Հաշվի առնելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի իմիջին չնպաստող գործողությունները՝ պետք էր ադեկվատ ընկալել կառույցի հնարավորությունները. Մարկարով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը

– Պարո՛ն Մարկարով, ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում են և մտադիր էլ չեն հեռանալ, երեկ էլ հայկական կողմն ունեցավ առաջին զոհը, իսկ ՀԱՊԿ-ի կողմից, որին Հայաստանը պաշտոնապես դիմել էր, գործնական քայլեր չեն արձանագրվում: ՀԱՊԿ-ի գործելաոճը համարժե՞ք է ստեղծված իրավիճակին, տեղի՞ն են Հայաստանի իշխանության հույսերը, որ ՀԱՊԿ-ի միջոցով հարցը կկարգավորվի:

– Ադրբեջանի տպավորությամբ՝ Հայաստանի՝ որպես պետության անվտանգային գործառույթը հետպատերազմյան և հետհայտարարության իրավիճակում նախորդ շրջանի համեմատ փոփոխության է ենթարկվել: 

Այսինքն՝ եթե պետությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, այդ թվում նաև՝ արտաքին գործառույթ, որում կարևորվում է պաշտպանական և անվտանգային գործառույթը, ապա այս տեսանկյունից արձագանքը, որը սովորաբար ակնկալվում է տվյալ պետությունից այս ոլորտներում, ավելի թույլ է դրսևորվում վերջին ժամանակահատվածում՝ համեմատած նախկինի հետ: 

Հակառակորդի ակնկալիքների հետ կապված մի քանի վարկածներ կան, բայց սկզբունքորեն կարելի է ենթադրել, որ նրանք այս ձևով փորձում են համապատասխան ճնշում գործադրել՝ Հայաստանի համապատասխան օղակներից ստանալու այն, ինչ ցանկանում են:

Պետք է ուշադրություն դարձնել նաև Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերին, որոնք պետք է բխեին ստեղծված իրավիճակից: Դրանք ամբողջությամբ համարժեք կլինեն այն ժամանակ, երբ թշնամու անցանկալի ներկայությունը մեր սահմաններում կբացառվի: 

Դրա շրջանակներում առկա է եղել նաև դիմումը ՀԱՊԿ-ին, բայց, ուշադրություն դարձրեք՝ ո՛ր կետով է եղել դիմումը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պետք է նշել, որ խորհրդատվական քննարկումներ կարելի է անվերջ անցկացնել: 

Ձեր ուշադրությունը կցանկանայի հրավիրել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի այն մտքի վրա, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին անհրաժեշտ է արձագանքել: 

Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի առանձնահատկությունը՝ անհրաժեշտ էր ադեկվատ ընկալել այս կազմակերպության հնարավորությունը, նաև այն պայմաններում, երբ այս կամ այն կազմակերպության իմիջին Հայաստանը որոշ չափով չի նպաստել իր գործողություններով՝ Խաչատուրովի հետ կապված, խոսքն իհարկե անձերի մասին չէ, այլ՝ ինստիտուցիոնալ համագործակցության: 

Բոլոր դեպքերում պետք է առանձնահատկությունները հաշվի առնել և այս տեսանկյունից իրականացվող գործողությունները, որի շրջանակներում կարող ենք համապատասխան կառույցից ստանալ մաքսիմալ հնարավոր օժանդակությունը, այլ ոչ թե օպտիմիստ լինել՝ կապված ակնկալիքների հետ: 

Մյուս կողմից՝ պարզ է, որ կառույցը ռազմաքաղաքական է և ունի պարտավորություններ, որոնց ոչ ամբողջական իրականացումը, իհարկե, հարցեր է առաջացնում կազմակերպության արդյունավետության վերաբերյալ, ինչին ձգտում են նաև այն մարդիկ, որոնց դիրքորոշումը և՛ կազմակերպության, և՛ հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ հիմնականում եղել է առնվազն ոչ բարենպաստ: 

Համապատասխանաբար, խնդիրը հետևյալն է՝ օգտագործել ադեկվատ դիմումի ձևերը, օգտագործել ռացիոնալ աշխատաոճ և ակնկալել ռեալիստական արձագանք, այլ ոչ թե փոխհարաբերությունների մեջ օպտիմիստ լինել: Միջազգային հարաբերությունը ռեալ քաղաքականությունն է, ոչ թե իդեալիստական հարաբերությունների բնագավառ:

– Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Այդ դեպքում, պարո՛ն Մարկարով, ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանական զորքը դեռ Հայաստանի տարածքում է:

– Եթե Ռուսաստանը կողմ է կամ դեմ, չպետք է ակնկալել, որ Ռուսաստանը րոպե առաջ պատերազմ է հայտարարելու կամ վերջնագիր է ներկայացնելու Ադրբեջանին: 

Դիրքորոշումը, որը հայտնել է, ըստ էության ազդանշան է, որը կարևոր է տարածաշրջանի տեսանկյունից, բայց Ռուսաստանն իր ներկայությունը տարածաշրջանում ապահովում է 102-րդ ռազմաբազայով և Արցախում խաղաղապահներով, ու լրացուցիչ գործողություններ ակնկալել (հատկապես ռազմական գործողությունների սկիզբ)՝ իրատեսական չէ, քանի որ պարզ է՝ յուրաքանչյուր երկիր նախևառաջ ինքը պետք է զբաղվի սեփական սահմանների անվտանգության ապահովմամբ: 

Քանի որ հիմա ընթանում է, այսպես կոչված, բանակցություն՝ հայկական տարածքը մաքրելու ադրբեջանական զորքից, Ադրբեջանը աստիճանաբար դիտարկվում է որպես ագրեսոր պետություն, բայց իրական քաղաքականության շրջանակներում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Ադրբեջանի նկատմամբ չի կիրառում ո՛չ պատժամիջոցներ, ո՛չ ինչ-որ համագործակցություններ են դադարում Ադրբեջանի հետ: 

Առայժմ հայտարարություններով փորձում է բարոյական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու սեփական դիրքորոշումն է արտահայտում խնդրի բովանդակության և հնարավոր լուծման վերաբերյալ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am