ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը ԼՂ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, մանրամասնելով, որ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի՝ այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն և հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը:

Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ուղղությունները և կարևորել Հայաստանի դերն ու մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։

Նա հավելել է, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում պատրաստ է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում երկխոսության ու հանդուրժողականության խթանմանը միտված քայլերը, միաժամանակ ընդգծելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:

Կառավարության ղեկավարը պարոն Մորատինոսի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու խեղաթյուրման փաստերի, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու և Դադիվանքի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունների վրա: Վարչապետը կարևորել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում ևս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը:

Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է նաև Արցախում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական առաքելության գործունեության անհրաժեշտությունը: