Զինվորների ընթացիկ բուժման համար Վանաձորի ԲԿ -ում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ տիկին Ւնգա Ստանիտե – Տոլոչկիենեն, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետևել բուժօգնության կազմակերպման գործընթացին: Նրանք մասնավորապես եղել են Վանաձորի ԲԿ-ի նորաստեղծ Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունքում

Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի գործակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք:Վանաձորի կենտրոնը համակցված վերականգնողական կենտրոն է՝ ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական ծառայություններով, որն ամբողջությամբ ծառայելու է զինվորների ընթացիկ բուժմանը:

Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա 12 միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն տեղադրվել է։Ֆրանսիացի և ֆրանսահայ գործընկերների, ինչպես նաև առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ վերականգնողական ծառայություններն այսուհետ հասանելի են, ինչպես արցախյան պատերազմից տուժած, այնպես էլ` վերականգնողական բուժման կարիք ունեցող մյուս քաղաքացիների համար:

Ծրագրի շրջանակներում նաև տեղի մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների դասընթացների շրջանակներում։Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։