Մարտի 1. 11-րդ զոհը

Մարտի 1. 11-րդ զոհը
Մարտի 1. 11-րդ զոհը

Այսօր մարտի 1-ն է: Բնության օրերից մեկը, որը մենք կնքել ենք իբրև գարնան առաջին օր:

Բայց այս օրը չէ, որ բողբոջում է ծառը, այլ՝ այս օրով:

Այս օրը չէ, որ արևը պակասեցնում է իր թեքությունը հորիզոնում, այլ՝ այս օրով:

Գեղեցիկ մի օր, որը նույնիսկ բանտում տարիներով ապրող բանտարկյալի հույսի շղթայի մի օղակն է:

10 տարի առաջ այս օրը անիծված թզենու նման ծանրացավ մեզ վրա՝ սպանվեց 10 հոգի: Օր, որից հետո 10 ընտանիքում տարվա եղանակները ոչ միայն հերթագայություն չունեն, այլև պարզապես չկան:

Սա այն օրն է, որը դադարում է լինել օր, քանզի շարունակություն չունի,

այն օրը, երբ հայրը դադարում է լինել հայր, որովհետև որդին չկա,

ոստիկանը դադարում է լինել ոստիկան, որովհետև սովորական մարդասպան է,

մտավորականը դադարում է լինել մտավորական, որովհետև ինքը ամբողջի զգացումը չէ, որում «ամբողջից հանած 10-ը» բացարձակ զրոն է, այլ սոսկ՝ ամբողջի ծաղրածուն, որին վարձել են որպես գումարելիներից ու հանելիներից հեռու մի խրախճանքի աչքից հեռու բնապատկեր,

իշխանությունը դադարում է լինել իշխանություն, որովհետև իրեն պատկերացնում է ոչ միայն իբրև հավերժության առանցք, այլև՝ շարժիչ, և որ դրա համար կարելի է մարդ սպանել:

Իսկ ժողովուրդը դադարում է լինել ժողովուրդ, քանզի այդ օրից ինքը կա և լինելու է 11-րդ զոհը:

Սա այն օրն է, երբ ազնիվի մեջ կտրվեց ազնվության մերանը, որովհետև ճանաչեց ապրելու ուրիշ ջիղ՝ լինել հենց այն մեկը, որին չեն սպանի: Այս օրը նա կայացրեց վճիռ լինել բախտավոր, ոչ թե բախտի անիվ, որի պտույտը լսելի էր ապրիլյան պատերազմի օրերին զինվոր ունեցող մայրերի աղոթքներում:

Սա այն օրն է, երբ վախկոտը ցնծաց 10-ից մեկը չլինելու համար, քանզի նրա պատկերացրած անմահությունը հենց այդ օրն է:

Սա այն օրն է, երբ մարդը դարձավ իր գոյության ստատուս քվոն՝ ախպեր, շառից-փորձանքից հեռու:

Սա այն օրն է, երբ մարդու ծանրության կենտրոնը դարձավ իր կրծքին կախված մեդալը: Մտավորականը վերագտավ մեկ ուղղությամբ հնչող ծափահարությունները, որոնք բառացիորեն կարելի էր կշռել խանութի կշեռքի վրա, չիմանալով, որ իրեն մատուցում են սառույց:

Այսօր մարտի 1-ն է: Այս տարի գարնան և աշնան արանքում ծառերը գրեթե չապրեցին: Սակայն նրանց բողբոջները տեսանելի են: Գարունը նրանց գլխին չի ընկնում որպես շնորհ, քանզի շնորհ կա ամեն ինչի մեջ: Ծառը չունի շնորհի զգացում, որովհետև այն ի վերուստ է: Մարդն այդ զգացումն ունի հենց այն պատճառով, որ այդ շնորհն ամեն օր պետք է խնամվի: Ինքը շնորհի իմաստն է:

Նրան տրված է ազատ կամքը որպես շնորհ: Մարտի 1-ը կրակոց էր այդ շնորհի վրա: Այսինքն` բովանդակության: Այսինքն` Ամբողջի: Այսինքն` Սիրո: 11-րդ զոհը բավարար ազատություն ունի միայն ինքնասպանության համար, որտեղ զենքերի ընտրությունն առանց ընտրակաշառքի է:

Մհեր Արշակյան

MediaLab.am