Էրդողանը հիշեցնում է Արևմուտքին, որ կա Թուրքիան, որը կարող է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից ու փոխարինել նրան. Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում մամուլի ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների թեմային՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկատարի պայմանավորվածությունը ու մինչև 2025 թվականը ռուս խաղաղապահները կմնան Արցախում, որից հետո կլքեն այդ տարածքը։ Ձեր դիտարկումները կխնդրեմ այս հայտարարության մասով։

– Ելնելով հանգամանքից, որ հարցը տվել է ադրբեջանցի լրագրող, ես կարծում եմ, որ սա նախապատրաստված հարց է եղել։ Երկրորդ՝ այս հայտարարությունը երկու իմաստ ունի․ առաջինն այն է, որ Էրդողանը կրկնել է այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում, այսինքն՝ այս հայտարությունը նորություն չէ, բայց մյուս կողմից՝ հենց այդ հարցը հնչեցնելն ու դրան պատասխանելը, կարծում եմ, պետք է դիտարկել Թուրքիայի՝ դեպի Արևմուտք տեղի ունեցող ռևերանսի շրջանակներում:

Թուրքիան դրանով Արևմուտքին ցույց է տալիս, որ 2025 թվականից հետո արդեն Ռուսաստանը ոչ միայն Արցախում, այլ նաև Հարավային Կովկասում կսկսի իր դիրքերը կորցնել: Այդպիսով, նա հիշեցնում է Արևմուտքին, որ կա Թուրքիան, որը կարող է արագացնել Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղումն ու փոխարինել նրան։ Սա է ողջ կոնտեքստը, որը պետք է նկատի ունենալ։

– Ճի՞շտ հասկացա, որ Թուրքիան հիմա իր արտաքին քաղաքականության ուղղվածությունն ուղղել է դեպի Արևմուտք։

– Իհարկե, դա ակնհայտ է, ես կարծում եմ, որ Թուրքիան դա անում է առաջին հերթին ելնելով ֆինանսական, տնտեսական այն ծանր վիճակից, որն այժմ առկա է Թուրքիայում։ Էրդողանի վերընտրվելուց հետո ֆինանսների նախարար ու Կենտրոնական բանկի ղեկավար նշանակվեցին մարդիկ, որոնք սերտորեն կապված են արևմտյան, մասնավորապես՝ ամերիկյան ֆինանսական շրջանակների հետ։ 

Նրանց պաշտոնի նշանակվելուց մի քանի օր անց Էրդողանին ներկայացվեց մի փաստաթուղթ, որում, ըստ իս, հենց նախանշված է այն, որ Թուրքիային այս վիճակից կարող է դուրս բերել միայն ամերիկացիների ազդեցության տակ գտնվող ֆինանսական կառույցների օժանդակությունը, դրա համար էլ սկսվեց փոփոխություն նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ դեպի Արևմուտք, ինչը սիմվոլիկ ձևով արտահայտվեց, երբ նրանք «Ազով» գնդի հրամանատարներին հանձնեցին Ուկրաինային՝ այդկերպ բացահայտ խախտելով ռուսների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այլ կերպ ասած՝ դա ապտակ էր ռուսներին, ու դա հենց հատուկ արվեց, որ ցույց տային, թե իրենք կարող են ռուսների նկատմամբ անել դա՝ խախտել պայմանավորվածությունները։ 

Ես նաև կարծում եմ, որ Թուրքիան այն, ինչ անում է հիմա, ուզում է կոնկրետ օգուտներ ստանալ ԱՄՆ-ից, որոնք կապված են ոչ միայն ֆինանսական ծանր դրության, այլ նաև F-16 կործանիչների արդիականացված տարբերակներ ստանալու հետ։ 

Ես նաև չեմ կարծում, թե Թուրքիան կհրաժարվի այն առավելություններից, օգուտներից, որ ստանում է Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Թուրքիայում երևի հաշվարկել են, որ կարող են ռևերանս անել դեպի Արևմուտք՝ այնտեղից մի բան պոկեն, ստանան, բայց աշխատեն պահել այն, ինչ ունեն Ռուսաստանի հետ, որովհետև տասնյակ միլիարդների օգուտ է ստանում այն բանի համար, որ իր տարածքը բաց է պահում Ռուսաստանի համար։ Այնպես որ, սա Թուրքիայի կողմից հերթական խաղն է։

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ Թուրքիայի կողմից նման, ինչպես ասացիք՝ ապտակները, համարժեք արձագանք ստանո՞ւմ են Ռուսաստանի կողմից:

– Հռետորաբանության մակարդակով ստացան․ ամենակոշտ հայտարարությունը, բացի պատգամավորներից, արեց նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարը՝ ասելով, որ այն, ինչ արել է Թուրքիան, «վատ է»։ Հռետորաբանության մակարդակով՝ այո՛, եղավ պատասխան, մյուս կողմից էլ այն, որ Էրդողանը հայտարարում է, թե օգոստոսին հանդիպելու է Պուտինի հետ, իսկ Կրեմլից Պեսկովը հայտարարում է, թե դեռ ոչ մի պայմանավորվածություն չկա, ևս հռետորական պատասխան է Ռուսաստանի կողմից։ 

Ամբողջ հարցն այն է, թե Ռուսաստանը կկատարի՞ իրական քայլեր, թե՞ կսահմանափակվի հռետորաբանությամբ, որովհետև Թուրքիան իրական քայլ կատարեց, խախտեց խոսքն ու այդ հինգ հրամանատարին թույլ տվեց վերադառնալ Ուկրաինա։

– Իսկ Թուրքիան կարո՞ղ է 2025-ից հետո Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, Արևմուտքը օգնո՞ւմ է այս հարցում Թուրքիային։

– Թուրքիան Ադրբեջանի միջոցով կձգտի, որ ռուս խաղաղապահները մինչև 2025 թիվը չմնան, ավելի շուտ դուրս գան։ Շատ բան իհարկե կախված կլինի համաշխարհային քաղաքական իրադրությունից, Ռուսաստանի դրությունից՝ կապված ուկրաինական պատերազմի հետ և այլն, այսինքն՝ կփորձեն մինչև 2025 թվականն այդ հարցը լուծել, բայց ռուսները կձգտեն 25-ից հետո էլ խաղաղապահներին պահել Արցախում: Դա հնարավոր կլինի, եթե իրենք կարողանան ճնշել Ադրբեջանին, բայց էլի շատ բան կախված կլինի աշխարհաքաղաքական իրադրությունից։ 

Ռազմավարական առումով Թուրքիան նպատակ ունի Հարավային Կովկասը վերցնել իր հսկողության տակ՝ Ադրբեջանին օգտագործելով այդ նպատակին հասնելու համար։ Այստեղ նաև կա Արևմուտքի հանգամանքը․ տեսնում ենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն նախևառաջ ու Եվրամիությունն են սկսում ակտիվանալ Հարավային Կովկասում, այսինքն՝ եթե առաջ նրանք այս տարածաշրջանը համարում էին Ռուսաստանի ազդեցության ոլորտ ու աշխատում էին այստեղ առանձնապես ակտիվություն չցուցաբերել, հիմա տեսնում ենք, որ սկսում են ակտիվանալ։ 

Ես կարծում եմ, որ դա կապված է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հետ, արևմտյան տեսաբանները կանխատեսում են, որ եթե Ռուսաստանը մի անգամ էլ այս պատերազմի հետևանքով թուլանա, ապա Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան կդառնա իրենց համար, ու Արևմուտքը կփորձի այն վերցնել իր ազդեցության տակ՝ իհարկե օգտագործելով նաև Թուրքիային։ 

Չեմ կարծում, որ Արևմուտքի համար միայն Թուրքիան է կարևոր՝ որպես իրենց ներկայացուցիչ այստեղ, ո՛չ իհարկե, Թուրքիան Արևմուտքի մաս է կազմում, սա անկասկած, բայց նրանք էլ կուզեն իրենց ներկայությունն ունենալ տարածաշրջանում։ Թուրքիան որքան էլ Արևմուտքի մաս է, այնուամենայնիվ, առաջին հերթին իր խաղն է խաղում, որը հետևյալն է․ Հարավային Կովկասը վերցնել իր աշխարհաքաղաքական ազդեցության ներքո ու օգտագործել այն թուրքական այդ մեգանախագծի՝ պանթուրքիստական նախագծի համար։ 

Այս տեսանկյունից Հարավային Կովկասը կարևոր է և՛ Ադրբեջանի, և՛ Կենտրոնական Ասիայի առումով, այստեղ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն ադրբեջանական պրոյեկտ է, այլև ռազմավարական առումով՝ թուրքական։ Արևմուտքը սակայն շատ լավ հասկանում է, որ Թուրքիան նաև իր խաղն է խաղում, ու ես չեմ կարծում, թե հավաքական Արևմուտքը համաձայն կլինի, որ Թուրքիան միայնակ ներկայացնի Արևմուտքը Հարավային Կովկասում: Եթե Ռուսաստանին թուլացնեն, իրենք կփորձեն սահմանափակել Թուրքիայի այդ ագրեսիվ քաղաքականությունը, որն առանձնապես արևմտյան շահերից չի բխում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am