«Կիսուրս դարդի մեջ էր, ասում էր՝ տունս քանդիր, օջախս ցամքըցավ, սկեսուրս ջոկել էր, սիրտը վկայում էր, որ աղջիկ ա». «ավանդույթներ»՝ հանուն սելեկտիվ աբորտների

«Կիսուրս դարդի մեջ էր, ասում էր՝ տունս քանդիր, օջախս ցամքըցավ, սկեսուրս ջոկել էր, սիրտը վկայում էր, որ աղջիկ ա». «ավանդույթներ»՝ հանուն սելեկտիվ աբորտների
«Կիսուրս դարդի մեջ էր, ասում էր՝ տունս քանդիր, օջախս ցամքըցավ, սկեսուրս ջոկել էր, սիրտը վկայում էր, որ աղջիկ ա». «ավանդույթներ»՝ հանուն սելեկտիվ աբորտների

«Իրանք որ որոշել էին, ես ո՞վ էի, որ հակառակվեի: Ասին՝ պտի հանես էդ էրեխուն, ես էլ հանեցի». Գայանեն 5 տարի առաջ ազատվել է աղջիկ երեխայից, աբորտ է արել պտղի 12 շաբաթականը լրանալուց հետո: Ասում է՝ սկեսրոջ ու ամուսնու պնդմամբ է գնացել այդ քայլին:

Գայանեն ապրում է Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկում, խնդրեց համայնքի անունը չնշել, որ ծանոթները հանկարծ չճանաչեն: Հետո ավելացրեց.

«Բայց, դե, էտի մեր մոտը սովորական բան է: Հարսների մեծ մասը երկրորդ-երրորդ աղջկան հանում ա»:

30-ամյա Գայանեն ասում է՝ երկու աղջիկ ունի, երբ երրորդ անգամ էր հղիացել, սկզբում ամուսինն ու սկեսուր-սկեսրայրն ուրախացել էին, բայց հետո սկեսուրը կանխագուշակել էր՝ երրորդն էլ է աղջիկ լինելու.

«Էրեսիս լաքեք էին դուս տվել: Ըսկի փորս մի կարգին չէր էրևում, կիսուրս ասեց՝ էսի հաստատ աղջիկ ա, Գայանը գեշացել ա: Կիսուրս դարդի մեջ էր, ասում էր՝ տունս քանդիր, օջախս ցամքըցավ: ԷԽՈ-ն հլը բան ցուց չէր տալի, սկեսուրս ջոկել էր, սիրտը վկայում էր, որ աղջիկ ա, իսկ ես արդեն անուն էի որոշել… չթողին ծնվի»:

Մինչ բժիշկները կպարզեին պտղի սեռը, Գայանեի սկեսուրը փորձում էր ամեն քայլի գնալ, միայն թե իր կանխագուշակած աղջիկը չծնվեր: Տան ամենաբարդ ու ծանր գործերը սկեսուրը Գայանեին էր բաժին հանում. անգամ կարտոֆիլի ծանր պարկերը Գայանեն պիտի բակից նկուղ իջեցներ, հետո արտում խոտ հնձեր.

«Ամիսը մեկ տունը կապիտալնի ուբոռկա էր անել տալիս: Ուզում էր ինձնով վիժեի, որ աբորտի չտաներ: Ամուսնուս  հետ հեռախոսով գիշերնեը խոսում էր, ասըմ էր՝ աղջիկ ա, ընձի լսի: Ամուսինս խոպան ա գնում ամեն սեզոնին: Զանգեց, թե՝ գնա ԷԽՈ արա: Արեցի, բժիշկն ասեց՝ աղջիկ է: Ամուսինս որ իմացավ աղջիկ ա, ասեց՝ հիմա երրորդ աղջկա վախտը չի, կհանես: Ինձ էրկու աղջիկն էլ ծով ա, տղա ա պետք, տղա չես կարում բերես, ուրեմն՝ հանի: Դրանից մի շաբաթ հետո աբորտ արեցի»:

Աղջիկ երեխայից ազատվելուց 5 տարի է անցել, մինչ օրս Գայանեն այլևս չի հղիանում. սրա համար էլ դարձյալ իրեն են մեղադրում: Սկեսուրն ասում է.

«Ոտքս կոտրվեր՝ քեզ հարս չբերեի»: Գայանեն պատմում է՝ թեև ամուսինը չի զղջում, որ կնոջը հարկադրել է պտղից ազատվել, բայց գիտակցում է՝ կնոջ անպտղությունն աբորտի հետևանք է.

«Որ խմում ա՝ լացում ա, ասում ա՝ ընձի տղա չբերիր: Ես էլ ասում եմ՝ բա ստիպեցիր աբորտ անեմ, արգանդս քերին, վնասին, չեմ կարում հղիանամ, ես խի չէի՞ ուզի տղա ունենամ քո համար: Ինքն էլ ասում ա՝ էդ աբորտը երևի տունս քանդեց: Ախր, ես էլ եմ վատ զգում, որ չկարացա տղա բերեմ: Դե հմի ամեն օջախում մի տղա պտի ըլի, էտի օրենք ա»:

Վիճակագրությունը փաստում է՝ երկրորդային անպտղության հիմնական պատճառը աբորտներն են: Անցյալ տարի ուժի մեջ են մտել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որի, յուրաքանչյուր կին հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք ունի մինչև 12 շաբաթական ժամկետը: Այս ժամկետն է ընտրված, քանի որ հենց 12, բայց երբեմն էլ 11 շաբաթական հղիության ժամանակ է պարզվում պտղի սեռը:

«Վորլդ Վիժն Հայաստանի» նախաձեռնությամբ վերջերս իրականացվել է «Ինչպես տղա ունենալ. արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» հետազոտությունը, որի հեղինակը Ռուզաննա Ծատուրյանն է: Այն իրականացվել է Հայաստանի չորս` Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 11 համայնքներում: 

Չնայած Հայաստանում այժմ արգելված է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, այնուամենայնիվ, ընտանիքները, որոնք նախապատվությունը տալիս են տղա երեխային, ինչպես հետազոտության մեջ է նշված՝ դիմում են տարբեր միջոցների, որպեսզի ազատվեն աղջիկ երեխայից: Այդ միջոցներից են նաև ոչ բժշկական միջամտությունները. հետազոտության մասնակիցների շրջանում հայտնի վիժեցնող մեթոդներն են՝ տարբեր թուրմերի պատրաստումը՝ կոնյակով, պղպեղով կամ կոնյակով ու ասպիրինով, 10 հատ կճեպով խաշած ձու ուտելը, ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում վիժումը՝ բարձր տեղից ցատկելը, ծանր իր բարձրացնելը, փորը տրորելը, հեշտոցում տարբեր իրեր, դեղեր կամ մթերք տեղադրելը: 

Աղջիկ երեխաներին «զտելու» արդյունքում երբեմն կանայք կորցնում են կրկին հղիանալու հնարավորությունը, ընդհուպ մինչև արգանդի հեռացում: Այս հետազոտությանը մասնակցած Գյումրիի գինեկոլոգներից մեկն իր պրակտիկայից  պատմել է.

«Պացիենտս պատմում է, թե՝ բժիշկ ջան, 2 հատ պիվա խմեցի, ասպիրին խմեցի, հետո մերըս ըսավ՝ տատդ ձու կդներ ներսը, հետո ձուն կճպեցի, դրեցի, հետո տաք վաննա նստա, քիչըմ արուն էկավ… իսկ հետո այդ կնոջ արգանդը հեռացրեցինք»:

Գյումրիից մեկ ուրիշ գինեկոլոգ հետազոտության շրջանակներում պատմել է. «Հղիներից մեկին անցյալ տարի էխոյի ժամանակ ասել էինք աղջիկ, առաջին երեխան էր: Հաջորդ օրը առավոտ շուտ հղիի մայրը եկել էր բժշկի մոտ, ասում էր՝ մի բարի սուտ ասեք, էրեխուս տունը արունք է ընկել, ամուսինը չի ուզում: Հետո ահագին հետները զրուցեցինք, ծնվեց էդ աղջիկը»:

Մեկ ուրիշ կին էլ, ըստ զեկույցի, ընդհատել է երրորդ անգամ հղիությունը, նա արդեն երկու աղջիկ ուներ և ամուսնու պարտադրանքով ազատվել էր աղջիկ երեխայից, քանի որ ամուսինն ասել էր. «Մեզ պետք չի, կհանես` նոր կգաս մոտս Ռուսաստան»:

Անպտղությունից անգամ տարիներով բուժումը չի կանգնեցնում ընտանիքներին աղջիկ երեխաներից ազատվելուց: Գինեկոլոգը նշված հետազոտության ժամանակ պատմել է, որ Ախալքալաքից մի կին 3 տարի բուժվում էր ու վերջապես հղիացել էր, սակայն երբ պտղի սեռը պարզվել էր՝ աղջիկ, ընդհատեցին:

Ընդ որում, աբորտները շատ դեպքերում մարդասպանություն չի դիտարկվում, որոշ համայնքներում հղիության ընդհատմանը սառնասրտորեն են մոտենում: Ըստ մանկաբարձների` շատերն այսպես են արձագանքում. «Անտարբեր ասում են՝ դե հա, ըդիկ ի՞նչ է որ, ընդամենը 2 ամսըկան էր»:

Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը «Վորլդ Վիժն Հայաստանի» անցկացրած հետազոտության ցուցանիշներին չի հավատում.

«Բլեֆային հետազոտություն է, չեմ հավատում, իրենց բերած տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Գրել են, որ բոլոր կանայք սկեսուրների պնդմամբ են հղիությունն ընդհատում, 10 հատ չմաքրած ձու են տալիս, սա էշությունների շարքից է»: Նրա պնդմամբ՝ «Այդ ավանդական մեթոդներին դիմելն էշություն է և միշտ եղել է, դա օրենքի ընդունումից հետո չէ ի հայտ եկել»:

Ավագյանն ասում է՝ արտահիվանդանոցային պայմաններում հղիության ընդհատման վերաբերյալ նախարարությունը տեղեկատվություն չունի, բարդությունների մասին՝ նույնպես. «Եթե նման երևույթներ կան, ուրեմն մենք պետք է բարդություններով կին ընդունենք: Ես չեմ բացառում, որ կլինեն նման դեպքեր, բայց դա համատարած չէ»:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ ասում է՝ օրենքի փոփոխությունից 1 տարի է անցել, և առայժմ վաղ է գնահատել դրա ազդեցությունը, առավելևս, որ նման հետազոտություն էլ չի արվել, սակայն մի բան ակնհայտ է՝ վերջին 4 տարիներին սեռերի անհամամասնության ցուցանիշը շարունակական նվազում է:

Հայրապետյանը վստահեցնում է՝ եթե 2011-2012 թվականներին 114-115 տղա էր ծնվում 100 աղջկա հաշվով, ապա վերջին տարիներին ամեն տարի 1 հաշվարկային կետով նվազում է՝ 2013 թվականին 114 տղայից նվազել է 113, հաջորդ տարի՝ էլի մեկ կետով, իսկ անցյալ տարի 111,8 էր: Այս տարվա 6 ամսվա կտրվածքով այս ցուցանիշն `110 տղա, 100 աղջիկ: Հայրապետյանը նկատում է, որ սեռերի անհամամասնության ցուցանիշի նվազումը մեծ մասամբ քարոզչության արդյունք է. «Քարոզչություն կանանց դերի և աղջիկ երեխայի արժեքը բարձրացնելու հասարակության մեջ»:

2011-2013 թվականներին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտությունների տվյալներով` սելեկտիվ աբորտների հետևանքով սեռերի անհամամասնության ամենաբարձր ցուցանիշները Արագածոտնի և Գեղարքունիքի մազերում էին` 124 տղա 100 աղջկա դիմաց, և սա աշխարհում աննախադեպ թիվ է:

Անցյալ տարի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հետազոտություն է իրականացրել, և «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցի համաձայն Գեղարքունիքի մարզում սեռերի անհամամասնությունը նվազել է` 124-ից դարձել է 117: Հայրապետյանն ասում է՝ սա, իհարկե, դարձյալ բարձր ցուցանիշ է, բայց ուրախալի է, որ նվազում կա:

Թեև դրական տեղաշարժ կա, բայց բազմաթիվ համայնքներում կարծատիպերը խոր արմատներ են ձգել. կան համայնքներ, որտեղ «հարսը պետք է սկեսրայրի ոտքերը լվանա, դե, որ կրթված մարդ լինի, կնգան ծեծելիս կամաց կխփի» վարքագիծը սովորական է: Բազմաթիվ են ընտանիքները, որտեղ միայն սկեսրոջ կամ ամուսնու որոշումը՝ ունենա՞լ աղջիկ երեխա, թե՞ ոչ, գերիշխող է:

Հայրապետյանն ասում է՝ գյուղեր կան, որտեղ պահպանողականությունն անհավատալի չափերի է հասել, և իրականում ոչ թե սկեսուրն է դրդում հղիությունն ընդհատել, այլ դա արվում է հասարակական կարծիքի ճնշմամբ, որովհետև այդ կինը հասարակական կարծիքի գերին է: «Բա իմ տղեն տղա չունենա՞». այս սարսափի գերին է այդ կինը: «Բա ո՞նց կլնի` տղես մի տղա չունենա, բոլորը կծիծաղան վրան». սրա ազդեցության տակ են»:

Ի վերջո, սելեկտիվ աբորտների հիմնական պատճառը սեռերի անհավասարությունն է, և սրա դեմ պայքարի գլխավոր միջոցներից մեկը մարդկանց մտածելակերպը փոխելն է: Բացի այս, ինչպես Հայրապետյանն է նկատում, սելեկտիվ աբորտների դեմ պայքարի միջոցներից է նաև հասարակությունում կնոջ դերի բարձրացումը, նրա հզորացումը: Հայրապետյանն ասում է՝ պետք է հնարավորություն ստեղծել, որ աղջիկ երեխան մեծանալով որևէ մեկի մոտ կասկած չառաջացնի, որ ինքն էլ կարող է հաջողակ լինել և ծնողներին սատար կանգնել. «Պետք է կնոջը հզորացնել թե՛ գիտելիքների, թե՛ իրավունքի տեսանկյունից և թե՛ հասարակությունում իր դերի առումով: Պետք է ստեղծել պայմաններ, որ կինն էլ ունենա նույն արժեքը, ինչ տղամարդը՝ իր ազատության, իր հնարավորությունների և իր հաջողակ լինելու առումով: Պետք է հասարակությունում կնոջն ու տղամարդուն հավասար հնարավորություններ ընձեռվեն: Կինը պետք է տղամարդուն հավասար իրավունք և հնարավորություն ունենա, որպեսզի լիարժեք իրացվի և կայանա: Սա պետք է արվի կյանքի բոլոր բնագավառներում` թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում և թե՛ այլ ոլորտներում»:

Այնուամենայնիվ, Հայրապետյանը կարծում է, որ կա հասարակական պահանջ աղջիկ երեխայից ազատվելու վերջը դնելու, և մարդիկ աստիճանաբար դուրս են գալիս ամոթի զգացումից:

Նկարազարդումները՝ «ՄեդիաԼաբ»

Նելլի Բաբայան

MediaLab.am