«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ դատական դեպարտամենտի կողմից ստացված դրամաշնորհներին:
ՀՀ դատական դեպարտամենտին անհատույց հատկացված գույքի արժեքը 2005-2014թթ.-ին կազմում է ընդամենը 268,3 հազար ԱՄՆ դոլար: Դատական համակարգին գույք հատկացվել է 2007թ.-ին Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրերի (UNDP) շրջանակներում և 2012թ. Եվրամիության կողմից հիմնված Եվրախորհրդի կողմից իրականացված «Աջակցություն արդարադատության հասանելիությանը Հայաստանում» համատեղ ծրագրի շրջանակներում:
ՀՀ դատական դեպարտամենտին ՄԱԿ-ի կողմից տրամադրվել է 18,170 ԱՄՆ դոլար արժողությամբ սերվերներ, իսկ Եվրամիության կողմից տրամադրված համակարգչային տեխնիկայի արժեքը կազմել է 243,900 դոլար: Դատական համակարգին է տրամադրվել նաև 6,240 դոլար արժողությամբ մասնագիտական գրականություն:
296 անուն մասնագիտական գրականությունից միայն 26-ն են հայերեն, որոնց զգալի մասը կազմում են մասնագիտական բառարաներ տարբեր լեզուներով, մնացած 270 գրքերը ռուսերեն են: Հարկ ենք համարում նշել, որ մեր դատական համակարգում մեղավոր չեն թարգմանված գրականության բացակայության մեջ, սակայն բավականին զավեշտալի է այն հանգամանքը, որ մեզ ռուսալեզու գրականություն տրամադրում է Եվրամիությունը և ոչ Ռուսաստանը չնայած նրան, որ գումարի չափը ծիծաղելի փոքր է նույնիսկ այսօվա ճգնաժամի մեջ գտնվող ՌԴ-ի համար:
Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»