Վարորդական իրավունքը կասեցված, իրավունքից զրկված վարորդները անխոչընդոտ շարունակում են երթևեկել մեր շուրջը. փորձագետ

Արխիվային լուսանկար (Ֆոտոլուր)

Տուգանային միավորների համակարգի ներդրման պահից մինչ այժմ 9 և ավելի տուգանային միավոր ունեցողների թիվը 10342 է, որոնցից 7022 անձի վարորդական իրավունք արդեն իսկ կասեցվել է: Այդ անձինք կատարել են իրավախախտումներ, և նրանց նկատմամբ կայացվել է կասեցման որոշում: Օրերս նման վիճակագրություն էր ներկայացրել ճանապարհային ոստիկանությունը:

Հայաստանյան օրենսդրությամբ վարորդական վկայականը կասեցված լինելու վիճակում տրանսպորտային միջոց վարելը ենթադրում է քրեական պատասխանատվություն: 

«Վարորդի ընկեր» հասարակական իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում փաստում է՝ վարորդական իրավունքը կասեցված վիճակում վարորդները շատ լավ ու բավական հանգիստ շարունակում են մեքենա վարել:

Խնդիրն այն է, որ նման վարորդների հայտնաբերման գործընթացը հեշտ չէ, և ոստիկանության տեսուչները այդպիսի վարորդներին հայտնաբերելու հարցում խնդիրներ ունեն:

Տուգանային միավորների համակարգը, հիշեցնենք, ներդրվել է 2020-ի հունվարի 1-ից և կիրառվում է տեսահսկման սարքավորումներով վերահսկելու դեպքում: Տեսուչների կողմից խախտման մասին արձանագրություն կազմելու դեպքում տուգանային միավորներ չեն կիրառվում: 

«Տեխնիկական լուծումները պետք է ներդրվեին 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, որոնց միջոցով հնարավոր էր վերահսկողություն իրականացնել: Սակայն կորոնավիրուսային համավարակը և դրանով պայմանավորված ճգնաժամը հավանաբար խոչընդոտեցին, ու տեխնիկական լուծումները դեռ չեն ներդրվել»,-«Մեդիալաբին» ասում է Սերգեյ Ղահրամանյանը:

Արդյունքում որոշվեց տուգանային միավորների համակարգի ամբողջ ծավալով ներդրումն իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից՝ նոր ներդրվող պարեկային ծառայության հետ միասին:

Պատճառաբանությունը, ըստ Ղահրամանյանի, այն է, որ նորաստեղծ ծառայությունը կունենա անհրաժեշտ տեխնիկա ու գործիքակազմ վերահսկելու վարորդների շարժը:

«Այո՛, այսօր կան 7000-ից ավելի վարորդներ, ում 9 բալային միավորը սպառվել է, և վարորդական իրավունքը կասեցվել է, բայց նրանց շարժը երթևեկության մեջ տեսահսկելը գրեթե անհնար է, քանի որ փողոցներում տեղադրված տեսահսկման սարքերը ռեալ-թամ չեն հսկում կասեցված իրավունքով վարորդի գործողությունները»,- նշում է «Վարորդի ընկերը»:

Փոխարենը՝ համակարգի ամբողջ ծավալով ներդրման դեպքում նախատեսվում է ճանապարհային ոստիկանության տեսուչների ավտոմեքենաներին ամրացնել տեսախցիկներ, որոնք արձանագրելու են տվյալ մեքենայի ու այն շահագործող վարորդի պատմությունը: 

«Հայտնաբերումն իրականացվելու է առանց մարդկային գործոնի, համակարգի միջոցով: Իսկ պետավտոտեսուչին մնում է գնալ այդ մեքենայի հետևից, հասնել ու արձանագրել կրկնակի խախտումը:

Այդ գործիքակազմը երբ չկա, հիմա կարող է ամենաթողություն լինել այդ առումով, և վարորդական իրավունքը կասեցված, իրավունքից զրկված վարորդները անխոչընդոտ երթևեկում են մեր շուրջը, Հայաստանի փողոցներով»,- ընդգծում է ՀԿ-ի ներկայացուցիչը:

Հայաստանի քրեական օրենսգրքով քրեականացվել է կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը, ինչը ենթադրում է քրեական պատասխանատվություն վարորդի համար: 

«Երբ վարորդի վարորդական իրավունքը կասեցված է, կամ նա զրկված է այդ իրավունքից ու շարունակում է վարել մեքենա ու հանկարծ պատահաբար ոստիկանները նրան հայտնաբերում են, ապա այդ դեպքում կարող է սկսվել քրեական պատասխանատվության գործընթաց:

Բայց դա էլ իր հերթին ձգձգվող գործընթաց է. ասում են՝ օքեյ, դուք բռնել եք ինձ, գործն ուղարկեք դատարան, ու անձն ինքը, միևնույն է, շարունակում է վարել մեքենան: Այս պահին կատարված փոփոխությունները նպատակին չեն ծառայում, և պետք է սպասենք մինչև 2022 թվականի հուլիս»,- նշում է Սերգեյ Ղահրամանյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am