«Ի՞նչ խաղաղության օրակարգ, Հայաստանը պարզապես կատարում է Ադրբեջանի ներկայացրած վերջնագրերը». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

 – Պարո՛ն Գրիգորյան, երեկ խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն են իրենց որոշումներով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։1998-ին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու և 1999-ի նոյեմբերին ԵԱՀԿ ստամբուլյան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով է, ըստ Փաշինյանի, Հայաստանը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Հավելեց նաև, որ իր իշխանությունն էլ ամեն բան արել է այդ իրողությունը շրջելու համար, բայց չի հաջողել, ու հիմա ինքը պետք է ու գնում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհով: Ձեր գնահատականը խնդրեմ:

– Իր ոճով ելույթ էր. բազմաթիվ մանիպուլյացիաներ էր իրականացրել, որպեսզի արդարացնի տեղի ունեցող բոլոր ձախողումները: Ես մտածում էի, որ բավական դժվար է լինելու հետպատերազմյան փուլի ձախողումներն ու սխալները վերագրել ինչ-որ երրորդ ուժերի, բայց փաստացիորեն տեսանք, որ երեկ նա նույնիսկ այդ քայլին դիմեց: Այսինքն՝ երբ խոսում էր 20 թվականի պատերազմում տարբեր ուժերի պատասխանատվության մասին, էլի ինչ-որ տրամաբանություն կար, որովհետև 20 թվականի պատերազմն ու պարտությունը մի շարք գործոնների ընդհանրության հետևանք էին, բայց հետպատերազմական փուլում, երբ բոլոր որոշումներն ամբողջությամբ կայացվել են իշխող թիմի կողմից, ու նրանց սխալների հետևանքով ենք հայտնվել այս իրավիճակում, անլուրջ է ինչ-որ երրորդ ուժերի մեղադրել:

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, արդեն ծիծաղելի է, ի՞նչ խաղաղության օրակարգ, պարզապես ուժի սպառնալիքի ներքո Հայաստանին ստիպում են ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, որոնց մեջ չկա որևէ կետ, որը կբխի Հայաստանի շահերից: Հայաստանը պարզապես կատարում է Ադրբեջանի ներկայացրած վերջնագրերը, ու սա խաղաղության դարաշրջան անվանելն իհարկե զավեշտ է, բայց, դե, գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է իրեն պարտադրված տարբեր գործընթացներ բրենդավորել ու ներկայացնել որպես հաջողություն, որի օրինակներից մեկն այսպես կոչված «Հայկական խաչմերուկ» ծրագիրն է:

Եթե ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, Արցախը դեռ երկրորդ նախագահն է ճանաչել Ադրբեջանի կազմում, մի տեսակ կեղծ օրակարգ չի՞ դառնում այն, որ գործող իշխանությունը հայտարարում է, թե Ադրբեջանի ու միջնորդ կողմի հետ քննարկում են «Ստեփանակերտ-Բաքու քննարկումների միջազգային մեխանիզմի ստեղծման» վերաբերյալ հարց:

– Դա բացահայտ անգրագիտություն է. առաջին անգամ չէ, որ այդ մանիպուլյացիան անում է: 2007 թվականին սեղանին դրված Մադրիդյան փաստաթուղթը լավագույն փաստաթուղթն է, որը ներկայացվել է կողմերին, այսինքն՝ այդ փաստաթուղթը ամենաշահավետն էր հայկական կողմի համար, դրանից լավ փաստաթուղթ երբևէ՝ ո՛չ մինչ այդ, ո՛չ էլ դրանից հետո, չի եղել սեղանին:

Դիտարկումը, թե Մադրիդյան սկզբունքներում հետաձգված հանրաքվեի մեխանիզմը ներդնելով Արցախի ապագա կարգավիճակը Ադրբեջանից կախվածության մեջ ենք դրել, ևս բացահայտ անգրագիտություն է: Սրանք այնքան անլուրջ պնդումներ են, որ անիմաստ էլ է նույնիսկ հակադարձելը, չնայած շատերն այս տրամաբանությունից ելնելով էլ չեն հակադարձում, բայց Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ չեն հակադարձում, ուրեմն ճիշտ է:

Ստեփանակերտ-Բաքու ուղիղի շփումը ևս իրականության հետ աղերս չունեցող խոսույթ է, իհարկե հայկական կողմը հիմա օգտագործում է դա, ադրբեջանական կողմի հետ ամեն հեռախոսազանգից կամ հանդիպումից հետո նշում են, թե իբր քննարկվել է այդ հարցը, բայց ես պատկերացնում եմ, թե այդ քննարկումն ինչպես է եղել:

Միգուցե հայկական կողմը խոսել է դրա մասին, բայց իրականում բացառվում է մի իրավիճակ, որ Ադրբեջանը կարող է համաձայնել Ստեփանակերտի հետ ինչ-որ քաղաքական հարցերով երկխոսության մեջ մտնել: Ադրբեջանի իշխանությունները չեն ճանաչում Ղարաբաղը որպես վարչատարածքային միավոր, ի՞նչ երկխոսության մասին է խոսքը, Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հարցը նույնիսկ Հայաստանի հետ քննարկելու, ինչպե՞ս են քննարկելու Ստեփանակերտի հետ: Սա պարզապես սեփական դեմքը փրկելու PR քայլ է ու ստորագրվելիք փաստաթղթից հետո կամ առաջ հանրային ընկալումները մեղմելուն ուղղված քայլ:

Այդ ստորագրվելիք փաստաթուղթն ի՞նչ բովանդակություն է ունենալու, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից ի՞նչ կարելի է եզրակացնել. Արցախը ճանաչելո՞ւ է Ադրբեջանի մաս, պարո՛ն Գրիգորյան:

– Դե ակնհայտ է արդեն, թե ինչ է լինելու. այդ փաստաթղթի հիմքում ընկած են լինելու դեռևս մարտին Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը, կողմերը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը և ստանձնելու են պարտավորություն տարածքային պահանջներ չունենալ միմյանց նկատմամբ ու նմանօրինակ այլ կետեր:

Արցախի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, որևէ հիշատակում չի լինելու, ու դա, այո՛, Ադրբեջանն առնվազն կարող է որպես փաստ ներկայացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, և որ ղարաբաղյան հակամարտություն արդեն գոյություն չունի, լուծված է, որովհետև հակամարտության կողմերից մեկը, մեծ հաշվով, որևէ խնդիր ու պահանջ չունի:

Պրահայում կայանալիք հանդիպումներից ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ. նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների հետ:

– Կարծում եմ՝ քառակողմ այդ ձևաչափով անցկացվող հանդիպումից ակնկալիքները պետք է լինեն այն, որ այդ խաղաղության պայմանագրի օրակարգով, հնարավոր է՝ կողմերն առաջընթաց գրանցեն, որովհետև, ինչպես տեսնում ենք, Հայաստանն ամբողջովին ընդունում է Ադրբեջանի պահանջները, և եթե Ալիևն էլի ավելորդ մաքսիմալիզմ չցուցաբերի, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ այդ փաստաթուղթը մինչև տարեվերջ ստորագրվի:

Ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպմանը, այս գործընթացը ևս կապված է հայ-ադրբեջանական գործընթացի հետ, եթե այդ գործընթացում Բաքուն ստանա իր ցանկալի արդյունքը, հետագայում գուցե նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց լինի: Կոնկրետ հանդիպումից առանձնակի սպասելիքներ չարժի ունենալ:

Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը Նիկոլ Փաշինյանի նշած տեսքով՝ 29800 քառակուսի կիլոմետր:

– Դժվար է ասել, բայց չեմ էլ բացառում, որ Ադրբեջանը կարող է ի վերջո դա ներկայացնել որպես զիջում և, օրինակ՝ հետ քաշվել 2021 թվականի մայիսից Հայաստանի օկուպացրած տարածքներից, այդ թվում նաև՝ վերջին էսկալացիայի հետևանքով օկուպացրած տարածքներից:

Մեծ հաշվով, պետք է հասկանալ, որ այս էսկալացիաների ու հայկական տարածքի օկուպացիայի, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանը ներկայացվող սպառնալիքի հիմնական նպատակներից մեկը եղել է այն, որ Հայաստանը մի կողմ թողնի Լեռնային Ղարաբաղի հարցը և մտածի սեփական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մասին:

Այս առումով եթե նույնիսկ հաջողվի ադրբեջանցիներին համոզել, որ նրանք հետ քաշվեն այդ դիրքերից, թեև մինչ օրս նման նախադեպ չի եղել, պետք է լինելու արձանագրել, որ Ալիևը էլի հասել է իր բոլոր նպատակներին: Ի սկզբանե այդ գործողություններն իրականացվում էին այդ նպատակով, որպեսզի ապագայում «փոխանակվեն» Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ճանաչման դիմաց:

Պարո՛ն Գրիգորյան, եթե իհարկե հնարավոր է՝ ապա ի՞նչ միջոցով կարելի է բեկել ստեղծված իրավիճակը:

– Վերջին պահին խոսել ինչ-որ բեկման կամ հնարավորության մասին՝ սխալ է: Այլ ելք ունենալու համար առնվազն ամիսներ առաջ էր պետք նորմալ աշխատանք կատարել, բայց մի պարագայում, երբ իշխանությունը մեկ տարվա ընթացքում երեք անգամ փոխում է իր դիրքորոշումն արցախյան հիմնահարցում, խոսել ինչ-որ բեկման մասին՝ անիմաստ է: Տեսական լուծումների մասին, իհարկե, կարող ենք խոսել, բայց քանի դեռ նման ոչ կոմպետենտ իշխանություն ունենք, անիմաստ է խոսել ինչ-որ լուծումների մասին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am