Ֆրանսիական «Le Figaro»-ն Երևանը ներառել է աշխարհի հինգ «վարդագույն քաղաքների» շարքում

Աշխարհում ընդամենը հինգ քաղաք է համարվում «վարդագույն», և դրանցից մեկը գտնվում է հենց Կովկասում՝ Երևանը։ ՖրանսիականLe Figaro Voyage-ի անդրադարձի համաձայն՝ այս եզակի ցուցակում ընդգրկվել են Հնդկաստանի Ջայպուրը, Հայաստանի մայրաքաղաք Երևանը, ինչպես նաև Ֆրանսիայի երեք քաղաքներ՝ Տուլուզը, Ալբին և Մոնտոբանը։

Երևանը առանձնանում է իր պատմական կենտրոնի միասնական տեսքով, որը կառուցված է տեղական հրաբխային տուֆ քարով։ Քարի հիմնական երանգը՝ վարդագույնը, դարձրել է քաղաքը յուրահատուկ։ Մասնավորապես, Հանրապետության հրապարակը և կենտրոնական մյուս շենքերը գեղագիտական ամբողջականությամբ վկայում են Երևանի խորհրդանշական «վարդագույն» կերպարի մասին։

Թեև Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին, «վարդագույն քաղաք» անվանումը տարածում է ստացել 20-րդ դարում՝ խորհրդային վերակառուցման շրջանին, երբ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով լայնորեն կիրառվել է այս բնորոշ քարը։

Ցանկում ընդգրկված են նաև՝

Ջայպուր (Հնդկաստան)՝ քաղաքը ներկվել է վարդագույն 1876-ին՝ Մեծ Բրիտանիայի արքայազնի այցի ժամանակ

Տուլուզ (Ֆրանսիա)՝ իր պատմական աղյուսաշեն ճարտարապետությամբ

Ալբի (Ֆրանսիա)՝ վարդագույն աղյուսով կառուցված աշխարհի ամենամեծ աղյուսյա տաճարով

Մոնտոբան (Ֆրանսիա)՝ որն ունի «ամենավարդագույն վարդագույն քաղաք» համբավը

Այս հինգ քաղաքները, չնայած աշխարհագրական հեռավորություններին, միավորված են իրենց յուրօրինակ գույնով՝ ստեղծելով ջերմ, լուսավոր և գեղարվեստական միջավայր։