«Դրական փոփոխություն չի լինի, մինչև ԱԺ-ն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն» . համախմբում՝ ընդդեմ գրագողության

«Դրական փոփոխություն չի լինի, մինչև ԱԺ-ն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն» . համախմբում՝ ընդդեմ գրագողության
«Դրական փոփոխություն չի լինի, մինչև ԱԺ-ն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն» . համախմբում՝ ընդդեմ գրագողության

Թերթերի խմբագիրների՝ լրատվական դաշտի կարգավորմանն ուղղված մայիսի 23-ի հայտարարությունից հետո «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը որևէ դրական փոփոխություն չի նկատում:

«Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:

Հատկապես վերջին շրջանում որոշ նորաստեղծ կայքերի կողմից հաճախակի դարձած գրագողությունները թերթերի խմբագիրներին ստիպեցին կտրուկ քայլերի դիմել:

Փորձելով դաշտում կարգուկանոն հաստատել՝ վերջերս խմբագիրները հանդես եկան հայտարարությամբ, որով մտահոգություն են հայտնում մամուլի հրապարակումներն առցանց լրատվամիջոցների կողմից առանց հղումների կամ ոչ պատշաճ հղումներով օգտագործելու կապակցությամբ:

Խմբագիրները նշում են, որ պատրաստ են պայմանագրեր կնքելու այն լրատվամիջոցների հետ, որոնք ցանկանում են օգտվել մամուլից՝ մամուլի տեսության կամ այլ եղանակով: Երկկողմանի պայմանագրերը կհիմնվեն հետևյալ երեք սկզբունքի վրա՝ ցանկացած մեջբերում անել հղումով՝ տեքստի մեջ հիշատակելով թերթի անունը, թերթից կատարել ընդամենը մեջբերում (ազատ ընտրությամբ)՝ վերջում հավելելով

«Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում», թերթի նյութերից այլ հոդվածների մեջ արված մեջբերումների ժամանակ մատնանշել ինֆորմացիայի սկզբնաղբյուրը:

Արամ Աբրահամյանն ասում է, որ գրագողությունը համարում է հարյուրավոր կայքերի կայանալու ձգտման արդյունք, և դաշտում հնարավոր կլինի կարգուկանոն հաստատել միայն օրենքով:

«Հայաստանում հիմա ով պարապ է, զբաղմունք չունի, կայք է բացում, և հենց այդ պատճառով էլ լրատվության որակը զրոյից ցածր մակարդակում է: Նման տեմպերով որ գնա, վիճակն իսկապես անհույս կլինի՝ ասուլիսային լրատվություն, ֆեյսբուքային ստատուսների լրատվություն և մրցակցություն՝ տեղեկատվությունն արագ տալու, ոչ թե որակյալ լրատվություն մատուցելու համար»,-«Մեդիալաբին» ասում է լրագրող Հասմիկ Համբարձումյանը, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Հանուն բարեխիղճ լրագրության» անվամբ խումբ է ստեղծել::

Նա նշում է, որ «նորածին» կայքերը վարկանիշներ չափող տարբեր միջոցներով առաջատար դիրքերում են, այնինչ նրանց մատուցած նյութը հեռու է ժուռնալիստիկայից` այս կամ այն աստղի մերկ լուսանկարներ, տեղեկություն, թե ինչպես է տվյալ աստղն անցկացնում արձակուրդը կամ ինչպես է երևում առանց «մեյք ափ»-ի և այլն:

«Ես դրա դեմ ոչինչ չունեմ, բայց դա չպետք է խառնել լրատվության հետ: Եվ հետո՝ հիմա նոր երևույթ էլ կա՝ ֆեյսբուքային լրատվություն: Կան լրագրողներ կամ կայքեր, ովքեր սպասում են, որ այս կամ այն գործիչը ստատուս գրի, որ իրենք արտատպեն: Եվ հեչ պարտադիր չէ, թե գրառումը հայտնի մարդո՞ւնը կլինի, թե՞ ոչ»,- նշում է նա:

«Copy-paste-ով առաջնորդվող կայքերը դժվար թե երկար կյանք ունենան: Ընթերցողն ամեն դեպքում հասկանում է, թե որտեղի՛ց է իրականում այդ նյութը»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշում է, որ խնդիրը հնարավոր է լուծել դատական ատյանների կամ էլ ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի միջոցով:

Մելիքյանը նկատում է, որ արդեն մի քանի տարի է՝ որոշ կայքեր ակտիվ կիրառում են գրագողությունը: Հեղինակային իրավունքի խախտումն այնքան բացահայտ է դարձել, որ, ըստ Մելիքյանի, շատերը դա նորմալ են համարում և որևէ խախտում չեն տեսնում դրա մեջ:

«Վերջին շրջանում որոշ կայքեր տեսել են, որ կարելի է այստեղից-այնտեղից նյութ վերցնելով՝ կայքերը հեշտությամբ լցնել, և շատերն ուղղակի մտածում են, որ դա ժուռնալիստիկա է: Մինչդեռ մենք կարծում ենք, որ այդտեղ ժուռնալիստիկա չկա, դա գրագողություն է, և իրեն հարգող լրագրողը սեփական արտադրանք պետք է տա»,- «Մեդիալաբին» ասում է Մելիքյանը:

Լրագրող Համբարձումյանը կարծում է, որ գրագողությունը Հայաստանի լրագրության ողբերգություններից է: Կապ չունի՝ ասուլիս է, հայտարարություն, հեղինակային նյութ թե վիճակագրական ծառայության չոր թվերից սարքած լուր, միևնույն է՝ գողանում են: Ու գողությունը կամ նույն copy-paste-ով աշխատելը որոշ հայաստանյան լրատվամիջոցների համար դարձել է աշխատաոճ:

«Եվ հենց այդ պատճառով էլ, երբ արդեն համբերությունս սպառվում էր, ես «Ֆեյսբուքում» ստեղծեցի խումբ` «Հանուն բարեխիղճ լրագրության»: Հասկանո՞ւմ եք՝ copy-paste-ի է ենթարկվում անգամ քո սեփական տեղեկությունը, որի մասին միայն դու գիտես: Իմ ստեղծած խմբում, որում ընդգրկված են առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, նաև` փորձագետներ, միասին որոշ արդյունքի հասել ենք: Հույս ունեմ, որ ապագան բարեխիղճ լրագրությանն է լինելու»,- ասում է Համբարձումյանը:

Դաշտը կարգավորելու համար սպասվում է, որ առաջիկայում նոր օրենք կընդունվի: «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, օրինագիծն այդ փուլում Ազգային ժողովում շրջանառության մեջ է՝ քննարկվում է: Օրինագծին կողմ են ԱԺ բոլոր խմբակցությունները, հեղինակների թվում և՛ ընդդիմադիր, և՛ մեծամասնություն կազմող ՀՀԿ պատգամավորներ են: ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արփինե Հովհաննիսյանի և այլոց հեղինակած օրինագիծը լուծում է տալիս պատշաճ հղումների հարցին:

«Օրենքի ընդունման դեպքում մեջբերումները պետք է լինեն համապատասխան ծավալի, որպեսզի երբ կարդում ես այն կայքը, որն ինչ-որ տեղ հրապարակված նյութը վերցրել է, պետք է անպայման բացվի սկզբնաղբյուրը: Չպետք է կարդալ և ամբողջությամբ սպառել նյութը իքս կայքում՝ անհրաժեշտություն չզգալով կարդալու նյութը հենց ստեղծագործողի կայքում: Ե՛վ հիպերհղման գաղափարն է ամրագրում, և՛ այլ դեպքերում, երբ խոսքը տպագիր մամուլի մասին է, որտեղ չի կարող հիպերհղում լինել, պետք է այնպիսի հղում լինի, որ կարդան սկզբնաղբյուրը»,- «Մեդիալաբին» ասում է օրինագծի հեղինակներից գլխավոր զեկուցող, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ դեռևս հայտնի չէ, թե ի՛նչ պատասխանատվության կենթարկվեն օրենքը խախտողները, քանի որ տուգանքի կիրառման հարցն այս փուլում քննարկվում է: Նախատեսվում է, որ օրենքը խախտած լրատվամիջոցը մյուս լրատվամիջոցին պետք է տուգանք վճարի:

ԱԺ պատգամավոր, «Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը հիշում է. «Երբ աշխատում էի «Առավոտում», մենք նման միջադեպերի անընդհատ առնչվում էինք: Մի քանի անգամ «ծիծաղելի» իրավիճակ է ստեղծվել, երբ ինֆորմացիան տարածում էինք aravot.am-ում, հետո տալիս էինք նաև բացատրությունը կամ լրացված ինֆորմացիան, իսկ այն կայքերը, որոնք վերցրած էին լինում նախնական տարբերակը, նույնիսկ ալարում էին նայել, որ մենք արդեն տվել ենք այդ ինֆորմացիան հերքող կամ լրացնող որևէ տեղեկատվություն»:

Պատգամավորն ասում է, որ զարմանում է՝ լրատվամիջոցները բավարար ակտիվ չեն իրենց իրավունքների պաշտպանության հարցում: «Ես կարծում եմ, որ պետք է համախմբվել, նախաձեռնությամբ հանդես գալ և պայքարել բոլոր այն կայքերի դեմ, որոնք զբաղված են գրագողությամբ: Աշխատած լինելով որպես «վազող» լրագրող՝ ես շատ լավ հասկանում եմ, թե որքան դժվար է ինֆորմացիա հայթայթելը, և ուղղակի ազնիվ չեմ համարում այդ գրագողերի պահվածքը: Լուծումը կարող է լինել նաև դատական ճանապարհով, քանի որ դա օրենքի խախտում է, հանցագործություն»,- «Մեդիալաբին» ասում է Եսայանը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում լրատվական դաշտում հաճախակի դարձած գրագողությունների պատճառը կայքերի թվի ավելացումն է:

«Այսօր այնքան է հեշտացել կայք գրանցելը և աշխատեցնելը, որ քնից ելնողը, եթե ուրիշ աշխատանք չի գտնում, հանկարծ որոշում է կայք բացել: Ես կարծում եմ, այստեղ պետք է աշխատանք տարվի, բայց մյուս կողմից՝ եթե ես հիմա առաջարկեմ սահմանափակում, կմտածեն, թե փորձում եմ սահմանափակում մտցնել: Մենք այսօր ունենք բազմաթիվ պրոֆեսիոնալ կայքերի ու թերթերի խմբագիրներ, որոնք, համոզված եմ, կկանգնեն իրենց շահերի պաշտպանության համար և արդյունքի կհասնեն»,- ասում է Եսայանը:

© Medialab.am