Սահմանային անցակետերի հզորացմանն ուղղված քայլեր՝ ԱՀԿ աջակցությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ փետրվարի 18-20-ին գնահատվել են «Զվարթնոց» օդանավակայանի եւ դրա տարածքում գործող պետական մի շարք կառույցների կարողությունները։

Գործընթացի շրջանակում գնահատվել է նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հզորությունը։ Նպատակն է՝ ստանալ վերջնական պատկեր, թե որքանով են այս կառույցները պատրաստ արձագանքելու առօրյա հարցերին եւ արտակարգ իրավիճակներում։

Միջազգային առողջապահական կանոնների (ՄԱԿ) շրջանակներում երկրի հիմնական կարողությունների շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում սահմանային անցակետերի աշխատանքը՝ ուղղված հանրային առողջության տեսանկյունից կարեւոր իրադարձությունների պատշաճ կանխարգելմանը, հայտնաբերմանը եւ արձագանքմանը։

2016թ․եւս իրականացվել է միջազգային առողջապահական կանոնների հիմնական կարողությունների արտաքին համատեղ գնահատում, ինչի արդյունքում մասնագիտական խումբն առաջարկել է հզորացնել մի շարք կարողություններ, որոնց թվում նաև՝ սահմանային անցակետերը։

ԱՀԿ մասնակից պետություններին աջակցելու նպատակով սահմանային անցակետերում առօրյա և արտակարգ իրավիճակների դեպքում կարողությունները գնահատելու, զարգացնելու, ամրապնդելու և պահպանելու համար ԱՀԿ-ն մշակել է օդանավակայանների, նավահանգիստների և ցամաքային անցակետերի գնահատման գործիք։

2019-ի հուլիսին ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ գնահատման գործիքի արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստում են անցել ՀՀ-ից 2 մասնագետ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը եւ ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ և ՄԱԿ ազգային համակարգող Լիլիթ Ավետիսյանը։

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքի իր էջում:

Սահմանային անցակետերի հզորացմանն ուղղված քայլեր՝ ԱՀԿ աջակցությամբԱռողջապահության համաշխարհային կազմակերպության…

Gepostet von ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am am Sonntag, 23. Februar 2020