Գաղտնի տեսանկարահանումը բիրտ, տոտալիտար երկրներին բնորոշ գործիք է, ոչ ժողովրդավարականին. Իրավապաշտպան

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, փաստաբան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, համացանցում է հայտնվել Արշակ Սրբազանին թիրախավորող տեսանյութ, ընդհանրապես գաղտնալսումների, գաղտնի տեսանկարահանումների, հետո այդ ամենի հանրայնացման մասով ի՞նչ գնահատական կտաք:

– Իրականում չեմ էլ փորձել դիտել, քննարկել այդ տեսանյութը, որովհետև միտքը, որ հնարավոր է մարդու անձնական, ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքը չպահպանել ու ակնհայտ հիմնարար իրավունքները խախտելով որևէ տեսանյութ տարածել, արդեն իսկ ինձ համար անընդունելի է, ու որպես իրավապաշտպան ես թույլ չեմ տա այդ տեսանյութը նայել։

Այստեղ շատ կարևոր է նաև հասարակության հոգեբանության և վերաբերմունքի փոփոխության տեսանկյունից մանիպուլյացիաներին տրվելու հարցը, որովհետև այն որպես այդպիսին քրեական հանցագործություն չէ, գտնվում է բարոյական վարքագծի կանոնների շրջանակներում, որոնք չգրված օրենքների տիրույթում են, բայց հանրային ու սոցիալական հոգեբանության վրա ազդելու տեսանկյունից գործիք են, որը կիրառել են շատտգեղ ձևով։ Փորձ է արվում նաև մանիպուլացնել հասարակության տրամադրությունները, օգտագործել նաև ի շահ մի շարք նպատակների, որոնք այս պահին նաև քրեական հետապնդման շրջանակներում են գտնվում։

– Անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության հիմնարար իրավունք կա, որը պետք է պաշտպանված լինի, ո՞վ պետք է հետամուտ լինի քաղաքացու այդ ու այլ իրավունքների պաշտպանությանը։

– Անձնական, ընտանեկան կյանքի իրավունքը ոտնահարվեց, գաղտնալսումների հետ կապված, մարդու անձնական տիրույթում գտնվող խոսակցությունների, նամակների գաղտնիությունը ևս հիմնարար իրավունք է ու պետք է պահպանվի, ու ընդամենը որոշակի դեպքերում, երբ կա դատարանի որոշում, տեղի ունենա գաղտնալսում։ Բայց մենք տեսնում ենք, որ բոլոր այն իրավունքները, որոնք պետությունը պետք է պաշտպանի, փաստացի անպաշտպան են։ 

Անկախ նրանից, թե դա ով է արել, պետությունը պարտավոր էր հետաքննել ու պարզել, թե ո՛վ է դրա հեղինակը և այդ ամենով ցույց տալ, որ ինքը նախանձախնդիր է մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում, բայց մենք տեսնում ենք, որ, ընդհակառակը՝ դրանք օգտագործվում են որպես այդ մարդկանց թիրախավորելու գործիք, կապ չունի, թե ովքեր են՝ կրոնական համայնքի ներկայացուցիչներ, կուսակցությունների կամ խմբերի ներկայացուցիչներ։ 

Ես շատ լավ հիշում եմ՝ ժամանակին, երբ Ադրբեջանում տեղի ունեցավ Ալիևների ընտանիքի վերաբերյալ կոռուպցիոն բացահայտում, այդ նույն լրագրողի հանդեպ տեղի ունեցավ անձնական, ընտանեկան կյանքի խախտման բավական աղմկահարույց դեպք, երբ տեսախցիկներ տեղադրվեցին նրա բնակարանում, ու նրա ինտիմ կադրերը ցուցադրվեցին ամբողջ Ադրբեջանում։ Այսինքն՝ սա բավական բիրտ ու տոտալիտար երկրներին բնորոշ գործիք է, ես չեմ ուզում, որ մենք կլանային մտածողությամբ պետություն ունենանք, այլ ուզում եմ, որ ժողովրդավարական, իրավական չափանիշներին համապատասխան երկիր ունենանք։

Դատախազությունը շատ արագորեն, ինչպես որոշ դեպքերում սկսում է ուսումնասիրություններ, այս պարագայում ևս պետք է դիմի քայլերի ու կանխի այնպիսի արարքները, որոնք ուղիղ վնասում են մարդու իրավունքների պաշտպանությանը ու ժողովրդավարությանը Հայաստանում։

– Տիկի՛ն Հովհաննիսյան, բազմաթիվ նման դեպքերում, երբ պատկան մարմինները չեն ձեռնարկում այդ քայլերը, ընդդիմությունն ասում է, որ դրա պատճառն այն է, որ նմանատիպ գործողությունները տեղի են ունենում իշխանության հովանավորչությամբ կամ հրահանգով։ Համակարծի՞ք եք։

– Հովանավորչությունը պետք է ապացուցվի, դա ավելի շատ կարելի է որակել անգործություն։ Այսինքն՝ կարելի է հստակ ձևակերպել, որ մարդու հիմնարար իրավունքների խախտման նկատմամբ կա անգործություն։

– Այդ առումով՝ մտահոգության առիթ ունե՞ն Հայաստանի քաղաքացիները։

– Այո՛, որովհետև ժողովրդավար երկրում մարդու իրավունքները պաշտպանվում են՝ անկախ ամեն ինչից։ Պետությունը նրա համար է, որ պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները՝ միմյանց նկատմամբ անօրինական հարձակումներից։ Եթե պետությունը որևէ կերպ չի պաշտպանում մարդու հիմնարար իրավունքները, ապա ցանկացած անձ կարող է մի օր հայտնվել նման իրավիճակում, որովհետև անկախ մեր կամքից յուրաքանչյուրս էլ հնարավոր է ունենանք հակառակորդներ, որոնք կարող են ազատորեն կիրառել այն գործիքները, որոնք տեսնում ենք տարբեր անձանց պարագայում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am