Մայրը

Մայրը
Մայրը

Արարատցի 18-ամյա կնոջ արարքը ցնցեց բոլորին՝ մայրը մի քանի օրական երկու որդուն թողել էր Գյումրիի խնամքի կենտրոնի մուտքի մոտ: Իր քաղաքից հեռու է հրաժարվել երեխաներից, որպեսզի չխայտառակվի: Նկատո՞ւմ եք՝ ինչպես է հասարակությունը մայր «ծնում»:

Եթե Արարատում լքեր երեխաներին, գուցե ճանապարհներ փակվեին՝ նման մորը քաղաքից դուրս վռնդելու պահանջով: Հասարակությունը, իհարկե, չհասցրեց այս կնոջ բմբուլները քամուն տալ, մայրը շատ արագ հայտնաբերվեց, և պարզվեց, որ ծննդաբերելու և լքելու արանքում ողբերգություն կա:

Այս կինը բացարձակապես չի կարող խնամել իր երեխաներին: Ինքը նույնիսկ իրեն խնամել չի կարող: Բայց նա 9 ամիս կրել է նրանց: Կարող էր, ներողամիտ եղեք, սպանել նրանց հենց որովայնում, նման առաջարկ եղել է: Օրորոցից լքված բոլոր երեխաների մայրերը մայր են, նրանց դատապարտել չի կարելի: Սակայն լքում են տարբեր պատճառներով:

Ես լքելու մեթոդի հետ կռիվ ունեմ: Խորհրդային տարիներին Գավառի մանկատանը մի երեխա կար, որին կոյուղուց էին հանել, մայրն այդպես էր լքել: Խնամքի կենտրոնը, իհարկե, կոյուղի չէ: Մյուս կողմից՝ այս կինը ոչ մի երաշխիք չի ունեցել, որ եթե երեխաներին տանի մանկատուն ու ասի՝ լքում եմ, կընդունեն:

Մարդավարի լքելու ձևերը չի իմացել կամ չի հավատացել, որ իր արարքին ըմբռնումով կվերաբերվեն: Երկար-բարակ բացատրելու հավես էլ չի ունեցել, ոչ մեկի աչքերի մեջ նայելու վճռականություն չի եղել: Այլ խոսքով, արդարացումների ոչ մի տարբերակ: Ահա ինչու այդ քայլին գնացել է առանց բացատրությունների:

Նույնիսկ չի ենթադրել, որ իր արարքը ոտքի կհանի Հայաստանը, և ինքը կդառնա «հեղինակություն»: Ամբողջ աշխարհում մայրը «ծնվում» է երեխային պատահող առաջին վտանգի պահին, այսինքն՝ «ծնվում» է ավելի ուշ, քան իր երեխան: 18-ամյա այս գրեթե երեխան որոշել է անմիջապես իր մեջ սպանել մորը: Թեպետ լքելու մեթոդում արդեն իսկ մի քիչ մտահոգություն կա՝ աղբանոց չի նետել, չի խեղդել երեխաներին, այդ աղջիկը որոշել է, որ երեխաները պետք է ապրեն:

Հավանաբար հիշում եք արարատցի այն կնոջը, որը 7 տարի առաջ խեղդել էր երկու երեխային: Պարզվեց՝ ինքն էլ, ամուսինն էլ մանկատան երեխա են եղել: Հիմա այդ կինը հոգեբուժարանում է: Նման դեպք արձանագրվել էր նաև երկու տարի առաջ Վանաձորում՝ մայրը խեղդել էր 5 և 7 տարեկան երկու երեխային ու կախվել: Քրեական գործը հարուցվեց «դեպրեսիվ սինդրոմ արտահայտված ընկճվածությամբ» հոդվածով:

Մայրը կոլեկտիվ զգացում չէ, յուրաքանչյուրը յուրովի է մայր: Բոլորին ինչ-որ կետում միավորում է պետության վերաբերմունքը, ինչքանո՞վ է պետությունը պատրաստ մայր ունենալուն: Ամենամեծ ողբերգությունը պետության սոցիալական էության մեջ է: Այս 18-ամյա գրեթե երեխան արդեն գիտի, որ պետությունն իրեն մայր մնալու համար առաջարկներ չունի:

Ինքը պետք է գտնի աշխատանք: Իսկ եթե չգտնի, չնչին նպաստ պիտի ստանա:

Այս աղջիկը հո տեսե՞լ է, թե ինչպե՛ս են իրեն մեծացրել, տեսել է, թե ինչպե՛ս են մեծանում ուրիշները, նա գավառական քաղաքի բնակիչ է, նաև գիտի, թե քաղաքում ինքն ի՛նչ համբավ է ունենալու արտամուսնական կապով երեխաներ ունենալու համար: Նա ապրել է դատավորների միջավայրում, աջ ու ձախ դատավորներ են եղել, որոնց հարցերի պատասխանները չունի: Ինքը վստահ չէ, որ դրանք բնական հարցեր են, կամ որ այդ մարդիկ ունեն հարցեր տալու իրավունք: Բայց, միևնույն է, պատասխաններ չունի:

Բացառված չէ, որ այդ երեխաները սիրո արդյունք են, ահա ինչու այդ աղջիկը ունեցել է նրանց ապրեցնելու ներքին կարգավորումներ: Ես էլ եմ սիրո արդյունք, բայց մեծացել եմ մանկատանը: Գրեթե ծննդյան պահից: Մի ներքին պատերազմ կա, որը ոչ մի մայր չի կարողանում մղել հասարակության ու պետության դեմ: Ահա ինչու մանկատները կան: Փորձենք հասկանալ այս կնոջը: Հենց թեկուզ այն պատճառով, որ երեխաները կան: Մայր լինելու հերթը մերն է:

Մհեր Արշակյան

MediaLab.am