Հայհոյել է, բազմաթիվ հարվածներ հասցրել ոստիկաններին և դիմել փախուստի․ ՔԿ

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են միջոցառումներ՝ նախօրեին Երևան քաղաքի Թումանյան փողոցում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները բարզելու ուղղությամբ:

2021թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ոստիկանության ՊԾ գնդի ծառայողներնեը, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ծառայություն իրականացնելիս, Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկի հարևանությամբ ավտոմեքենան չթույլատրված վայրում կայանելու համար Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ վարչական իրավախախտումն արձանագրելու նպատակով, մոտեցել են վերջինիս, պատշաճ կարգով պարզաբանել նրա արարքի հակաիրավական բնույթը և պահանջել տարհանել ավտոմեքենան:

Վերջինս, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն գործադրելու սպառնալիքով, հայհոյել է, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին և դիմել փախուստի, սակայն փախուստի ժամանակ բռնվել, բերման է ենթարկվել և նույն օրը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից։