«Ռուսական կողմը բիոլաբորատորիաները որպես պատրվակ է օգտագործում՝Հայաստանին՝ արդեն Փաշինյանի օրոք թրի տակով անցկացնելու համար». քաղաքագետ

«Ռուսական կողմը  բիոլաբորատորիաները որպես պատրվակ է օգտագործում՝Հայաստանին՝ արդեն Փաշինյանի օրոք թրի տակով անցկացնելու համար». քաղաքագետ
«Ռուսական կողմը բիոլաբորատորիաները որպես պատրվակ է օգտագործում՝Հայաստանին՝ արդեն Փաշինյանի օրոք թրի տակով անցկացնելու համար». քաղաքագետ

Հայաստանի իշխանությունները պետք է պարզաբանում ներկայացնեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության կապակցությամբ, թե Հայաստանի հետ ավարտին են հասցնում փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Ես կարծում եմ, որ բիոլաբորատորիաների հարցը պարզապես ամենակոպիտ ու լկտի ձևով շահարկվում է ռուսների կողմից: Այդ լաբորատորիաները, որոնք ԱՄՆ-ի օգնությամբ ստեղծված են Հայաստանում, գտնվում են առողջապահության նախարարության ենթակայության տակ: Այնտեղ գաղտնի ոչինչ չկա, և ռուսական կողմն այդ ամենը հրաշալի գիտի: Նրանք ուղղակի դա որպես պատրվակ են օգտագործում՝ հերթական անգամ Հայաստանին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք իրենց թրի տակով անցկացնելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Լավրովի հայտարարության համաձայն՝ ավարտական փուլում է փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի Հայաստանի բիոլաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների բացակայությունը: Պատասխանելով ամերիկյան բիոլաբորատորիաների մասին հարցին՝ Լավրովն ասել է, որ ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում կան բիոլաբորատորիաներ:

«Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը, ինչը կերաշխավորի, որ ամեն ինչ թափանցիկ կլինի սպառնալիքների ու ռիսկերի բացակայության երաշխիքների առումով», – հավելել է նա:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ ռուսական կողմի այս հայտարարությանը պետք է հետևի հայկական կողմից պարզաբանում:
«Մենք կարող ենք միայն ենթադրություններ անել այս ամենից, քանի դեռ հայկական կողմը պաշտոնական բացատրություն չի տվել, թե ինչի՛ մասին է բարբաջում պարոն Լավրովը»,- հավելեց Մեհրաբյանը: Քաղաքագետի խոսքով՝ նախ, հայկական կողմը պետք է բացի փակագծերը, թե այդ ի՛նչ փաստաթուղթ են ստորագրելու Ռուսաստանի հետ: Երկրորդ՝ Ռուսաստանը կարող է նման փաստաթղթերի մասին խոսել միայն այն դեպքում, երբ Հայաստանի հետ կկնքի համաձայնագիր, համաձայն որի ոչ մի փամփուշտ Ադրբեջանին չի վաճառի:

Երբ ասվում է, որ օտար զինվորականների մուտքը պետք է բացառվի այդ լաբորատորիաներ, ըստ քաղաքագետի, դա նաև ռուսներին է վերաբերում, նրանք էլ են այստեղ օտար: Երկրորդ՝ ըստ Մեհրաբյանի, Հայաստանն ինքն է որոշում, թե այդ լաբորատորիաներում ի՛նչ զինվորականներ լինեն կամ լինե՞ն, թե՞ ոչ:

Քաղաքագետի խոսքով՝ նման քայլերի գնալով՝ Ռուսաստանն ունի միայն մեկ վախ՝ վախ ապագայի նկատմամբ: «Որովհետև ապագան ոնց էլ դասավորվի, այնտեղ այսօր Ռուսաստանը տեղ չունի: Ա՛յ դրանից էլ վախենում է Ռուսաստանը և նման քայլերի է փորձում դիմել»,- հավելեց նա:

Ռուբեն Մեհրաբյանը նաև չի բացառում, որ ռուսական կողմի այս տեղեկատվությունը կարող է չհամապատասխանել իրականությանը: «Հնարավոր է, որ Լավրովը սուտ է ասում, որովհետև գոնե 2014 թվականից մենք տեսնում ենք, որ Լավրովը զբաղված է օրը երեք անգամ ուտելուց հետո սուտ խոսելով: Այնպես որ, քանի Երևանից պաշտոնական բացատրություններ չկան այդ հայտարարության մասին, մենք կարող ենք խոսել միայն տպավորությունների մասին, ոչ ավելին»,- նշեց նա:

ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաները, Մեհրաբյանի խոսքով, սովորական ռեֆերենտ բաց լաբորատորիաներ են, որոնք աշխատում են Հայաստանում համաճարակները կանխելու համար:

«Այնտեղ զինվորականներն ընդհանրապես անելիք չունեն, դա առողջապահության նախարարությանը ենթակա ստորաբաժանում է, որը բաց է իր գործողությունների մեջ, այնտեղ գաղտնի ոչինչ չի արվում: Պարզապես ռուսները պատրվակ են փնտրում՝ իրենք առանց այն էլ երկար քիթը մտցնելու համար այնտեղ, որտեղ չի կարելի»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am