«Ես հարցեր ունեմ Ալեն Սիմոնյանին՝ 10 հազար դրամով աշխատավարձը ավելացնելով բանակի բարեփոխո՞ւմ են անում». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է զինվորական գործերով փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, նախ՝ զորամասի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական դեպքից անցել է հինգ օր, սակայն հարուցված վարույթի շրջանակներում որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Ի՞նչ է սա նշանակում:

– Նախաքննական մարմինը հավանաբար աշխատում է հանգամանքների ուսումնասիրության ու մասնակիցների շրջանակը պարզելու վրա: Ես ակնկալում եմ, որ իրենց իրավասությունների շրջանակում կանեն հնարավորը, բազմակողմանի, հիմնավոր, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար կուսումնասիրվեն հնարավոր բոլոր վարկածները, կբացառվեն անհավանական տարբերակները, ու արդյունքում կունենանք օբյեկտիվ ու ճշմարտությանը մոտ պատկեր:

Այս ամենից հետո հնարավոր կլինի խոսել այս կամ այն անձի պատասխանատվության մասին:

– Ինչո՞ւ է հապաղում նախաքննական մարմինը, երբ դեպքից անմիջապես հետո 8 զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան, պաշտոնանկ արվեցին: Մասնագետներն ասում են՝ կորպուսը գլխատվեց:

– Գործ ունենք տարբեր երևույթների հետ, դա վարչական պատասխանատվություն է, կարգապահական պատասխանատվություն է և քրեաիրավական ոլորտի հետ չի առնչվում: Ես անձամբ կարծում եմ, որ այդ պաշտոնանկությունները հանրության զայրույթը քիչ թե շատ մեղմելուն միտված օպերատիվ քայլ էին: Մենք հետո դրանց գնահատականը կտանք:

Ինձ համար այս պարագայում էականն այն է, որ հանրության շրջանում բազմաթիվ հավանական, անհավանական վարկածներ են շրջանառվում, և ես գտնում եմ, որ իրավասու մարմինները հենց այստեղ պետք է դրսևորեն բացառիկ պրոֆեսիոնալիզմ և ճշմարտությունը ներկայացնեն հանրությանը:

Եթե որևէ օղակի կողմից փորձ արվի գործը ծածկադմփոց անել կամ շեղել քննության ճիշտ ընթացքը, կամ որևէ մեկին պատասխանատվությունից խուսափելու համար նախադրյալներ ստեղծել, կամ այլ վարկածով առաջնորդվել, մենք գործ կունենանք պետության հիմքերը խարխլելու, մեր հանրությանը մոլորեցնելու ստորագույն քայլի հետ:

Ես կարծում եմ, որ վարույթն իրականացնող մարմինները պետք է դրսևորեն չափազանց բարձր պատասխանատվություն, և ես հորդորում եմ պատկան կառույցներին առավելագույն թափանցիկություն ապահովել այս քրեական վարույթի շրջանակներում:

Ինձ համար այս դեպքը կարմիր գիծ է, սառը ցնցուղ է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի մեր բանակի կռած մեջքը շտկելու համար:

Այսպիսի դեպքերը նաև պատժելիության բացակայության հետևանք են. եթե տարիներ շարունակ մեղավոր անձինք պատասխանատվության ենթարկվեին իրենց արածների համար, վստահեցնում եմ՝ մենք նման ողբերգական իրավիճակ չէինք ունենա: Իսկ մեղավորները իրենց ոտքով-գլխով, ամեն ինչով պետք է պատասխան տան:

– Պարո՛ն Նորիկյան, քրեական վարույթի հիմքում ընկած է հիմնականում այն վարկածը, որը Կառավարության նիստում ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դուք վարչապետի կողմից նախաքննական մարմնին ուղղորդում չե՞ք տեսնում:

– Շատ լավ կլիներ, որ որևէ վարկածի վերաբերյալ ոչ մի նախնական տպավորություն չարվեր: Այսինքն՝ արձանագրվեր փաստը և տեղեկացվել, որ ողբերգության հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն:

Բնականաբար, այո՛, պետք էր ավելի զուսպ, ավելի սահմանափակ լինել: Եթե անգամ կար վարկած, որի վերաբերյալ պետք է հանրությանը տեղեկատվություն տրամադրվեր, ապա ցանկալի կլիներ, որ այդ տեղեկությունը տրամադրեին իրավասու մարմինները:

Հակառակ պարագայում, այո՛, հանրության որոշ շերտի մոտ մնում են կասկածներ, հատկապես երբ իրավասու պաշտոնյաները իրարամերժ փաստական հանգամանքներ են մատնանշում:

Ես ինքս եղել եմ դեպքի վայրում, ես ինքս տեսել եմ ողբերգական պայմանները և այս պահին ակնկալում եմ, որ մեր իրավասու մարմինները այս առումով շատ կարճ ժամանակահատվածում կտան լիարժեք պատասխաններ: Այս դեպքը ես պահելու եմ իմ ուշադրության կենտրոնում և ինքս հետամուտ եմ լինելու, որ օբյեկտիվ քննություն իրականացվի:

– Դեպքից անմիջապես հետո, պարո՛ն Նորիկյան, շատերը սկսեցին պահանջել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը, լրատվամիջոցներով հարցումներ էին արվում, և դրանց մեծ մասը կողմ էր հրաժարականին: Սակայն երեկ արդեն իշխող ուժը իր պատգամավորների միջոցով հանրությանն ասում էր, որ Պապիկյանի մեղքը չկա և ավելին, Ալեն Սիմոնյանը նույնիսկ հայտարարեց, թե Պապիկյանը դրա հետ կապ չունի: Ի՞նչ կարծիքի եք այս ամենի մասին դուք:

– Իսկ ո՞վ կապ ունի, լավ, ո՞վ կապ ունի: Ընդհանրապես, այս կամ այն չինովնիկի հրաժարականով խնդիր չի լուծվում, որովհետև Պապիկյանը Նիկոլ Փաշինյանի չորրորդ պաշտպանության նախարարն է: Որ Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց, որ Արշակ Կարապետյանը, Վաղարշակ Հարությունյանը ազատվեցին, հանրությանը տրվեցի՞ն սպառիչ բացատրություններ, թե այդ մարդիկ ինչո՞ւ են ազատվել այդ պաշտոններից:

Լավ էին աշխատում՝ ինչո՞ւ եք ազատել, վատ էին աշխատում՝ ինչո՞ւ չեք պատժել: Մեր երկրում անպատժելիության մթնոլորտն է բերել այսպիսի բառդակի:

Ասենք, որ Վաղարշակ Հարությունյանին փոխարինել են Պապիկյանով, ինչ-որ բա՞ն է փոխվել: Ես համակարգային փոփոխությունների մասին կուզեի խոսեին: Նման ողբերգական դեպքերում, նման տապալումների պարագայում չինովնիկը չպետք է սպասի, որ իրենից հրաժարականի պահանջ ձևակերպեն: Մենք պետք է մշակույթ ձևավորենք հանրության մոտ, որ տապալված գործիչը չպետք է սպասի, որ իրենից հրաժարական պահանջեն, ինքը պետք է սուսուփուս գրի հեռանա:

Բոլոր ոլորտներում է այդ խայտառակ տապալումը՝ Երևանի քաղաքապետարանում, առողջապահության համակարգում, ոստիկանական համակարգում ու շատ տեղերում: Այս ամենը ձախողված պետական կառավարման, ռազմավարական մտածողության բացակայության հետևանք է:

– ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, ասում է՝ եթե բանակում բարեփոխումներ չլինեին, մենք ավելի շատ այսպիսի դեպքեր կունենայինք:

– Ով՝ ով, ես շատ լավ եմ տիրապետում բանակի ներքին խոհանոցին. բանակն այն օրգանիզմն է, որին ծանոթ է Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք: Չկա տուն, որը բանակի հետ կապվածություն չունենա: Էդ ի՞նչ բարեփոխում է արվել, որ մեզ համար տեսանելի չէ:

Իսկ Ալեն Սիմոնյանը գիտի՞՝ ՀՀ ռազմական դոկտրինը երբ է ընդունվել, մեր երկիրն ինչ ռազմական դոկտրինով է առաջնորդվում, 2020-ի աղետալի պատերազմից հետո ինչո՞ւ մեր ազգային անվտանգության ռազմավարությունը չի փոխվում, մեր ունեցած հայեցակարգով ի՞նչ մոդելի բանակ պետք է ունենանք:

Հայաստանի այսօրվա զինված ուժերը ի՞նչ կոնցեպտի հիման վրա են բարեփոխվում, 5 տարի հետո ի՞նչ բանակ ենք ունենալու, մեր կադրային քաղաքականությունը ի՞նչ մասնագիտական չափորոշիչների հիման վրա է գործում, մենք ունե՞նք համապատասխան ռազմակրթական հաստատություններ, մեր զորակոչային ռեսուրսը արդյոք համապատասխանո՞ւմ է այսօրվա բանակի չափանիշներին: Մարդկանց աշխատավարձը 10 հազար դրամով ավելացնելով, էստեղից-էնդեղից գեներալ հանել-նշանակելով բանակի բարեփոխո՞ւմ են անում: Ախր որ մի բանից չեն հասկանում, ավելի լավ է՝ լռեն, էլի:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am