«Իշխանությունը ԱԺ հատուկ նիստով փորձում էր կոմպենսացնել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի Ղարաբաղ չգալը». Դավիթ Գալստայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը

Պարո՛ն Գալստյան, այսօր նախատեսված խորհրդարանի հատուկ նիստին ձեր ղեկավարած խմբակցությունը որոշեց չմասնակցել: Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք այդ որոշման պատճառների մասին: Իշխանական խմբակցությունը ի՞նչ նպատակով էր հատուկ նիստ գումարել:

– Չեմ կարող ասել, թե հատուկ նիստի նպատակը որն էր, բայց երևի փորձում էր ինչ-որ ձևով Հայաստանից պետական պաշտոնյաներ հրավիրել, որպեսզի կոմպենսացնի Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղ չգալը:

Արցախի Հանրապետության անկախության օրվանից ի վեր առաջին անգամն է, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունները ներկա չեն Արցախի Հանրապետության հռչակման տոնին: Իսկ մեր չմասնակցելն ու այսօրվա հայտարարությունը ոչ միայն այսօրվա նիստին էին վերաբերում, այլ՝ ընդհանրապես: Մենք այս իշխանությունների հետ չենք մասնակցի այնպիսի նիստերի, որտեղ չենք կարողանա մեր ասելիքն ասել:

Մեզ ձայնից զրկելով՝ փորձել էին երևի հաճոյանալ իրենց վերադաս քաղաքական ուժին՝ «Քաղաքացիական պայմանագրին»:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կազմակերպած՝ մարդկանց Արցախ հրավիրելու գործընթացն ուղղակի խայտառակություն է: Հրավիրել է ՀՀ-ի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին գալ ու մասնակցել Արցախում այդ հատուկ նիստին, հետո հրահանգ է ստացել ու փորձել այն կյանքի կոչել, որ մեր երեք ընդդիմադիր խմբակցությունների շնորհիվ կանխվեց, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ նիստի ժամանակ չենք կարող ելույթներ ունենալ: Այս պարտված իշխանությանը փորձում ենք բացատրել, որ պատգամավորի ձայնը ժողովրդի ձայնն է:

Նիստին մեր չմասնակցելը ուղղված չէ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մեր գործընկերների դեմ, այլ ուղղված է արցախյան իշխանական թևի պատգամավորների գործելաոճի դեմ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մարդ չի՞ եկել:

– Հենց դա էր պատճառը, որ բոլորին հրավիրել էր, բայց վերջին օրով ՔՊ-ի կողմից ստեղծվել է պետական պատվիրակություն՝ յոթ հոգանոց կազմով:

Նրանք փորձում էին իրենց կամքը թելադրել մեզ, որ համամասնությունը պետք է պահվի, դահլիճում պետք է ներկա գտնվեին 7 հոգի ՔՊ-ից, 3 հոգի «Հայաստան» և 1 հոգի «Պատիվ ունեմ» դաշինքներից:

Մեր երեք ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ջանքերի շնորհիվ կարողացանք համոզել կամ բացատրել, որ այդ մոտեցումը ճիշտ չէ, քանի որ «Հայաստան» դաշինքից ժամանել են 11 հոգով, իսկ «Պատիվ ունեմ»-ից՝ 3-ը, պետք է նրանք էլ պարտադիր ներկա լինեն: Այդ մի կոմպրոմիսին գնացին, և մենք ասացինք, որ այս մասին կխոսենք նաև ամբիոնից, դրա համար էլ մեզ զրկեցին ձայնի իրավունքից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը ներկա՞ է նիստին, իսկ իշխանական խմբակցության ղեկավա՞րը, պարո՛ն Գալստյան:

– Իհարկե Ազգային ժողովի նախագահը չի եկել, միայն խմբակցության ղեկավարն է՝ Ալեն Սիմոնյանի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրը Արցախի Հանրապետություն չեն եկել:

– Ինձ թվում է՝ ժողովուրդը երբեք չի սխալվում և ժողովուրդը տվել է իր գնահատականը. Նիկոլ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի կամքը, այսինքն՝ մինչև Ալիևը թույլ չտա, Նիկոլն իրավունք չունի ոտք դնել Արցախում: Եվ դա շուտով կլինի Սյունիքի, Տավուշի մարզերի որոշ հատվածների հետ: Այսինքն՝ այսօր Հայաստանի իշխանությունները կատարում են Ադրբեջանի իշխանությունների թելադրանքը:

Շարունակո՞ւմ եք պնդել, որ Արցախի Հանրապետության իշխանությունն էլ կատարում է Հայաստանի Հանրապետության իշխանության թելադրանքը:

– Մենք դա դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էինք ասում, իսկ այսօր դա արձանագրված փաստ է, որ Արայիկ Հարությունյանն ու իր թիմը Նիկոլ Փաշինյանի կամակատարներն են:

Պարո՛ն Գալստյան, ձեր խմբակցությունը նախաձեռնում էր սահմանադրական փոփոխություններ, որպեսզի նոր ընտրություններ անցկացվեին, ու կարողանայիք, ինչպես ասում էիք՝ ազատվել գործող իշխանությունից: Ի՞նչ փուլում է այդ գործընթացն այսօր:

– Ճանապարհային քարտեզ ենք հրապարակել, որում հստակ քայլեր են նշված, թե այս ճգնաժամային իրավիճակից ինչպես կարելի է դուրս գալ, ու եթե այս իշխանությունն ուզում է վերջնականապես Արցախը չտապալվի, պարտավոր են այդ օրակարգով շարժվել:

Քանի որ նրանք պատերազմից մոտ մեկ տարի անց հստակ տեսլական չունեն ո՛չ Արցախի ճանաչելիության հետագա քայլերի մասով, ո՛չ անվտանգային, ո՛չ կրթության և այլ ոլորտներում, միայն շինարարական ոլորտում ունեն հստակ տեսլական, կյանքի են կոչում, այսպես կոչված, դարի ծրագրեր: Շատ զարմանալի է, որ Արցախի անվտանգության ապահովման մասին այսօրվա իշխանությունը մեկ բառ անգամ չի ասում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am