Զոլաքարում հողի տակից դուրս են եկել հնագիտական արժեքներ

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում պատմության ուսուցիչ Օնիկ Հովսեփյանը սեփական հողամասում հողագործական աշխատանքներ կատարելիս հողի տակ հայտնաբերել է հին շինության քարե սյան պատվանդան եւ թոնրի ու դաշույնի մնացորդներ:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Օնիկ Հովսեփյանը, ինքը Զոլաքարի հարավարեւելյան ծայրամասում գտնվող իր հողամասում հնագիտական բավականաչափ արժեքներ հողի տակից հանել է դեռ մի քանի տարի առաջ, իսկ հերթական գտածոները մեկ անգամ եւս փաստում են, որ Զոլաքարի տարածքը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից, եւ որ այստեղ բնակված մարդիկ վարել են նստակյաց կյանք՝ թողնելով մշակութային հարուստ ու հետաքրքիր ժառանգություն:

 «Իմ հողամասում մի քանի տարի առաջ գտնվեցին հնագիտական բազմաբովանդակ իրեր՝ թոնիր, մետաղադրամներ, պահեստարաններ, քարե մշակված գործիքներ, խեցեղեն, ճրագակալ: Գտածո նյութերը մինչ այժմ պահպանվում են ինձ մոտ: Թեեւ դրանց մասին արվել է հրապարակում տեղական ու հանրապետական զանգվածային լրատվության միջոցներով, սակայն մինչ այժմ հնագետները որեւէ հետաքրքրություն չեն ցուցաբերել: Տարածքը շատ քարապատ էր, գրեթե ամեն տարի հսկայական քանակությամբ քարեր եմ հեռացրել հողամասից, նաեւ՝ մեծ չափերի սալեր, որոնցից մեկի տակ միշտ կորչում էր ջուրը ոռոգման ժամանակ:

Երբ ջարդեցի ու բարձրացրի սալի մնացորդները, տակից անտեսանելի խորության հոր բացվեց: Այս տարի էլ որոշեցի հեռացնել հերթական մեծ քարերից մեկը, ինչի արդյունքում էլ հայտնաբերվեցին այս թոնիրը եւ քարե սյան խոյակ-պատվանդանը: Թոնիրը զարմացնում է իր պատերի բարակությամբ և ավելի շատ հիշեցնում բերանքսիվայր թաղված կարասի: Կարելի է նաեւ այն նմանեցնել հեթանոսական կրակարանի: Իսկ քարե պատվանդանը փաստում է, որ այստեղ շատ հին ժամանակներում ճարտարապետական կառույց է բարձրացել, գուցե և հեթանոսական տաճար: Այստեղ մշակվել է երկու տեսակի կավ՝ սեւ եւ կարմիր, որոնք առկա են իմ գտածոներում:

Իմ կարծիքով՝ մենք գործ ունենք հնագույն դարաշրջանների հետ, որոնցից մնացած արժեքները կարող են պակերացում տալ Հին Հայաստանի բնակչության կենցաղի, մշակույթի, հավատալիքների, հասարարական հարաբերությունների, այլ գաղտնիքների մասին: Ամեն դեպքում, այս տարածքը հնագիտական լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Իմ հողամասից մի քանի հարյուր մետր դեպի արեւելք, քարհանքի հարեւանությամբ, մի քանի տասնամյակ առաջ բացվեցին հնագույն դամբարաններ, որոնք ծածկվեցին՝ առանց համապատասխան ուսումնասիրության»,-ընդգծեց Օնիկ Հովսեփյանը: