Միջազգային հանրության կողմից առկա է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման աներկբա ընկալում. ՔՊ-ական պատգամավոր

«Freedom House հեղինակավոր կազմակերպությունը հրապարակվել է իր տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանը կրկին առաջընթաց է գրանցել մի շարք ուղղություններով ՝ ներառյալ ժողովրդավարության ամրապնդումը: Այդ մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

«Զեկույցում մասնավորապես ասվում է. Հայաստանում «2018-ին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը եւ մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021-ին՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։

Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերություններին, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»:

Զեկույցում, ի տարբերություն Հայաստանի առաջընթացի, նշվում է, որ ադրբեջանական ռեժիմը հետընթաց է արձանագրել սկսած 2003-ից ՝ ճնշման ենթարկելով ընդդիմադիր կուսակցությունները, անկախ մեդիան եւ քաղաքացիական ակտիվիզմը: Անդրադարձ է կատարված Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին՝ նշելով, որ 2020-ին Ալիեւը զինված հարձակում սկսեց ԼՂ-ում հայկական զինված ուժերի դեմ, որի հետևանքով հազարավոր մարդիկ սպանվեցին եւ տեղահանվեցին։

Ֆրիդոմ Հաուսի զեկույցում Հայաստանի առաջընթացի արձանագրումը գալիս է լրացնելու միջազգային կառույցների եւ կազմակերպությունների դրական գնահատականը Հայաստանում ընթացող բարեփոխումներին ինչպես ժողովրդավարացման, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի զարգացման եւ անկախության, ընտրական գործընթացի բարելավման ուղղություններում (Varieties of Democracy 2021 զեկույցը, ԵԽԽՎ բանաձեւը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին, Economist Intelligence Unit-ի «Ժողովրդավարության ինդեքս 2021» զեկույցը, Թրանսփարենսի ինթերնեշնլի հրապարակած «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2021» զեկույցը):

Այսպիսով, վերոգրյալի ամփոփմամբ կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրության կողմից առկա է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման աներկբա ընկալում եւ կարեւորում, ինչն էլ մեր միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման եւ ՀՀ շահերը լավագույնս առաջմղելու հարցում առանցքային հենարան եւ գործիք է», -նշել է պատգամավորը: