Հարավային Ուելսի Պորտքոլ քաղաքում բնակվող 60-ամյա Քրիստոֆեր Ֆիլիպսը դատապարտվել է երկու տարի չորս ամիս ազատազրկման։ Նա մահացած մոր՝ 89-ամյա Սիլվիա Ֆիլիպսի մարմինը գրեթե երեք տարի պահել է իրենց տան հյուրասենյակում դրված մեծ սառցախցիկում և այդ ընթացքում շարունակել է օգտվել նրա բանկային հաշվից ու ստանալ պետական վճարումները։
The Guardian-ի փոխանցմամբ՝ կինը մահացել է 2023 թվականի մարտին, իսկ որդին դրանից երկու օր անց սառցախցիկ է գնել։ Նա պարբերաբար ծաղիկներ է դրել սառցախցիկի վրա և շարունակել մոր հետ խոսել հեռուստասերիալների ու ձիարշավների մասին՝ կարծես նա դեռ ողջ լիներ։
Ֆիլիպսը մոր հիմնական խնամակալն էր 2008 թվականից, իսկ նրա մահվանից ամիսներ առաջ թողել էր աշխատանքը՝ ամբողջությամբ խնամքով զբաղվելու համար։ Դատարանում նրա պաշտպանն ասել է, որ մայր ու որդի չափազանց մտերիմ էին, միասին ապրել էին շուրջ 50 տարի, իսկ տղամարդը հոգեբանական ծանր վիճակում էր և չէր կարողանում ընդունել կորուստը։
Գործը բացահայտվել է 2026 թվականի փետրվարին, երբ բժիշկները մտահոգություն են հայտնել, որ երկար ժամանակ կնոջից լուր չունեն։ Տուն ժամանած ոստիկաններին Ֆիլիպսը հայտնել է, թե մայրը Լոնդոնում է՝ ազգականների մոտ, սակայն չի կարողացել նրանց հասցեն կամ այլ տվյալներ տրամադրել։ Ոստիկանները մարմինը հայտնաբերել են սառցախցիկի վրա դրված ծաղիկները նկատելուց հետո։ Այն ծածկված է եղել ընձառյուծի նախշով ծածկոցով, կողքին դրված են եղել վարդեր և ծննդյան բացիկ՝ «Մայրիկին՝ Քրիստոֆերից և Թինայից» գրությամբ։ Թինան ընտանիքի շունն էր։
Տղամարդը նաև շարունակել է վերցնել մոր դեղատոմսերը և բուժաշխատողներին պարբերաբար հայտնել, թե նա չի ցանկանում ներկայանալ զննության կամ հետազոտությունների։ Մոր մահը թաքցնելու ընթացքում նա ստացել և տնօրինել է ընդհանուր առմամբ 78 հազար 190 ֆունտ ստեռլինգ՝ պետական թոշակի, նպաստների, ձմեռային ջեռուցման, կյանքի թանկացման և բնակարանային վճարումների ձևով։
Ֆիլիպսը դատարանում ընդունել է մեղքը՝ օրինական հուղարկավորությանը խոչընդոտելու և խարդախության երկու դրվագներով։ Ոստիկանությունը գործը բնութագրել է որպես չափազանց տխուր դեպք, երբ տղամարդը ոչ միայն թաքցրել է մոր մահը, այլև երկար ժամանակ ֆինանսական օգուտ ստացել դրանից։



















