«Ադրբեջանը մինչև վերջ դիմադրելու է, փորձելու է ինչ-որ զիջում կորզել, հետո միայն միջանցքը բացել». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում ելույթի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը մերժել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ արված Հայաստանի գրեթե բոլոր առաջարկները, ու «որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները»: Խաղաղության պայմանագրի կնքումը հեռանկարային համարո՞ւմ եք այս պայմաններում:

– Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, իհարկե, շարունակվելու են, միջնորդները ևս փորձելու են ակտիվացնել գործընթացը, ու եթե Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը հանգուցալուծում ստանա, ամենայն հավանականությամբ, կրկին փորձեր են կատարվելու այդ օրակարգում ինչ-որ առաջընթաց արձանագրել:

Ինչ վերաբերում է Միրզոյանի հայտարարություններին, ապա մեծ հաշվով ինչ-որ նորություն չի ասել: Առնվազն 2022 թվականի գարնանից պարզ էր, որ Ադրբեջանը Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով է խոսում, այդ մասին մենք էլ ենք խոսել՝ նախորդ հարցազրույցների ժամանակ:

Այո՛, Ադրբեջանը ներկայացնում է կոնկրետ պահանջներ, ու եթե Հայաստանը պատրաստ չէ դրանք կատարելու, սպառնում է նոր էսկալացիայով, ու, մեծ հաշվով, Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ևս ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի քաղաքականության մարտավարության մաս են:

– Լաչինի միջանցքի ճգնաժամն ինչպե՞ս է լուծվելու: Արդարացված համարո՞ւմ եք այն պնդումները, որ միջազգային հանրության ճնշումները Ադրբեջանին կստիպեն տեղի տալ:

– Այն, որ միջազգային հանրությունը սկսել է ավելի հասցեական հայտարարություններ տարածել, որ տարբեր բանաձևեր են ընդունվում, և որ ԱՄՆ-ն արդեն գրեթե ուղիղ տեքստով պարբերաբար կոչ է անում Ադրբեջանին բացել միջանցքը՝ ակնհայտ է, ամբողջ հարցն այն է, թե այդ ջանքերը բավարա՞ր են միջանցքը բացելու համար: Այս փուլում կարծես թե բավարար չեն ու պետք է աշխատել այդ ճնշման մեծացման ուղղությամբ, որովհետև միայն բանաձևերի ընդունմամբ ու հայտարարությունների տարածմամբ դժվար թե հնարավոր լինի Բաքվին ինչ-որ բան ստիպել կամ համոզել: Երևանն այս փուլում միայն այդ գործիքակազմն է օգտագործում, քանի որ մեծ հաշվով այլ գործիքներ չկան:

Կա իհարկե Բաքվի ու Մոսկվայի հետ բանակցությունների հնարավորություն, սակայն գիտենք, որ Հայաստանի իշխանությունները նշում են, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունները պետք է Ստեփանակերտը վարի, այլ ոչ թե Երևանը:

– Որքան էլ Հայաստանի իշխանությունը պնդի այդ թեզը, բայց այն իրատեսակա՞ն է, պարո՛ն Գրիգորյան:

– Ինչ-որ մակարդակով կարող են բանակցություններ լինել, ու արդեն նման փորձեր եղել են, որոնք սակայն ձախողվել են, այսինքն՝ հանդիպում է տեղի ունեցել, բայց կողմերը չեն կարողացել որևէ բանի շուրջ պայմանավորվել: Բայց, այնուամենայնիվ, այս հարցն ավելի բարձր մակարդակով լուծվող հարց է, և այդ առումով, իհարկե, Ստեփանակերտի հնարավորությունները սահմանափակ են, և Երևանի մասնակցության կամ ակտիվության դեպքում հնարավոր կլիներ ավելի բարձր մակարդակով այս հարցը քննարկել ու փորձել ինչ-որ լուծումների հասնել:

– Իսկ ինչո՞ւ է իշխանությունը որոշել այդ բանակցություններին չմասնակցել:

– Դե ակնհայտ է. պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունների մոտ կա ընկալում, որ թե՛ Բաքուն, թե՛ Մոսկվան այս ճգնաժամն օգտագործում են Հայաստանից այլ հարցերում զիջումներ կորզելու նպատակով, ու դա է պատճառը, որ ամեն կերպ փորձում են խուսափել հենց այս հարցի վերաբերյալ բանակցություններից:

– Ռուսաստանի մասով այդ ընկալումն արդարացվա՞ծ է:

– Մոսկվայի վերաբերյալ ավելի բարդ է նման մեկնաբանություն անել, բայց կարևորն այն էլ չէ՝ Մոսկվան նմանատիպ դերակատարություն ունի՞, թե՞ ոչ, կարևորն այն է, որ Հայաստանի իշխանությունների մոտ կա նման ընկալում:

– Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայումը Հայաստանում երկու տարի ժամկետով:

– Այն, որ առաքելության տեղակայումն ինչ-որ չափով բարձրացնելու է Ադրբեջանի համար նոր էսկալացիայի գինը, ակնհայտ է, այսինքն՝ այժմ գետնի վրա կա միջազգային ներկայություն, և եթե նույնիսկ ինչ-որ էսկալացիա տեղի ունենա, կարելի է լինելու ավելի հասցեական արձագանք ակնկալել ոչ միայն ԵՄ-ից, այլ նաև նույն ԱՄՆ-ից ու միջազգային այլ դերակատարներից:

Չեմ կարծում, թե առաքելության տեղակայումն ամբողջությամբ բացառում է նոր էսկալացիաների հավանականությունը, Ադրբեջանը վերջին շրջանում այնպիսի լկտի պահվածք է ցուցաբերում, որ կարող է նույնիսկ այդ հանգամանքն անտեսել, բայց, ընդհանուր առմամբ, իհարկե, դրական զարգացում է ու լուրջ ձեռքբերում Հայաստանի համար, որ տեղակայվում է երկարաժամկետ կտրվածքով ու հայ-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով:

– Որ Ադրբեջանն այս առումով իր դժգոհությունը հայտնել է, փաստ է ու սպասելի էր, իսկ Ռուսաստանի կողմից ինչպիսի՞ արձագանք կլինի:

– Դե, Ռուսաստանը ևս ակտիվորեն արդեն իսկ արտահայտում է այդ դժգոհությունը, տարբեր մակարդակներով արդեն հայտարարություններ են եղել, ու այս հարցում ևս Բաքվի ու Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, իհարկե, պատճառները տարբեր են, բայց փաստ է, որ երկուսն էլ դեմ են այդ առաքելության տեղակայմանը Հայաստանում:

Իսկ Հայաստանը կարո՞ղ է այդ հնարավոր ճնշումներին դիմակայել:

– Պետք է հասկանալ, թե ինչ տեսքով են դրանք լինելու, եթե ամեն ինչ սահմանափակվի հայտարարությունների մակարդակով՝ այո՛, բայց չպետք է բացառել ինչ-որ սադրանքներ սահմանին, դրան ևս պետք է պատրաստ լինել:

Ձեր դիտարկմամբ՝ Լաչինի միջանցքի ճգնաժամը մո՞տ է հանգուցալուծմանը, թե՞ դեռ շատ հեռու է:

– Դժվար է ինչ-որ կանխատեսումներ անել, ինչպես արդեն նշեցի, Արևմուտքի կողմից ճնշումը մեծանում է, տեսանք, որ Ռուսաստանի արտգործնախարարը վերջապես ուղիղ տեքստով կարծես թե կոչ արեց Բայրամովին բացել միջանցքը, բայց Ադրբեջանը մինչ վերջ դիմադրելու է, փորձելու է առնվազն ինչ-որ զիջումներ կորզելուց հետո ճանապարհը բացել:

Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան ճնշմամբ Ադրբեջանը կբացի միջանցքը:

– Ռուսաստանի պարագայում խոսքը ոչ թե ճնշման, այլ բանակցությունների մասին է: Ռուսաստանն այս փուլում չի ցանկանում լուրջ գործիքակազմ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե նման ցանկություն լիներ՝ միջանցքը վաղուց բացված կլիներ:

Արևմուտքի պարագայում էլ տեսնում ենք, որ ամեն ինչ սահմանափակվում է հայտարարություններով ու հեռախոսազանգերով, ԵԽ-ի դեպքում՝ բանաձևով, սա ևս դժվար թե բավարար լինի միջանցքը բացելու հարցում:

Ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանը փորձելու է ինչ-որ զիջում կորզել, հետո միայն միջանցքը բացել, առանց այդ զիջումների քիչ հավանական եմ համարում միջանցքի բացումը:

Տեղում զիջումների մասով՝ այդ հանքերի նկատմամբ վերահսկողությունն է ինչ-որ ձևով, երկրորդը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական հնարավոր անցակետերի տեղադրումը: Կան նաև այլ պահանջներ, բայց գետնի վրա հիմնականում այս երկուսն են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am