«Բազմիցս ենք ասել՝ կա անջրպետ մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև». Մարինա Գալստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը

Տիկի՛ն Գալստյան, պետական ու ոչ պետական բուհերում այս տարի 163 մասնագիտությունների գծով ոչ մի դիմորդ հայտ չի ներկայացրել, քիչ չեն նաև մասնագիտությունները, որտեղ ևս դիմումների քանակը զրոյին մոտ է: Ինչի՞ հետևանք կամ արդյունք է այս ցուցանիշը:

– Նման իրավիճակը պայմանավորված չէ մեկ պատճառով, որովհետև տարիներ շարունակ արվող մի շարք հետազոտություններ վկայում են, որ կա անջրպետ մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև, որի մասին ասել ենք բազմիցս: Այսինքն՝ դիմորդների կողմից պահանջված են այլ մասնագիտություններ, բայց աշխատաշուկան այլ կադրերի կարիք ունի, ու կրթական համակարգն այլ մասնագիտություններ է տրամադրում:

Այս եռանկյունին՝ աշխատաշուկա-դիմորդ- կրթական համակարգ, բազմավեկտոր է իր պահանջներով: Եթե նախկինում շատ դիմորդներ դիմում էին ավելի շատ հեղինակություն վայելող մասնագիտությունների գծով, ապա այժմ դիմորդները շատ ավելի հետևողական են աշխատաշուկային ու ըստ այդմ են դիմում այս կամ այն մասնագիտության գծով սովորելու համար:

Նման իրավիճակի հաջորդ գործոնը առկա մասնագիտությունների ու բուհերի բաշխումն է, այսինքն՝ տարիներ շարունակ շատ մարզերի բուհերի մասնագիտությունների գծով նվազման միտում էր նկատվում ու պարզ է, որ զրո էր դառնալու, այսինքն՝ գյուղատնտեսական շատ մասնագիտություններ մարզերում պահանջարկ չեն վայելել տարիներ շարունակ, ու այժմ էլ ունենք զրո դիմում:

Պետք է նաև հաշվի առնել հանգամանքը, որ դիմորդների թիվն էլ է գնալով նվազում:

Մեկ կարևոր հանգամանք էլ կա, որն ազդում է իրավիճակի վրա՝ բուհական կրթության պահանջարկի նվազումը, եթե տարիներ շարունակ, նաև իներցիայով, շատերը դպրոցից հետո դիմում էին բուհ, ապա ավագ դպրոցների պարտադիր դառնալուց հետո շատերը, չուզենալով 12 տարի սովորել, 9-րդ դասարանից հետո դիմում են քոլեջ ու դրանից հետո ուսումը չեն շարունակում բուհում: Այս հանգամանքը ևս ազդեցություն ունեցավ դիմորդների վարքի վրա, ու բուհական ընդունելության քննություններում ունենք նման պատկեր: Հիմնական գործոնները սրանք էին:

– Որպեսզի և՛ պետությունը անհրաժեշտ մասնագետների պակաս չունենա, և՛ աշակերտը դպրոցն ավարտելիս քաջատեղյակ լինի, թե ինչ մասնագիտություն ընտրի, ի՞նչ քայլեր պետք է արվեն պետական մակարդակով ու արդյո՞ք արվում են:

– Մասնագիտական կողմնորոշման համակարգը, իհարկե, շատ կարևոր է, ու դրա հիմքում պետք է լինեն ոչ միայն աշխատաշուկայի պահանջները, որովհետև մարդակենտրոն քաղաքականության մեջ ընդունված է մարդուն հնարավորություն տալ ընտրել այն մասնագիտությունը, որն ավելի հարմար է կոնկրետ անձի կարիքներին, ներուժին և այլն, այլ նաև մարդու իրավունքները հաշվի առնվեն:

Բնական է, որ պետական քաղաքականությունը հիմնված է պետական շահի իրացման վրա: Ե՛վ հասարակական կազմակերպությունների, և՛ պետական մի շարք ծրագրերով մասնագիտական կողմնորոշմանն ուղղված աշխատանքներ իրականացվում են: Դպրոցներում կա հատուկ հաստիք, որը հենց մասնագիտական կողմնորոշմամբ է զբաղվում՝ փոխտնօրենի մակարդակով: Կան տարբեր կազմակերպություններ, որոնք դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբներ են ստեղծել ու փորձում են երեխաներին մինչև 9-րդ դասարանը որոշակի մասնագիտական խորհրդատվություն տալ, թե ինչ ընտրել: Իհարկե, աշակերտի հետ աշխատելու և նրան մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելու դեռ շատ տեղ կա, բայց այսօր աշակերտը, չնայած այդ աջակցությանը, միևնույն է, կրում է բոլոր այն ազդեցությունները, որոնք կան շրջապատում մասնագիտություն ընտրելիս:

Մասնագիտության ընտրության վրա մեծ ազդեցություն ունի նաև բնակության վայրը, որովհետև, ինչպես արդեն ասացի, բուհերի ու մասնագիտությունների բաշխումը մեր երկրում արված է որոշակի տրամաբանությամբ, որը ոչ միշտ է աշակերտին հարմար: Օրինակ՝ եթե դուք որոշել եք դառնալ բժիշկ ու ապրում եք Երևանից դուրս, բայց չեք ուզում ձեր բնակության վայրը փոխեք, չեք կարող, որովհետև համապատասխան կրթությունը միայն Երևանում է տրամադրվում: Սա միայն մեկ մասնագիտության օրինակ եմ ասում, բայց նման օրինակները բազմաթիվ են:

– Տիկի՛ն Գալստյան, իսկ այսօր բուհերը որքանո՞վ են սովորողին տալիս այն գիտելիքները, որոնք կբավարարեն աշխատաշուկայի պահանջները: Նկատի ունեմ, որ ուսանողն ավարտելուց հետո այլևս ստիպված չլինի վերապատրաստում անցնել, որ նոր կարողանա աշխատանքի ընդունվել:

– Ե՛վ աշխատաշուկա ասվածն է շատ լայն, և՛ կրթական համակարգը, որովհետև կան գործատուներ, որոնք կադրերի հավաքագրման տարբեր մարտավարություն են կիրառում: Օրինակ՝ կան գործատուներ, որոնք իրենք են պատրաստում իրենց կադրերին ու այդ դեպքում այնքան էլ մտահոգ չեն, որ կադրերի խնդիր կունենան: Ունենք նաև բուհեր, որոնք ինտենսիվորեն՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից, աշխատում են գործատուների հետ, և նրանց թողարկած կադրերը շատ պահանջված են աշխատաշուկայում:

Բայց համակարգային տեսանկյունից, իհարկե, ունենք անջրպետ, ինչի մասին վկայում են մի շարք հետազոտություններ: Գուցե դա նրանից է, որ աշխատաշուկան ավելի ճկուն է կարողանում ադապտացվել այսօրվա պայմաններին, քան կրթությունը, որտեղից էլ առաջանում է այդ խզումը, ու ստացվում է, որ այսօրվա կրթությունը երեկվա աշխատաշուկայի համար էր:

Խզման երկրորդ պատճառը պահանջներն են. եթե կրթական համակարգում ավելի շատ պահանջվում է կոնկրետ գիտելիքի սերտում ու վերարտադրում, իսկ աշխատաշուկայում պահանջվում են կոնկրետ վարք, հմտություն, գործողություն, հենց այստեղից էլ առաջանում են ամենատարբեր խնդիրները:

Գործատուն, բացի հմտություններից, կարիք ունի նաև անձնային որակների, օրինակ՝ ազնիվ, ճշտապահ, խնդիրներ լուծող, թիմային մտածողություն ունեցող անձ: Սա արդեն երկրորդ խնդիրն է, ու կրթական համակարգը ոչ միշտ է կարողանում ձևավորել անձնային որակներ ուսանողների մեջ, բուհը կարծես թե մտածում է, որ դա իր գործառույթներից դուրս է:

– Կոնկրետ մասնագիտություններով հետաքրքրվողներ չկան, որովհետև դժվա՞ր է այդ մասնագիտությամբ աշխատանք գտնել, թե՞ վարձատրության խնդիր է:

– Երկու հանգամանքն էլ կա: Երիտասարդական մի շարք ուսումնասիրություններ վկայում են, որ շրջանավարտն ընտրում է այն մասնագիտությունը, որին պատկանելն իրեն հեղինակություն կտա, կարգավիճակը բարձր կլինի: Այսինքն՝ ոչ միայն ընտրում են մասնագիտություն, որով գումար կաշխատեն, ինչը ևս կարևորում են, բայց նաև այնպիսի մասնագիտություն, որը որոշակի կարգավիճակով կապահովի իրենց, որովհետև անցումային տարիքում են ու այդ փաստին մեծ ուշադրություն են դարձնում:

Ունենք շատ մասնագիտություններ, որոնք ամենահեղինակավորները չեն Հայաստանում, ոչ թե էմոցիոնալ, զգացմունքային, այլ նաև վարձատրության տեսանկյունից ու պետական տեսանկյունից: Տեսեք՝ ունեինք գյուղատնտեսության նախարարություն, որը փակվեց, ինչը կարող է երիտասարդի համար ազդակ լինել, որ,  ուրեմն, այդ մասնագիտությունն այնքան էլ կարևոր չէ:

Պետության անելիքը ո՞րը պետք է լինի, տիկի՛ն Գալստյան:

– Եթե մարդու իրավունքի տեսանկյունից նայենք՝ այս զրոների մեջ որևէ խնդիր չեմ տեսնում, աշակերտը դիմել է այնտեղ, որտեղ ցանկացել է իրեն տեսնել, խնդիրը կարող է արդյունքում առաջանալ, որ տվյալ անձը վաղը գործազուրկ դառնա, որովհետև ընտրել է այնպիսի մասնագիտություն, որտեղ շուկան լճացած է:

Պետությունը պետք է մեկ բան անի՝ այս աշակերտի կողքին լինի ու նրան շարունակաբար տեղեկացնի, որ միգուցե անհրաժեշտ են հավելյալ հմտություններ ձեռք բերել, որովհետև նրա ընտրած իքս ոլորտը լճացած է, ու նրան տրամադրի հավելյալ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն, որպեսզի շրջանավարտը կարողանա դրսևորվել նոր ոլորտում: Այսինքն՝ կյանքի ընթացքում մենք պետք է վերամասնագիտանանք, որովհետև աշխատաշուկան շատ դինամիկ է ու փոխվում է:

Կրթական համակարգը պետք է այդ դինամիկ, արագ հարմարվելու հնարավորությունները տրամադրի ուսանողին, որպեսզի նա կարողանա նաև հարակից ոլորտներում իրացվել:

Պետական շահի տեսանկյունից, որպեսզի ինքը չունենա մասնագիտություններ, որտեղ լճացում է կամ սով, պետք է փոփոխություններ կատարի կրթական համակարգում, այսինքն՝ մասնագիտությունների արդիականացում ու բուհերի վերաբաշխում անի, որպեսզի մի բուհում չլինի ընդունելության բարձր ցուցանիշ, իսկ որոշ տեղերում՝ զրոներ:

Դրան զուգահեռ՝ իհարկե, մասնագիտական կողմնորոշման այդ ամբողջ մեխանիզմը պետք է աշխատեցնել՝ աշխատել աշակերտի հետ, բացահայտել նրա ներուժը, ներկայացնել աշխատաշուկայի պահանջներն ու դա անել շատ թարմ տեղեկատվությամբ, ոչ թե երեկվա տվյալների հիման վրա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am