Հայաստանում ընտանեկան բռնությունից պաշտպանության համակարգի նկատմամբ վստահությունը կարող է խաթարվել ոչ միայն այն ժամանակ, երբ պետությունը չի պաշտպանում տուժողին, այլ նաև երբ օրենքով նախատեսված պաշտպանական միջոցը սկսում է կիրառվել այնպիսի նպատակներով, որոնց համար այն նախատեսված չէ։
Վերջին օրերին Հայաստանում ընտանեկան բռնության թեման կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Սակայն այս անգամ խնդիրը միայն հերթական ընտանեկան բռնության դեպքը չէ։ Խնդիրն այն է, թե ինչպես է պետությունն արձագանքում բռնությանը, և որքանով են օրենքով ստեղծված պաշտպանության մեխանիզմները ծառայում իրենց իրական նպատակին։
Մի կողմից՝ հանրությունը հետևում էր Տիգրան Արզաքանցյանի և Նատալյա Ռոտենբերգի գործի զարգացումներին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտանեկան բռնության և ազատությունից ապօրինի զրկելու հատկանիշներով, նա ճանաչվել է տուժող, իսկ նրա անվտանգության ապահովման նպատակով անմիջապես կիրառվել են օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներ՝ արգելելով ենթադրյալ բռնություն գործադրած անձին մոտենալ նրան կամ որևէ կերպ կապ հաստատել նրա հետ։
Այս գործի վերջնական իրավական գնահատականը դեռևս կտա դատարանը։ Սակայն անկախ ապագա զարգացումներից, մեկ բան արդեն ակնհայտ է․ պետական համակարգը գործի է դրել ընտանեկան բռնությունից պաշտպանության այն մեխանիզմները, որոնց համար դրանք ստեղծվել են՝ արձագանքել հնարավոր բռնությանը, պաշտպանել ենթադրյալ տուժողին և ապահովել նրա անվտանգությունը մինչև գործի հանգամանքների ամբողջական քննությունը։
Մեկ այլ՝ անանուն դեպքի մասին հանրային տեսաուղերձով հանդես եկավ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում։ Նա հրապարակայնորեն՝ մեկ օրինակի հիման վրա խոսեց ընտանեկան բռնությունից տուժած կանանց առջև ծառացած համակարգային խնդիրների մասին՝ հնչեցնելով հիմնական, առանցքային հարցադրումը, թե ինչպե՞ս պետք է վարվի պետությունը, երբ ակնհայտ են բռնության հետքերը, սակայն կինը վախի, կախվածության կամ հոգեբանական ճնշման պատճառով հրաժարվում է հաստատել տեղի ունեցածը։ Ինչպե՞ս պետք է աշխատեն ոստիկանությունը, սոցիալական ծառայությունները, հոգեբանները և դատարանները, որպեսզի կինը մենակ չմնա իր խնդրի հետ։
Այս հարցերը պատահական չեն։ Դրանք վերաբերում են պետության ամենակարևոր պարտավորություններից մեկին՝ ամենախոցելի վիճակում գտնվող անձանց պաշտպանությանը։ Ինչպիսի՞ պաշտպանություն և ինչպիսի՞ աջակցություն են տրամադրվում ընտանեկան բռնության ենթարկված անձանց։ Եթե պաշտպանության մեխանիզմները կան, ապա ինչո՞ւ վստահություն չեն ներշնչում, կամ երբ հոգեբանը, որը պետք է աջակցի, հզորացնի կնոջը, ինչպե՞ս է վերածվում ևս մեկ բռնարարի, նրա առջև պայման դնելով, որ նրա հետ կաշխատի, եթե հեռանա ամուսնուց։ Արդյոք դա աջակցող մասնագետի վերաբերմո՞ւնք է՝ հռետորական հարց է հնչեցնում Աննա Հակոբյանը։ Եվ այդ հարցի պատասխանը մեկն է՝ իհարկե ոչ։ Եթե աջակցություն տրամադրող մասնագետը տուժողին պարտադրում է որոշում կայացնել և խզել հարաբերությունները, ապա նա զրկում է կնոջն անձնական կյանքի վերաբերյալ որոշում կայացնելու ազատությունից՝ վերածվելով բռնարարի։
Այդուհանդերձ, Աննա Հակոբյանը կոչ է անում կանանց չլռել, բարձրաձայնել և դիմել պատկան մարմիններին, չվախենալ խնդրի լուծման իրավական ճանապարհից։ Եվ հենց այստեղ է առաջանում մի խորքային հակասություն։
Ինչպե՞ս կարելի է կանանց կոչ անել վստահել համակարգին, եթե այն ոչ միայն չի կարողանում պաշտպանել կնոջը, այլև կարող է տուժողից դարձնել բռնություն գործադրող անձ` պաշտպանական միջոցն օգտագործելով բոլորովին այլ նպատակներով և կրկնակի վնաս պատճառել կնոջը։
Այս հարցը տեսական չէ, ամենևին։ Այն ծագում է կոնկրետ դատական ակտից, որի շուրջ վերջին օրերին մասնագիտական հանրությունը, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները և իրավաբանները բարձրաձայնում են լուրջ մտահոգություններ։
Խոսքը վերաբերում է այն դատական որոշմանը, որով ընտանեկան բռնությունից պաշտպանության համար նախատեսված պաշտպանական որոշումը, ըստ հրապարակված դատական ակտի, օգտագործվել է ոչ թե հնարավոր բռնությունը կանխելու կամ ենթադրյալ տուժողի անվտանգությունն ապահովելու նպատակով, այլ երեխայի հետ տեսակցության կարգի իրականացման համատեքստում։
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշումը պաշտպանության ամենախիստ և ամենատևական միջոցն է, կիրառվում է 4-12 ամսվա կտրվածքով, երբ առկա է ոստիկանության կողմից կայացված նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում, անձը ոստիկանության կողմից վերցված է կանխարգելիչ հաշվառման, կա նոր բռնության կամ դրա կրկնության իրական վտանգ, և նպատակ ունի պաշտպանել անձի կյանքը, առողջությունը, արժանապատվությունն ու անվտանգությունը։
Օրենքը հստակ տրամաբանություն ունի. նախ՝ ոստիկանությունը պետք է արձագանքի ահազանգին, իրականացնի դեպքի ուսումնասիրություն, հավաքի նյութեր, գնահատի բռնության առերևույթ առկայությունը և անհրաժեշտության դեպքում կիրառի անհետաձգելի միջամտության որոշում։ Միայն դրանից հետո դատարանը կարող է գնահատել պաշտպանական որոշման անհրաժեշտությունը։
Այս հաջորդականությունը պատահական չէ։ Այն ստեղծված է, որպեսզի դատարանը հենվի նախապես հավաքագրված փաստերի վրա և բացառի կամայական որոշումների ընդունումը։
Երբ դատարանը փոխում է իրավական ինստիտուտի նպատակը, փոխվում է ոչ միայն մեկ դատական գործի ելքը։ Փոխվում են օրենքի իմաստը, հասարակության վստահությունը և պետության՝ օրենքով ամրագրված ամենակարևոր երաշխիքը՝ պաշտպանել ամենախոցելի մարդուն։
Համացանցում աղմուկ հանած Անի Կոջոյանի գործով, ըստ հրապարակված դատական ակտի և գործի նյութերի, այդ ամբողջ իրավական շղթան բացակայում է, չկա ոստիկանության կողմից կիրառված որևէ պաշտպանական միջոց, չկան նոր բռնության վտանգներն ապացուցող փաստեր, չկա ապացույցների համակողմանի գնահատում։
Այնուամենայնիվ, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը կիրառել է օրենքով նախատեսված ամենախիստ պաշտպանական միջոցը։
Տվյալ որոշմամբ, ըստ էության, դատավորը պաշտպանական որոշումը որպես միջոց օգտագործել է երեխայի տեսակցության կարգի ապահովման համար, նշելով, որ մայրը պետք է 200 մետր հեռու լինի երեխայի հոր հետ տեսակցության ժամերին, բացառությամբ երեխային հորը փոխանցելու և նրանից վերցնելու ընթացքի։ Այս ձևակերպումն ուղղակի աբսուրդային է, որևէ կապ չունի ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցի հետ, ինչպես նաև հակասում է օրենքի տրամաբանությանն ու ոգուն։
Երեխայի հետ տեսակցության կարգը քննվում է առանձին դատական գործի շրջանակներում, իսկ դրա կատարման ապահովումը Հայաստանում վերապահված է հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։
Այս գործի առանձնահատկությունն այն է, որ Անի Կոջոյանը նախկինում հենց դատարանի կողմից ճանաչվել է ընտանեկան բռնությունից տուժած անձ։ Նրա օգտին նախկինում արդեն կիրառվել էր պաշտպանական որոշում, որը հետագայում անվավեր էր ճանաչվել։ Այդ պաշտպանական որոշման անվավեր ճանաչումը դարձել էր կարգապահական վարույթի առարկա, և Բարձրագույն դատական խորհուրդը արձանագրել էր, որ դատավորը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում, ինչի հետևանքով խախտվել են ընտանեկան բռնությունից տուժած անձի իրավունքները։
Այսինքն՝ նույն անձը, որին պետությունը պաշտոնապես ճանաչել էր որպես ընտանեկան բռնությունից տուժած և շարունակում է աջակցություն ստանալ պետության կողմից հավատարմագրված Կանանց աջակցության կենտրոնից, այժմ նույն պաշտպանության մեխանիզմի միջոցով սահմանափակվում է դատարանի կողմից՝ բոլորովին այլ նպատակով։
Սա իրավական հակասություն չէ միայն։ Սա ազդակ է բոլոր այն կանանց, որոնք մտածում են՝ արժի՞ արդյոք դիմել պետության պաշտպանությանը, թե՞ ոչ։
Ընդամենը մեկ տարի առաջ իրականացված «Ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության միջոցներ․ խնդիրներ և լուծումներ» հետազոտությունը, դիտարկելով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը վերաբերող դատական և իրավակիրառ պրակտիկայի խնդիրները և ուսումնասիրելով նախազգուշացման ու անհետաձգելի միջամտության որոշումների վիճարկման վերաբերյալ դատական գործերի պրակտիկան, եզրահանգել է, որ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և տուժողների պաշտպանության գործընթացն արդյունավետ չէ՝ պայմանավորված օրենսդրական թերություններով և իրավակիրառ պրակտիկայի խնդիրներով: Այս խնդիրները խաթարում են բռնության ենթարկված անձանց անվտանգությունը, հակասում են կոնվենցիոն պահանջներին և թույլ չեն տալիս արդյունավետ կանխարգելել բռնությունը:
Այստեղ է, որ առաջ է գալիս հիմնական հարցը, թե արդյոք ստեղծված համակարգը պաշտպանո՞ւմ է ընտանեկան բռնության ենթարկված անձանց, երաշխավորում է նրանց պաշտպանությունն ու աջակցությունը, թե՞ ոչ։
Ընտանեկան բռնությունից պաշտպանության համակարգը ստեղծվել է այն մարդկանց համար, որոնք գտնվում են ամենախոցելի վիճակում։ Այդ համակարգի յուրաքանչյուր բաղադրիչ՝ ոստիկանությունը, դատարանը, սոցիալական ծառայությունները, աջակցության կենտրոնները և բռնություն գործադրած անձանց միջամտության ծրագրերը պետք է գործեն մեկ ընդհանուր նպատակի համար՝ պաշտպանել բռնության ենթարկված անձին և նրա ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը։
Եթե այդ շղթայի ամենակարևոր օղակը՝ դատարանը, սկսում է օրենքով նախատեսված պաշտպանության միջոցը ծառայեցնել այլ նպատակների, ապա խաթարվում է ամբողջ համակարգի տրամաբանությունը։
Դատարանի յուրաքանչյուր որոշում ազդակ է հասարակությանը, ազդակ է մյուս դատավորներին, ազդակ է նաև տուժողներին։ Եվ այս համատեքստում կրկնակի խոցելի է դառնում կինը, այս դեպքում ոչ թե բռնարարի պատճառով, այլ հենց այն արդարադատության համակարգի, որին նա վստահել է իր անվտանգությունը։ Եթե դատարանը կարող է նույն իրավական գործիքը, որը նախատեսված է կնոջ պաշտպանությունը երաշխավորելու համար, օգտագործել նրա իրավունքները սահմանափակելու նպատակով, ապա վտանգի տակ է հայտնվում ոչ միայն մեկ անձի արդար դատաքննության իրավունքը, այլև յուրաքանչյուր կնոջ վստահությունը պետության նկատմամբ։ Իսկ առանց այդ վստահության ընտանեկան բռնության դեմ պայքարի որևէ իրավական համակարգ չի կարող արդյունավետ գործել։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

