությամբ ֆիկցիա է»,- ամբաստանյալ Աղամալ Հարությունյանի (Կուկու) փաստաբան Ռոբերտ Բեջանյանն է ասում «Մեդիալաբի» հետ զրույցում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 21 տարի առաջ պարզել էր, որ դեպքը եղել է այսպես.

2001-ի սեպտեմբերի 25-ի գիշերը, երբ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձրաստիճան հյուրերի և ուղեկցողների հետ հեռանալիս է եղել «Առագաստ» սրճարանից, Պողոս Պողոսյանը բացականչել է. «Բարև, արա Ռոբ»: Աղամալ Հարությունյանը դիտողություն է արել Պողոսյանին: Միջին աստիճանի հարբածության աստիճանում գտնվող Պողոսյանը փորձել է գնալ Աղամալ Հարությունյանի հետևից, նախագահի և բարձրաստիճան հյուրերի ուղղությամբ, սակայն Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Գուրգեն Արսենյանը կանխել է դա: Պողոսյանն ու Արսենյանը միմյանց քաշքշել են, ինչին միջամտել են սրճարանում գտնվող և գործով չպարզված անձինք: Քիչ անց մոտեցել է Աղամալ Հարությունյանը, պահանջել դադարեցնել վիճաբանությունը: Հետո Պողոսյանն ու Աղամալ Հարությունյանը միասին մտել են սրճարանի զուգարան և ծածկել դուռը: Զուգարանում երկուսով միմյանց քաշքշել են, որի ընթացքում Աղամալ Հարությունյանը ծնոտին մարմնական թեթև վնասվածք է ստացել, ապա, հանցավոր անփութություն դրսևորելով, հրել է Պողոսյանին: Վերջինս վայր է ընկել և, գլուխը հարվածելով զուգարանի սալիկապատ հատակին, մարմնական ծանր վնասվածք է ստացել ու տեղում մահացել:

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը 2001-ին այս գործով դատարանի վճռով մեղավոր էր ճանաչվել անզգույշ սպանություն կատարելու համար և դատապարտվել երկու տարվա պայմանական ազատազրկման: Նա համաձայն չի եղել մեղադրանքի հետ և դատավճռից հետո նույնիսկ մեկ օր չի անցկացրել անազատության մեջ։ 46 օր տևած դատական նիստը նախագահել էր հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Այժմ Աղամալ Հարությունյանը դարձյալ ամբաստանյալ է, մեղադրվում է նույն հոդվածով՝ ինչ 21 տարի առաջ՝ անզգուշությամբ մահ պատճառելը: Նա ստորագրություն է տվել չհեռանալու մասին:

«Ինչո՞ւ են որոշել փորձագետների հետ կապված գործ վերաբացել՝ հայտնի է միայն դատախազությանը: Կամ եթե հանձնաժողովային փորձաքննություն էին նշանակելու, ապա դրան պետք է մասնակից դարձնեին ոչ միայն այդ ժամանակ արդեն դատապարտյալ Աղամալ Հարությունյանին, այլ նաև փորձագետներին, որ վերջինները մասնակից լինեին փորձաքննության պրոցեսին, իսկ Աղամալ Հարությունյանին էլ պետք է տեղյակ պահեին, բայց տեղյակ չեն պահել: Ապօրինի կարգով փորձաքննություն են նշանակել ու անօրինական եզրակացություն են ստացել»,- ասում է Աղամալ Հարությունյանի փաստաբանը:

Իր հարցին՝ ինչո՞ւ որոշեցին հիմա փորձագետներին մեղադրանք առաջադրել, Բեջանյանն ունի պատասխան. «Տեսան, որ մենք պահանջում ենք Աղամալ Հարությունյանի նկատմամբ համաներում կիրառել, որոշեցին իբրև թե նոր հանգամանք առաջ բերել ու փորձագետներին մեղադրանք առաջադրեցին: Անհասկանալի հիմնավորում անհասկանալի պատճառաբանությամբ»:

Աղամալ Հարությունյանի նկատմամբ համաներում կիրառելու մասին միջնորդություն պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է այս տարվա ապրիլի 27-ի դատական նիստում: «Մինչև օրս դատարանը նիստերը հետաձգում է՝ կամ դատախազը չի գալիս, կամ տուժողի իրավահաջորդը, կամ նրա ներկայացուցիչը: Դատական նիստերը անհիմն հետաձգվում են, և իմ ներկայացրած միջնորդությունը մինչ օրս մնացել է օդում կախված, չի քննարկվում: Տեսնելով, որ ուրիշ ելք չունեն, իրավապահ մարմինները գնացել են այդ քայլին»,- ասում է Բեջանյանը:

Նկատենք, որ դեռևս 2001 թվականին այս գործով դատավարությունը միջազգային կազմակերպությունների կողմից խիստ քննադատության էր արժանացել: Մասնավորապես, Human Rights Watch-ը դատարանի վճիռը համարել էր որպես «կատարված հանցագործության ծանրությանը չհամապատասխանող» և «խորհրդանշական բնույթ» կրող: Ուշագրավ է, որ դատարանը որպես ապացույց չէր ճանաչել դեպքի ականատես վկա, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի բրիտանական հյուպատոսության կողմից վավերացված ցուցմունքը, որում վերջինս վկայել էր, թե Պողոսյանին ծեծողները մի քանի հոգի էին եղել: Ի դեպ, հենց նրա ցուցմունքի հիման վրա էլ վերաբացվել է գործը: Նյութոնի հայտարարությունից հետո կատարված փորձաքննությունը ցույց էր տվել, որ Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել ոչ թե ընկնելու, այլ ծեծի հետևանքով։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am