«Ապագայի ամենակարեւոր խորհրդատուն անցյալն է». ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց

«Ապագայի ամենակարեւոր խորհրդատուն անցյալն է». ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց
«Ապագայի ամենակարեւոր խորհրդատուն անցյալն է». ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց

Ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ին հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման` հրաժարականի տեքստը նախագահական նստավայրում ընթերցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը իր կողմից պաշտոնն ստանձնելու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհավորեց Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Նա հավաստիացրեց, որ թիմը նվիրական կատարել է նախագահի առջեւ դրված խնդիրները` չբացառելով, որ հաջողությունների հետ եղել են նաեւ բացթողումներ եւ սխալներ: «Ապագայի ամենակարեւոր խորհրդատուն անցյալն է. Ձեր փորձը, անցած ուղին եւ գիտելիքները, մարդկային արժանիքները հույս են ներշնչում, որ պետությունը զարգանալու է եւ ունենալու են նոր վերելքներ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում»,-տեղեկացնում է աղբյուրը:

© Medialab.am